Հոդված 1. 1998 թվականի մայիսի 05-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 209-րդ հոդվածի 1-ին մասում «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-12-րդ մասերով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9-12-րդ մասերով.
«9. Եթե առկա է քննվող դատական գործ, որը հարուցվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայցով, եւ որը վերաբերում է կառուցված եւ ավարտված բազմաբնակարան շենքով ծանրաբեռնված հողամասի կամ դրա մասի նկատմամբ սեփականության իրավունքի՝ որեւէ ժամանակահատվածում ձեռքբերման որեւէ հիմքով մասնակի կամ ամբողջությամբ վիճարկելուն, ապա ձեռք բերողին կարող է փոխանցվել այդ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը, որի հիմքով օրենքի ուժով ծագում է նաեւ հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ ձեռք բերողի օգտագործման իրավունքը: Սույն մասով սահմանված կարգով ձեռք բերողին բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի փոխանցումը չի սահմանափակում դրա հետագա տնօրինման իրավունքը:
10. Կառավարության որոշմամբ (համայնքային շահերի պաշտպանության նպատակով հարուցված հայցով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը վիճարկվելու դեպքում՝ համապատասխան համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա) մինչեւ դատական գործի ավարտը կարող է սահմանվել հողամասի սխեմա (կոորդինատներ), որի շրջանակներում ներառված հողամասի սահմաններում սեփականատիրոջ, կառուցապատողի, գրավառուի եւ գույքային իրավունքներ ունեցող այլ անձանց իրավունքները ամբողջ ծավալով անխոչընդոտ ենթակա են իրացման, այդ թվում` քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու կամ վերահամաձայնեցում կատարելու (հողամասի սխեմա (կոորդինատներ) սահմանելուց բխող վերահամաձայնեցումները կատարվում են առանց լրացուցիչ վճար կամ տուրք վճարելու), ինչպես նաեւ շենքի բնակարանի եւ ոչ բնակելի տարածքների ձեռք բերողներին շենքի պահպանման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու իրավունքները): Եթե մինչեւ Կառավարության կողմից սխեմայի (կոորդինատների) սահմանումը բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքով օրենքի ուժով ծագել է նաեւ հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ ձեռք բերողի օգտագործման իրավունքը, ապա Կառավարության կողմից սխեմա (կոորդինատներ) սահմանելուց հետո դրա շրջանակներում ներառված հողամասի սահմաններում շենքի սպասարկման եւ պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաեւ` շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը օրենքի ուժով փոխանցվում է համապատասխան ձեռք բերողին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
11. Սույն հոդվածով սահմանված համապատասխան դատական գործի ավարտի դեպքում, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չի փոփոխվում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի սուբյեկտը, ապա համապատասխան բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջն օրենքի ուժով փոխանցվում է հողամասի (համապատասխան սխեմայի (կոորդինատների) առկայության դեպքում՝ սխեմայի (կոորդինատների) սահմաններում չընդգրկված հողամասի) համապատասխան բաժնային մասի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաեւ անփոփոխ կերպով պահպանվում են հողամասի նկատմամբ այլ գույքային իրավունքների սուբյեկտների, այդ թվում` սեփականատիրոջ, կառուցապատողի, գրավառուի բոլոր իրավունքները:
12. Այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվում է հողամասի կամ դրա մասի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականության իրավունքը կամ որեւէ ժամանակահատվածում ձեռքբերման որեւէ հիմքով անվավեր է ճանաչվում հողամասի կամ դրա մասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը, ապա Կառավարության որոշմամբ սահմանված սխեմայի (կոորդինատների) սահմաններում շենքի սպասարկման եւ պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաեւ` շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը օրենքի ուժով փոխանցվում է տվյալ շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով: Կառավարության որոշմամբ սահմանված սխեմայի (կոորդինատների) շրջանակներում ներառված հողամասի նկատմամբ օրենքի ուժով շարունակում են պահպանվել մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը գրանցված` հողամասի սեփականատիրոջ, կառուցապատողի, գրավառուի եւ այլ անձանց սեփականության եւ այլ գույքային իրավունքները:»:
Հոդված 3. Օրենսգրքի 224.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ մասով.
«9. Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դատական գործի առկայությունը խոչընդոտ չէ կառուցվող բազմաբնակարան շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր, ինչպես նաեւ կառուցված եւ ավարտված բազմաբնակարան շենքից անշարժ գույք սեփականության իրավունքով փոխանցելու ակտ կնքելու կամ այլ եղանակով անշարժ գույք օտարելու համար: Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դատական գործի առկայության պայմաններում կառուցվող բազմաբնակարան շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրում, ինչպես նաեւ կառուցված եւ ավարտված բազմաբնակարան շենքից անշարժ գույք սեփականության իրավունքով փոխանցելու ակտում կամ այլ եղանակով անշարժ գույք օտարելու պայմանագրում կատարվում է նշում այն մասին, որ ձեռքբերողը տեղեկացված է դատական գործի առկայության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ համապատասխանաբար պայմանագրի կամ փոխանցման ակտի առարկան են հանդիսանում բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը եւ ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասը՝
1) առանց հողամասի, եթե դատական գործը վերաբերում է ամբողջ հողամասին եւ առկա չէ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված հողամասի սխեմա (կոորդինատներ),
2) սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված հողամասի սխեմայի (կոորդինատների) առկայության դեպքում՝ սխեմայում (կոորդինատներում) նշված հողամասով, իսկ այլ չվիճարկվող հողամասի պարագայում նաեւ այդ հողամասով:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում