Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1286-17.03.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տարածական տվյալների մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-21-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 8-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) լրացնել նոր 9-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«9) ապահովում են կոորդինատային կապակացում (կոորդինատային համակարգում տեղորոշում) ունեցող գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող վարչական եւ այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերի՝ Կառավարության սահմանած ստանդարտացման ուղեցույցների հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը, թարմացումը, ինչպես նաեւ նշված տարածական տվյալների մետատվյալների՝ ազգային ստանդարտի հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը եւ թարմացումը՝ վարչական ակտերն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված եւ գործող սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ակտերի վրա:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված, մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված եւ գործող ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտը, ինչպես նաեւ մետատվյալները դրանք ընդունելու իրավասություն ունեցող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ստեղծվում եւ ինտեգրվում են ազգային գեոպորտալին՝ Կադաստրի կոմիտեի մասնագիտական խորհրդատվական աջակցությամբ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունում է սույն օրենքն ուժի մետ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի մշակումը պայմանավորված է տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական եւ այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտեր ստեղծելու եւ ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ: Առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի արդյունավետության եւ թափանցիկության բարձրացման համար: Ներկայումս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների, լիցենզիաների եւ այլ ակտերի տվյալները պահվում են տարբեր գերատեսչական բազաներում, չունեն միասնական ձեւաչափ եւ հաճախ չեն պարունակում տարածական բաղադրիչ: Սա խոչընդոտում է միջգերատեսչական համագործակցությանը, դժվարացնում է ռեսուրսների կառավարումը եւ հանգեցնում կրկնվող կամ հակասական որոշումների կայացմանը: Առաջարկվող լրացումը ստեղծում է իրավական հիմք բոլոր պետական լիցենզիաների, թույլտվությունների եւ այլ ակտերի տարածական տվյալների միասնական, ստանդարտացված շերտերի ստեղծման համար: Սա կնպաստի որոշումների կայացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, քաղաքաշինական, բնապահպանական եւ այլ ծրագրերի պլանավորման որակի բարելավմանը:

2. Կարգավորման առարկան եւ բնույթը.

Նախագծով ներկայացված կարգավորումների համատեքստում՝ տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց համար հստակորեն սահմանվում է իմպերատիվ պահանջ առ այն, որ վերջիններս ապահովում են իրենց կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական եւ այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ստանդարտացման ուղեցույցներին համապատասխան ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը, թարմացումը, ինչպես նաեւ նշված տարածական տվյալների մետատվյալների՝ ազգային ստանդարտի հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը եւ թարմացումը՝ տվյալ վարչական ակտերն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկ է ընդգծել, որ տվյալների ստեղծման եւ բազայում թարմացման համար նախատեսված ժամկետը պայմանավորված է տվյալների բազայում ներկայացվող տեղեկատվության արդիականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Երեք աշխատանքային օրվա ժամկետը հնարավորություն կընձեռի պահպանել տվյալների թարմության պահանջը՝ միաժամանակ ապահովելով իրատեսական ժամանակահատված աշխատանքների իրականացման համար:

Բացի այդ՝ ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է անցումային դրույթ, համաձայն որի՝ «մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված եւ գործող ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերը, ինչպես նաեւ մետատվյալները դրանք ընդունելու իրավասություն ունեցող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ստեղծվում եւ ինտեգրվում են ազգային գեոպորտալին՝ Կադաստրի կոմիտեի մասնագիտական խորհրդատվական աջակցությամբ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում»: Նման դրույթի, այն է՝ օրենքի նախագծի կարգավորումները նաեւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը կայացված եւ գործող ակտերի վրա տարածելը, հետապնդում է արդեն իսկ առկա եւ գործող ակտերի արդյունավետ կառավարման եւ վերահսկման նպատակ:

3. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Ներկայացված օրենսդրական կարգավորումը նպատակ ունի ապահովել տարածական տվյալների համակարգված եւ ստանդարտացված կառավարումը՝ տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից տրամադրվող համապատասխան վարչական եւ այլ ակտերն ազգային գեոպորտալին ինտեգրելու միջոցով: Նախագծի ընդունումը թույլ կտա համապատասխան մարմիններին ստեղծել, վարել թեմատիկ տարածական շերտերը եւ դրանց մետատվյալները եւ դրանք ինտեգրել ազգային գեոպորտալում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղեցույցների եւ ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան՝ բարձրացնելով տվյալների հասանելիությունը, փոխանակելիությունը եւ արդիականությունը: Նախագծով առաջարկվող կարգավորումը կնպաստի նաեւ տարածական տվյալների կառավարման համակարգված եւ միատեսակ մոտեցման ձեւավորմանը, դրանց մատչելիության ապահովմանը, ինչպես նաեւ ազգային գեոպորտալի արդյունավետության ընդլայնմանը:

Նախագծի ընդունմամբ, ի թիվս այլնի, կապահովվի տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց  կողմից տրամադրվող համապատասխան վարչական եւ այլ ակտերի տրամադրման աշխատանքների արդյունավետությունը, դրանց իրագործելիությունը եւ մշտադիտարկումը:

Միեւնույն ժամանակ, Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է անցումային դրույթ, առ այն, որ մինչեւ վերջինիս ուժի մեջ մտնելը կայացված եւ գործող ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերը, ինչպես նաեւ մետատվյալները դրանք ընդունելու իրավասություն ունեցող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ստեղծվում եւ ինտեգրվում են ազգային գեոպորտալին նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Նման նորմի սահմանումը հիմնված է տվյալների ամբողջականության եւ հավաստիության ապահովման պահանջի վրա, քանի որ միայն այդ պայմաններում է հնարավոր երաշխավորել, որ պետական մարմինները կիրառում են ճշգրիտ ու օրինական տվյալներ, ինչն էլ ապահովում է արդյունավետ ու վստահելի վարչարարություն:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի 2.1-ին ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն