Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների (կոմպետենցիաների) անհրաժեշտ մակարդակից:».
2) 3-րդ մասի «10-րդ մասի առաջին պարբերությամբ» բառերը փոխարինել «6-րդ մասի 5-րդ կետով» բառերով, իսկ «մասով» բառը փոխարինել «մասի 4-րդ կետով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «մասնագիտական պահանջները» բառից հետո լրացնել «եւ հմտությունները (կոմպետենցիաները)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ստորեւ նշված անձինք՝ հետեւյալ առաջնահերթությամբ՝
1) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն.
2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կամ համապատասխան որակավորմամբ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.
3) ոստիկանության միջին խմբի այլ պաշտոնից փոխադրվող (այդ թվում՝ առաջխաղացման կարգով) ոստիկանության ծառայողները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն.
4) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության եւ պետական պահպանության մարմինների համակարգերի զինծառայողները, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները, դատախազները, քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոն (այդ թվում՝ ինքնավար պաշտոն) զբաղեցնող ծառայողները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, ինչպես նաեւ վերջին հինգ տարիների ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) ոստիկանության նախկին ծառայողները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն.
6) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոնից փոխադրվող ոստիկանության ծառայողները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն.
7) տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող եւ առաջին անգամ ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները:
Սույն մասի 1-ին եւ 3-7-րդ կետերով նախատեսված դեպքերում անձն անցնում է պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով նշանակվում է պաշտոնի:».
2) ուժը կորցրած ճանաչել 6.1-6.3-րդ մասերը, ինչպես նաեւ՝ 10-րդ մասի առաջին պարբերությունը:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.2րդ հոդվածով՝
«Հոդված 14.2. Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը
1. Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է, որն իրականացնում է ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը:
2. Ոստիկանության ծառայողի կատարողականը գնահատվում է յուրաքանչյուր տարի (ընդհանուր գնահատական), որը կազմված է ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից (կատարողականի ընթացիկ գնահատականների միջին թվաբանականը), ծառայողների ֆիզիկական եւ կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգարքի արդյունքներից:
3. Կատարողականի ընդհանուր գնահատականը հիմք է ոստիկանության ծառայողի վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու համար: Կատարողականի ընդհանուր գնահատականի՝
1) դրական արդյունքները հիմք են ոստիկանության ծառայողի՝
ա. խրախուսման համար.
բ. առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար.
2) բացասական արդյունքների դեպքում ոստիկանության ծառայողի առաջխաղացումը սահմանափակվում է:
4. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ եւ 15-րդ մասերով սահմանված եզրակացությունները կայացնելիս հաշվի է առնվում ատեստավորմանը նախորդած 3 տարիների կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը:
5. Կատարողականի ընդհանուր կամ ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողը կարող է այն բողոքարկել Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվող հանձնաժողովին:
6. Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման կարգը, այդ թվում՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատման ցուցիչները, կատարողականի գնահատականի դրական եւ բացասական արդյունքների շեմերը, կատարողականի գնահատականի դրական եւ բացասական արդյունքների հետեւանքների կիրառման, վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու կանոնները, կատարողականի ընդհանուր կամ ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում այն բողոքարկելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը՝ հաշվի առնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «պետի տեղակալների, ոստիկանության» բառերը փոխարինել «բարձրագույն (բացառությամբ ոստիկանության պետի),» բառերով:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության բարձրագույն (բացառությամբ ոստիկանության պետի), գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում ենթակա են պարտադիր վերապատրաստման տարին մեկ անգամ՝ յուրաքանչյուր ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազմվում (փոփոխվում) է ոստիկանության ծառայողի տարեկան կատարողականի գնահատման վրա հիմնված՝ վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա: Վերապատրաստում կարող է անցնել նաեւ ոստիկանության պետը:»:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ոստիկանության այն ծառայողների ատեստավորման դեպքում, որոնք չեն բավարարում սույն օրենքի 5-րդ հոդվածով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացվող 14.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանին, մինչեւ նշված պայմանի բավարարումը հիմք է ընդունվում ատեստավորմանը նախորդած ժամանակահատվածի կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը, բայց ոչ պակաս, քան առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականը: Առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականի բացակայության դեպքում, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ եւ 15-րդ մասերով սահմանված եզրակացությունները կայացնելիս, կատարողականի միջին թվաբանականը հաշվի չի առնվում:
3, Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին անգամ ատեստավորում չանցած ոստիկանության ծառայողների առաջին անգամ ատեստավորումը, ինչպես նաեւ՝ առաջին անգամ ատեստավորում անցած ոստիկանության ծառայողների միայն հաջորդ ատեստավորումն անց է կացվում Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն:
4. Սույն օրենքով նախատեսված՝ բարձրագույն կրթություն ունենալու պահանջները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 55.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրթական ծրագրով ընդունելություն հայտարարելը ստացել են «Ոստիկանության գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթություն կամ անցել են դրան համարժեք վերապատրաստում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացի արդյունքներով ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավումից հետո էապես կարեւորվում է ոստիկանության ծառայողների գործունեության որակի եւ արդյունավետության պարբերական մշտադիտարկումը եւ դրա հիման վրա գնահատման ուրույն համակարգի ներդրումը:
ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության մեջ էապես կարեւորվում է մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը: Կառավարությունն այդ ուղղությամբ, որպես կարեւոր գործիք, առանձնացրել է ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտը՝ նախանշելով ոստիկանության ծառայողի ատեստավորման եւ կատարողականի գնահատման ինստիտուտների միջեւ կապը:
Մասնավորապես, այս տեսանկյունից սկզբունքային է կատարողականի գնահատման արդար, թափանցիկ եւ անկողմնակալ գործընթացի ներդրումը, ինչպես նաեւ՝ կատարողականի հստակ, օբյեկտիվ ցուցիչների սահմանումը: Կատարողականի գնահատման՝ ոստիկանական ծառայության առաքելությանը եւ նպատակներին համահունչ ցուցիչները պետք է հետեւողականորեն կիրառվեն բոլոր ծառայողների համար, իսկ առաջխաղացման եւ պարգեւատրումների վերաբերյալ որոշումները պետք է հիմնված լինեն արժանիքների օբյեկտիվ գնահատման վրա:
Գործող օրենսդրական կարգավորումների տրամաբանությունն այնպիսին է, որ նշված նպատակին ծառայող գործիքը ներկայումս ոստիկանության ծառայողների ատեստավորումն է, որն իրականացվում է երեք տարին մեկ անգամ: Հատկանշական է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոստիկանության ծառայողների պարտադիր վերապատրաստումներն իրականացվում են ամեն տարի՝ նախկինում սահմանված 5 տարվա փոխարեն: Այս ամենի համադրության արդյունքում ակնհայտ է դառնում ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության գնահատման նոր՝ ատեստավորման եւ կատարողականի փոխկապակցվածության վրա հիմնված մոտեցման ներդրման անհրաժեշտությունը:
Բացի այդ, հարկ է նկատել, որ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում ատեստավորման համակարգի ներդրումն ապահովող իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտել 2023 թվականի մայիսի 1-ից: Հաշվի առնելով ոստիկանության եւ փրկարար ծառայողների մեծ թիվն ու ատեստավորման նոր համակարգի կենսագործման համար անհրաժեշտ կազմակերպչական եւ այլ աշխատանքների մեծ ծավալը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել առաջին անգամ ատեստավորում չանցած ոստիկանության եւ փրկարար ծառայողների առաջին անգամ ատեստավորման, ինչպես նաեւ՝ առաջին անգամ ատեստավորում անցած ոստիկանության եւ փրկարար ծառայողների միայն հաջորդ ատեստավորման վերջնաժամկետը: Ընդ որում, նման մոտեցումը պայմանավորված է օբյեկտիվ անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ ձեւավորման, ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների, ոստիկանության հենասյունային 3 ուղղությունների (քրեական ոստիկանություն, համայնքային ոստիկանություն, ոստիկանության գվարդիա) ձեւավորման, պարեկային ծառայության համալրման կապակցությամբ, ատեստավորման համակարգի ներդրումից ի վեր, իրականացվել են եւ շարունակում են իրականացվել (այդ թվում՝ ի կատարումն օրենքից բխող պահանջների, օրինակ՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության գվարդիայի ծառայողի պաշտոնում նշանակվում են սույն օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն անցնելուց հետո, իսկ ոստիկանության ծառայողները սույն օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն անցնում են ոստիկանության գվարդիայի ծառայողի պաշտոնում նշանակվելուց հետո) մեծ ծավալի դասընթացներ հետեւյալ հիմնական ուղղություններով՝
1) ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության հաշվառման-քննական բաժինների քաղաքացիական ծառայողների եւ քաղաքացիական աշխատանք կատարողների վերապատրաստման դասընթացներ,
2) ՀՀ ՆԳՆ քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումներ,
3) ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայում պաշտոնի նշանակվելու համար հատուկ պատրաստության դասընթացներ (վերապատրաստում),
4) ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում, համայնքային ոստիկանությունում, պարեկային ծառայությունում պաշտոնների նշանակվելու համար վերապատրաստման դասընթացներ (դիմած քաղաքացիների համար՝ ուսուցման դասընթացներ՝ 6 ամիս տեւողությամբ),
5) ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման իրավակարգավորումների ու գործնական հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ (վերապատրաստմանը մասնակցել են գրեթե բոլոր ծառայողները) եւ այլն:
Բացի այդ, ինչպես արդեն նշվել է, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոստիկանության ծառայողների պարտադիր վերապատրաստումներն արդեն իրականացվում են ամեն տարի՝ նախկինում սահմանված 5 տարվա փոխարեն: Արդյունքում, հաշվի առնելով ատեստավորման գործընթացում եւ կրթական գործընթացում ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատության՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի (այսուհետ՝ Կրթահամալիր) ներգրավվածությունը, առաջացել է առաջին անգամ ատեստավորում չանցած ոստիկանության եւ փրկարար ծառայողների առաջին անգամ ատեստավորման, ինչպես նաեւ՝ առաջին անգամ ատեստավորում անցած ոստիկանության եւ փրկարար ծառայողների միայն հաջորդ ատեստավորման վերջնաժամկետը երկարաձգելու օբյեկտիվ անհրաժեշտություն:
Նշվածից զատ, անհրաժեշտ է նշել, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակման պայմանները՝ միաժամանակ ամրագրելով, թե անձինք ինչ առաջնահերթությամբ կարող են նշանակվել ոստիկանության միջին խմբի պաշտոններում: Գործող կարգավորումների համաձայն՝ նշված պայմանները չեն վերաբերում պարեկի, ավագ պարեկի, քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի, համայնքային ոստիկանի, ավագ համայնքային ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկանի պաշտոններին, քանի որ այդ պաշտոններում նշանակման համար գործում են այլ, հատուկ պայմաններ, որոնք սահմանված են նույն հոդվածի 6.1-ին, 6.2-րդ եւ 6.3-րդ մասերով: Ընդ որում, 6.2-րդ եւ 6.3-րդ մասերը ներկայումս այլեւս չեն կարող կիրառվել, քանի որ, ըստ դրանք նախատեսող օրենքների անցումային դրույթների, այդպիսիք վերաբերում էին միայն համապատասխանաբար համայնքային ոստիկանությունում եւ քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար Կրթահամալիրում արհեստագործական կրթական ծրագրի առաջին հոսքի շրջանավարտներին:
Ընդ որում, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակվելու առաջնահերթությունները սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ գործող օրենսդրական կարգավորումները, մասնավորապես, նույն հոդվածի 9.2-րդ մասը, որը սահմանում է, որ ոստիկանությունում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով դիտարկվում է ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողների թեկնածությունը:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել միատեսակ օրենսդրական կարգավորումներ նախատեսել ոստիկանության միջին խմբի բոլոր պաշտոններում նշանակվելու պայմանների վերաբերյալ՝ ըստ հերթականության սահմանելով առաջնահերթությունները:
Միաժամանակ, հարկ է նկատել, որ ներկայիս կարգավորումներով Փրկարար ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց: Ընդ որում, այդ ծառայողը ատեստավորմանը պարտավոր է մասնակցել վեցամսյա ժամկետը լրանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Անհրաժեշտ է նշել, որ նույնաբովանդակ կարգավորում նախատեսված է եղել Ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված անձանց մասով, սակայն նախընթաց բարեփոխումների շրջանակներում իրականացված օրենսդրական վերանայման արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ից ոստիկանության ծառայողների համար այլեւս գործում է երկամսյա ժամկետը: Նման մոտեցումն արդարացված է նրանով, որ Փրկարար ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը հնարավորություն կունենա՝ ավելի շուտ օգտվելու ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու եւ, հետեւաբար, նաեւ լրացուցիչ սոցիալական երաշխիքից: Ուստի, նաեւ համակարգային միասնականության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, հարկ է համարժեքորեն վերանայել նաեւ Փրկարար ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողների համար սահմանված ժամկետը:
Վերոգրյալից զատ, հարկ է նշել, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը: Հիշյալ փաթեթի եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման արդյունքում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը միավորվել են, եւ ՀՀ ՆԳՆ ենթակայությամբ սկսել է գործել մեկ միասնական ուսումնական հաստատություն՝ Կրթահամալիրը: Կրթահամալիրի կառավարման մարմինները ձեւավորվել են քաղաքացիական բուհերին բնութագրական սխեմայով եւ իրավակարգավորումների հիման վրա՝ պահպանելով կանոնադրական որոշ առանձնահատկություններ: Զուգահեռ, հաշվի առնելով Կրթահամալիրի գերատեսչական նպատակներից բխող՝ շարային կարգապահության հարցերը, Կրթահամալիրի ուսումնական ստորաբաժանումների վարչական անձնակազմերն ունեն համապատասխանաբար ոստիկանական եւ փրկարար ծառայության պաշտոններ, իսկ ամբիոնների ղեկավարները եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները չեն հանդիսանում ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող:
Հարկ է նշել նաեւ, որ հիշյալ փաթեթի հիման վրա ընդունված ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանվել է, որ Կրթահամալիրի կառավարման գործադիր մարմինը ռեկտորն է: Վերջինս ընտրվում է կառավարման խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկվել են ինչպես ՀՀ ՆԳՆ, այնպես էլ՝ ուսումնական հաստատության ներկայացուցիչներ: Կրթահամալիրի ռեկտորի ընտրության նման ընթացակարգը համահունչ է բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում գործադիրի կողմից ընդունելի քաղաքականությանը: Բացի այդ, ռեկտորը եւ Կրթահամալիրի ընդհանուր վարչակազմը չեն հանդիսանում ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող, ինչն ապահովում է կառավարման անկախությունն ու արդյունավետությունը: Հարկ է նշել նաեւ, որ Կրթահամալիրի սահմանափակ թվով աշխատակիցներ են հանդիսանում ոստիկանության կամ փրկարար ծառայողներ:
Վերը նկարագրված վերանայումներից հետո, սակայն, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ հարակից օրենքների փաթեթը: Հիշյալ փաթեթում ներառված են նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները: Վկայակոչված օրենքների 1-ին հոդվածների համաձայն՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» օրենքներում «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինվում են «Սպայական (ռազմաուսումնական) բուհ» բառերով: Հիշյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հարկ է նկատել, որ նշված փոփոխությունների տրամաբանությունը, ըստ էության, չի համապատասխանում 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների փաթեթի կարգավորումներին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել վերը հիշատակված օրենքների 1-ին հոդվածների գործողությունը՝ մինչեւ դրանց ուժի մեջ մտնելը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտը, որը պետք է իրականացվի ամեն տարի, ՀՀ ՆԳ նախարարի հրամանով սահմանված օբյեկտիվ եւ չափելի ցուցիչների հիման վրա: Դա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ժամանակին արձագանքել առկա խնդիրներին՝ միեւնույն ժամանակ խթանելով ոստիկանության ծառայողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների շարունակական եւ պարբերական լավարկումը՝ հիմնված կատարողականի գնահատման արդյունքներով վեր հանված թիրախային կարիքների վրա: Միեւնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ, ինչը ծառայողին մշտապես կպահի մրցունակ վիճակում:
Միաժամանակ, նախատեսվում է՝
1) ատեստավորման եւ կատարողականի գնահատման փոխկապակցվածության մեկնարկը սահուն կերպով իրագործելու նպատակով ամրագրել անցումային դրույթներ ոստիկանության այն ծառայողների համար, որոնք սույն նախագծերի ուժի մեջ մտնելուց հետո ատեստավորվելու պարագայում չեն ունենա ատեստավորմանը նախորդող 3 տարիների կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանական: Այս դեպքում, մինչեւ նշված պայմանի բավարարումը, այդ ծառայողների ատեստավորման համար հիմք կընդունվի ատեստավորմանը նախորդած ժամանակահատվածի կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը, բայց ոչ պակաս, քան առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականը: Առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականի բացակայության դեպքում, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ եւ 15-րդ մասերով սահմանված եզրակացությունները կայացնելիս, կատարողականի միջին թվաբանականը հաշվի չի առնվի,
2) առաջին անգամ ատեստավորվող ոստիկանության եւ փրկարար ծառայողների, ինչպես նաեւ՝ արդեն իսկ ատեստավորված ծառայողների միայն հաջորդ ատեստավորման ժամկետը հետաձգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ լիազորել ՀՀ ՆԳ նախարարին՝ հաստատելու այդ կատեգորիայի անձանց ատեստավորման անցկացման ժամանակացույց,
3) սահմանել, որ Փրկարար ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց երկու ամիս անց՝ ներկայիս վեց ամսվա փոխարեն,
4) համակարգված կերպով նախատեսել անձանց յոթ տարբեր կատեգորիաներ, որոնք սահմանված առաջնահերթությամբ կարող են նշանակվել ոստիկանության միջին խմբի պաշտոններում: Ընդ որում, նշված յոթ կատեգորիաներից վեցի դեպքում նշանակումը կիրականացվի միայն վերապատրաստման արդյունքում, իսկ առանց վերապատրաստման ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել միայն Կրթահամալիրում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կամ համապատասխան որակավորմամբ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները:
Միեւնույն ժամանակ, անցումային լուծումներով շեշտվում է, որ բարձրագույն կրթություն ունենալու պահանջները չեն տարածվի այն անձանց վրա, ովքեր մինչեւ գործող օրենքի 55.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրթական ծրագրով ընդունելություն հայտարարելը Կրթահամալիրում ստացել են «Ոստիկանության գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթություն կամ անցել են դրան համարժեք վերապատրաստում: Մասնավորապես, ըստ գործող կարգավորումների, 2020 թվականից սկսած, «Ոստիկանության գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթություն ստացած անձինք կարող են նշանակվել ոստիկանության միջին խմբի պաշտոններում նույնիսկ առանց բարձրագույն կրթության,
5) օրենքով թույլատրելի եղանակով, այն է՝ չեղյալ ճանաչելու միջոցով, դադարեցնել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքի, ինչպես նաեւ՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքի 1-ին հոդվածների գործողությունը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.
Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 44-րդ կետի 2-րդ ենթակետից, 52-րդ կետից, ինչպես նաեւ՝ նույն որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 2-րդ ուղղության 3.1-ին կետից:
5. Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա՝ ընդունելու Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման կարգը սահմանող՝ ՀՀ ՆԳ նախարարի հրաման:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի ոստիկանության ծառայողների գործունեության արդյունավետության եւ որակի գնահատման առավել օբյեկտիվ եւ գործուն համակարգ, որը մի կողմից ենթադրում է ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության, որակի նկատմամբ անընդհատ մոնիթորինգ՝ արդյունքում ապահովելով կատարողականի գնահատականի վրա հիմնված որոշումների կայացումը, իսկ մյուս կողմից թույլ կտա առավել կարճաժամկետ կտրվածքով վեր հանել ոստիկանության ծառայողների կրթական կարիքներն ու դրանց հիման վրա լրամշակված վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով ապահովել ոստիկանության ծառայողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների թիրախային շարունակական զարգացումն ու կատարելագործումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում