Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.4-րդ հոդվածով.
«Հոդված 5.4. Քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները
1. Արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորների), որոնք՝
1) օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված՝ Կառավարության սահմանած աջակցության որեւէ ծրագրից, եւ աջակցության տրամադրման իրավական ակտով սահմանված է խաղերին մասնակցության սահմանափակում.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում եւ ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու, ինչպես նաեւ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք են.
3) գտնվում են սնանկության վարույթում կամ ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված (չներված) պարտավորություններ.
4) հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում.
5) օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որեւէ ծրագրից.
6) հանդիսանում են «Պետական նպաստների մասին» օրենքով նախատեսված որեւէ տեսակի նպաստի նպաստառու.
7) ունեն սպառողական վարկ եւ վարկի ընդհանուր ծավալը գերանզանցում է տարեկան եկամուտների 40%-ը.
8) օրենքով նախատեսված կենսաթոշակային տարիքը լրացած քաղաքացիների մասնակցությունը խաղերին, եթե տվյալ անձանց եկամտի միակ աղբյուրը նշանակված կենսաթոշակն է.
9) ներկայացրել են սույն օրենքի 5.5.-րդ հոդվածի 1-ին մասով դիմում:
2. Քաղաքացիների կողմից տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորների) մասնակցության թույլատրելի չափ է համարվում յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված տարեկան եկամտի 20%-ը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն:
4. Լիազոր մարմինը ապահովում է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված տեղեկատվության հիման վրա նույնականացման արդյունքով քաղաքացու մասնակցությունը տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորների) արգելված լինելու հանգամանքի պարզման հնարավորության ստեղծումը:
5. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը Կառավարության սահմանած կարգով վեբկայքի միջոցով տրամադրվում է լիազոր մարմնինին, բացառությամբ այն անձանց վերաբերող տեղեկատվության, որն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Սույն հոդվածով նախատեսված սահմանափակման կիրառման նպատակով այն անձանց նույնականացումը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, իրականացվում է խաղացողների կողմից խաղային հաշիվների համալրումը սույն օրենքով սահմանված կարգով անկանխիկ եղանակով իրականացնելու ժամանակ՝ Լիազոր մարմնի եւ Կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված կարգով:
6. Խաղացողի կողմից տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորների) մասնակցության համար օգտագործվող համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի պարբերաբար փոփոխությունը կարող է համարվել ռիսկային եւ հիմք հանդիսանալ խաղացողի նկատմամբ սույն մասով նախատեսված սահմանափակումները կիրառելու համար: Սույն մասով նախատեսված ռիսկային համարվելու չափանիշները եւ սահմանափակումների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.5-րդ հոդվածով.
«Հոդված 5.5. Քաղաքացու կողմից իր մասնակցության սահմանափակման կարգը
1. Լիազոր մարմնին ներկայացվող դիմումով քաղաքացին կարող է պահանջել արգելելու իր մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորներին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորներին): Լիազոր մարմինը ապահովում է նշված տեղեկատվության հասանելիությունը կազմակերպչին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորներին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորներին) արգելվում է քաղաքացու դիմումի հիման վրա՝ դիմումի ներկայացման հաջորդ օրվանից 5 տարի ժամկետով: Ընդ որում յուրաքանչյուր ժամկետի ավարտից հետո այն կրկին երկարացվում է նույն ժամկետով, եթե ժամկետի վերջին հինգ օրը անձը դիմում չի ներկայացնում արգելքը վերացնելու մասին:
3. Կազմակերպչի ինտերնետային կայքով քաղաքացու կողմից ինքնաարգելափակման միջոցը (self-exclusion) կիրառելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը համարվում է ներկայացված:
4. Կազմակերպիչը իր ինտերնետային կայքում պարտավոր է ապահովել հստակ տեսանելի ինքնաարգելափակման (self-exclusion) միջոցի առկայությունը: Ինքնաարգելափակման (self-exclusion) միջոցը կիրառվելվելուց հետո կազմակերպիչը պարտավոր է դիմումը անմիջապես փոխանցել լիազոր մարմնին:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: