Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1278-05.03.2026-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝

1) «ա» ենթակետում «արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)» բառերը.

2) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված եւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի եւ շինությունների (այդ թվում՝ հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների) համար՝

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ երեսուն հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ 100 հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ 200 հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 3001 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ մեկ միլիոն դրամի եւ 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

- ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝ 1 հա (10000 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 հազար դրամի, իսկ այլ մակերեսի դեպքում՝ 1 հա-ի (10000 քառակուսի մետրի)  հաշվով՝ 400 հազար դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկած գումարի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը:

Սույն կետի համաձայն՝ շենքերի եւ շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետեւյալ գործակիցները.
 
Գոտի
Գոտիականության գործակից
1-4
5.0
5-8
4.0
9-12
3.0
13-16
2.0
17-20
1.0
»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ տարածվում է դրանից հետո տեղական ինքնակառավարման մարմին ներկայացվող՝ շինարարության թույլտվություն ստանալու դիմումների հիման վրա տրամադրվող շինարարության թույլտվությունների նկատմամբ:

Հիմնավորում

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Ագրարային քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքների իրագործման անհրաժեշտությամբ պայմանավորված մշակվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի նպատակն է աջակցել ջերմոցների (ջերմատների) զարգացման ուղղությամբ ներդրումների իրականացմանը եւ գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցմանը: Վերջինս իր հերթին կնպաստի ոռոգելի տարածքների ավելացմանը եւ ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրմանը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս ջերմատների հիմնումը եւ ջրավազանների կառուցումը գործող օրենքով դիտարկվում է որպես ընդհանուր շենքեր շինությունների կառուցում եւ իրենից ենթադրում է հաստատուն սահմանված դրույքաչափերից բացի կիրառել նաեւ գոտիականության գործակիցը, որը տնտեսավարողների համար առաջացնում է մեծ ֆինանսական պարտավորություններ, ինչը խոչընդոտում է  գյուղատնտեսության ոլորտում ջերմատների հիմնմանը եւ առաջադիմական տեխնոլոգիաներով ոռոգելի տարածքների ավելացմանը:

Մասնավորապես, մեծ մակերեսով Ջերմատնային տնտեսությունները օրինակ՝ 1,5 հա մակերեսով ջերմատնային տնտեսություն կառուցելու համար շինարարության թույլտվության համար տեղական տուրքը նախկին 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի փոխարեն ներկայում կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի եւ կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը: Թեեւ, Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը ընձեռում է համայնքներին իրավունք գյուղական բնակավայրերում պետական տուրքի սահմանված դրույքաչափերը հաշվարկել 0.3, 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, սակայն գործնականում համայքները գրեթե չեն օգտվում այդ իրավունքից: Անգամ վերոնշյալ գործակիցները կիրառելու դեպքում, գանձվող տեղական տուրքը մի քանի անգամ գերազանցում է նախկին 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը:

Ստեղծված իրավիճակը խոչընդոտներ է ստեղծում ՀՀ կառավարության 19.12.2019 թվականի N 1886-Լ որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ ամրագրված սկզբունքների եւ ՀՀ կառավարության 18.08.2021 թվականի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով հաստատված նպատակների իրագործման ճանապարհին:

Մասնավորապես Կառավարությունը ջերմատնային տնտեսությունների զարգացման եւ ջրավազանների կառուցման համար իրականացնում է մի շարք ծրագրեր, աջակցություն է ցուցաբերում ներդրողներին, սակայն օրենքի վերանշյալ դրույթները խոչընդոտներ են ստեղծում ներդրումների իրականացման համար: Մասնավորապես վարկային եւ լիզինգային ծրագրերի դեպքում Կառավարությունը 10 տոկոսային կետով սուբսիդավորում է տրամադրվող վարկերի/լիզինգի տոկոսադրույքը՝ ոլորտում ներդրումները խթանելու համար:

Նույն խնդիրն առկա է ջրավազանների կառուցման հարցում, Կառավարությունը փոխհատուցում է ջրավազանների կառուցման ծախսի մինչեւ 60 տոկոսը՝ ծախսերի փոխհատուցման բաղադրիչի շրջանակում, իսկ վարկային ծրագրերով՝ սուբսիդավորում է վարկային տոկոսադրույքը, որոնք միտված են առաջադիմական տեխնոլոգաիներով ոռոգելի տարածքների ավելացմանը, սակայն տուրքերի բարձր սահմանաչափերը խոչընդոտում են ոլորտում ներդրումների իրականացմանը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է ջերմոցների (ջերմատների) եւ գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման դեպքում նվազեցնել դրույքաչափերը:

Մասնավորապես առաջարկվում է հետեւյալ մոտեցումը.

-ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝ իսկ 1հա (10000 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 հազար դրամի, այլ ընդհանուր մակերեսի հաշվով՝ 1 հա-ի (10000 քառակուսի մետրի)  հաշվով 400 հազար դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկած գումարի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է իջեցնել ջերմատնային տնտեսության եւ ջրավազանների կառուցման շինարարության (տեղադրման) թույլտվության համար գանձվող տեղական տուրքի դրույքաչափը՝ նպաստելով նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատնային տնտեսությունների եւ կառուցվող ջրավազանների թվի աճին:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նպատակ է դրվել շարունակել վարկային, լիզինգային եւ փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը: Միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը» եւ «Խթանել թվային գյուղատնտեսությունը եւ տեխնոլոգիական նորարարությունը» առաջնահերթություններում կարեւորվում է արժեշղթաների առեւտրայնացման, արդիականացման եւ մեքենայացման ներդրումների իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Նախագծի ընդունումը ելնում է վերոնշյալ նպատակների եւ առաջնահերթությունների տրամաբանությունից եւ կնպաստի վերջիններիս իրագործմանը:  
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն