Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1278-05.03.2026-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝

1) «ա» ենթակետում «արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)» բառերը.

2) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված եւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի եւ շինությունների (այդ թվում՝ հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների) համար՝

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ երեսուն հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ 100 հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ 200 հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 3001 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ մեկ միլիոն դրամի եւ 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

- ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝ 1 հա (10000 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 հազար դրամի, իսկ այլ մակերեսի դեպքում՝ 1 հա-ի (10000 քառակուսի մետրի) հաշվով՝ 400 հազար դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկած գումարի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը:

Սույն կետի համաձայն՝ շենքերի եւ շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետեւյալ գործակիցները.

Գոտի Գոտիականության գործակից
1-4 5.0
5-8 4.0
9-12 3.0
13-16 2.0
17-20 1.0

»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ տարածվում է դրանից հետո տեղական ինքնակառավարման մարմին ներկայացվող՝ շինարարության թույլտվություն ստանալու դիմումների հիման վրա տրամադրվող շինարարության թույլտվությունների նկատմամբ: