Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 59-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասում «ժամանակին չվճարված գումարի 0.04» բառերը փոխարինել «սահմանված ժամկետում չվճարված գումարի 0.075» բառերով, եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ֆիզիկական անձանց կողմից միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի եւ հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ՝ սահմանված ժամկետում չվճարված գումարի 0.075 տոկոսի չափով:».
2. 5-րդ եւ 6-րդ մասերում «204-րդ հոդվածով» բառերը փոխարինել «199.1-րդ հոդվածով» բառերով, «2-րդ մասով սահմանված ժամկետը» բառերը փոխարինել «3-րդ մասով սահմանված ժամկետը» բառերով.
3. 6-րդ մասում «204-րդ հոդվածի 12-րդ մասով» բառերը փոխարինել «199.1-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 192-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 202-րդ, 203-րդ, 204-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 198-րդ եւ 199-րդ հոդվածները շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 198. Մաքսային ստուգումը
1. Մաքսային ստուգումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Մաքսային հսկողության շրջանակներում մաքսային մարմինը մաքսային ստուգումն իրականացնելիս կիրառում է Միության մաքսային օրենսգրքի 331-ից 333-րդ հոդվածներով նախատեսված մաքսային ստուգման հետեւյալ տեսակները.
1) կամերալ մաքսային ստուգում.
2) արտագնա մաքսային ստուգում, որն էլ բաժանվում է հետեւյալ տեսակների՝
ա. պլանային արտագնա մաքսային ստուգում.
բ. արտապլանային արտագնա մաքսային ստուգում.
գ. արտապլանային արտագնա մաքսային հանդիպական ստուգում:
3. Արտագնա պլանային մաքսային ստուգման ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:
4. Կամերալ եւ արտագնա պլանային մաքսային ստուգումներն իրականացվում են ստուգումը սկսելու մասին ծանուցելով:
5. Կոմիտեն սահմանում է կամերալ եւ արտագնա պլանային մաքսային ստուգումները սկսելու մասին ծանուցման ձեւերը, ինչպես նաեւ արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշման (կարգադրագրի) ձեւը, որ պարունակում է Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված տեղեկությունները: Սույն մասով նախատեսված ձեւերը պետք է պարունակեն նաեւ տեղեկատվություն՝ ստուգվող անձանց եւ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ:
6. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմնի ղեկավարի, նրա լիազորած տեղակալի կամ նրանց փոխարինող անձանց կողմից, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա, մինչեւ արտագնա մաքսային ստուգման անցկացման ավարտը, արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ) մաքսային մարմնի որոշմամբ (հրամանով), որը վավերացվում է մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած՝ տեղակալի կամ նրանց փոխարինող անձանց կողմից:
7. Անհրաժեշտության դեպքում, մաքսային մարմնի որոշման հիման վրա Կառավարության կողմից սահմանված կարգով մաքսային ստուգմանը կարող են ներգրավվել փորձագետներ կամ մասնագետներ այլ պետական մարմիններից:
8. Մաքսային ստուգումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 5-րդ կետում նշված անձանց նկատմամբ՝ նույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված հանգամանքների ստուգման նպատակով: Նույն անձանց նկատմամբ նույն հաշվետու ժամանակաշրջանի ստուգում կարող է իրականացվել, եթե օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այդ թվում վարույթների շրջանակներում կամ դրանց արդյունքում ծագել է անհրաժեշտություն ստուգել նախկինում չստուգված հանգամանքները:
Հոդված 199. Մաքսային ստուգման ժամկետները
1. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը, որը չի ներառում ստուգման ենթարկվող անձին փաստաթղթերի եւ (կամ) տեղեկությունների ներկայացման մասին պահանջը հանձնելու ամսաթվի եւ այդ փաստաթղթերը եւ (կամ) տեղեկությունները ստանալու ամսաթվի միջեւ ընկած ժամանակահատվածը, իսկ արտագնա մաքսային ստուգման առավելագույն ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 22-րդ կետով:
2. Կամերալ մաքսային ստուգման սկիզբ է համարվում կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցումը ստուգվող անձին հանձնելու ամսաթիվը, իսկ արտագնա մաքսային ստուգման սկիզբ է համարվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) ստուգման ենթարկվող անձին հանձնելու ամսաթիվը: Կամերալ եւ արտագնա մաքսային ստուգումների ավարտի ամսաթիվ է համարվում մաքսային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը:
3. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել, իսկ արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 23-րդ կետով սահմանված ժամկետով:
4. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող կասեցվել, իսկ արտագնա մաքսային ստուգման ժամկետը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա, կարող է կասեցվել Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 24-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ հետեւյալ դեպքերում.
1) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքում՝ այդպիսի առգրավման օրվանից, իսկ առգրավման օրը հայտնի չլինելու դեպքում առգրավման հանգամանքի վերաբերյալ մաքսային մարմնին հայտնի դառնալու օրվանից.
2) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման եւ համապատասխան հաղորդման ներկայացման դեպքում՝ համապատասխան վարույթի հարուցման օրվանից, իսկ այդպիսի վարույթի հարուցման օրվա վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմնին հայտնի չլինելու դեպքում՝ վարույթի առկայության հանգամանքի վերաբերյալ մաքսային մարմնին հայտնի դառնալու օրվանից:
5. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է կասեցվել մինչեւ կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 9 ամսով, բացառությամբ՝
1) քրեական վարույթ իրականացնող կամ այլ իրավասու գերատեսչություններ հարցումներ կատարելու դեպքում, որի պարագայում ստուգման ժամկետը կասեցվում է մինչեւ հարցման պատասխանը ստանալու օրը ներառյալ.
2) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքում, որի պարագայում ստուգման ժամկետը կասեցվում է մինչեւ դրանք վերադարձնելու օրը ներառյալ.
3) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման եւ համապատասխան հաղորդման ներկայացման դեպքերում, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչեւ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով քննվող գործով որոշումը մաքսային մարմինների կողմից ստանալու օրը ներառյալ.
4) մաքսային փորձաքննություն անցկացնելու դեպքում, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչեւ փորձաքննության եզրակացությունը (պատասխանը) ստանալու օրը ներառյալ.
5) փաստաթղթերի վերականգնման կամ այնպիսի փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության դեպքում, որոնք ազդեցություն պետք է ունենան ստուգման արդյունքների վրա, որի պարագայում ստուգման ժամկետը կասեցվում է մինչեւ մաքսային մարմիններին փաստաթղթերի ներկայացման օրը ներառյալ:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 199.1-ից 199.3-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 199.1. Մաքսային ստուգման արդյունքների ամփոփումը
1. Մաքսային ստուգման արդյունքների ամփոփման նպատակով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը, ստուգումն ավարտվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի եւ ակտերի եւ (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման խախտումներ հայտնաբերած լինելու դեպքում, կազմում է Կոմիտեի սահմանած ձեւով ստուգման ակտի նախագիծ, որը ստորագրում է եւ կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքի 199.3-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է ստուգվող անձին: Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է ստուգման ակտ՝ առանց ակտի նախագիծ կազմելու, որը ստորագրում է եւ կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքի 199.3-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է ստուգվող անձին:
2. Ստուգվող անձը ստուգման ակտի նախագիծը ստանալու (ստացված համարվելու) օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, փոստային կապի միջոցով հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով (այդպիսի հնարավորության առկայության դեպքում) կամ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է առարկություններ ստուգման ակտի նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնում է այդպիսի առարկությունների բացակայության մասին: Մինչեւ սույն մասում նշված ժամկետի ավարտը ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում այդ ժամկետի ավարտի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու դեպքում՝ դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է ստուգման ակտ՝ Կոմիտեի սահմանած ձեւով, որը ստորագրում է եւ սույն օրենքի 199.3-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում ստուգվող անձին: Եթե ստուգվող անձը նաեւ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ստուգման ակտի պատճենն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:
3. Մաքսային ստուգման արդյունքում կազմված ակտում (ակտի նախագծում) ներառվում են՝
1) Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 28-րդ կետով սահմանված տեղեկությունները.
2) սույն օրենքի 199.2-րդ հոդվածին համապատասխան կայացված որոշումը.
3) վճարման առաջադրվող պարտավորությունների հաշվարկը եւ իրավական հիմքերը.
4) բողոքարկման ժամկետը եւ կարգը (լրացվում է միայն ստուգման ակտում).
5) ստուգման ակտի նախագծի վերաբերյալ ստուգվող անձի ներկայացրած առարկությունների (որոնք կցվում են ակտին) ընդունման կամ չընդունման վերաբերյալ նշումները (լրացվում է միայն ստուգման ակտում):
4. Ստուգման ակտի նախագծին կցվում են՝
1) փորձագիտական եզրակացության՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը (ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց ստորագրությամբ վավերացված)՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում.
2) խախտումներին ու դրանց արձանագրմանն առնչվող այն փաստաթղթերի՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակները (ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց ստորագրությամբ վավերացված), որոնք պիտանի եւ անհրաժեշտ են ստուգմամբ հայտնաբերված խախտումների փաստական հանգամանքների բացահայտման եւ գնահատման համար:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը համարվում են ստուգման ակտի անբաժանելի մաս:
6. Մաքսային ստուգման ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող անձի ծանուցվելու (ծանուցված համարվելու) օրվան հաջորդող օրվանից: Մաքսային ստուգման ակտը դառնում է անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում, եւ դրանով առաջադրված գումարները եւ (կամ) այլ պահանջները ստուգվող անձի կողմից ենթակա են վճարման եւ կատարման՝ նշված ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում, եթե ստուգման ակտում օրենսդրությամբ սահմանված այլ ժամկետ սահմանված չէ: Սույն կետով սահմանված ժամկետում պարտավորությունների կատարման դեպքում նշված ժամանակահատվածի համար տույժեր չեն հաշվարկվում: Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով մաքսային ստուգման ակտով հայտնաբերված իրավախախտման վերացման համար այլ ժամկետ սահմանված լինելու դեպքում սույն մասով սահմանված 10-օրյա ժամկետի փոխարեն ստուգման ակտում նախատեսվում է Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով սահմանված այդ ժամկետը:
7. Մաքսային ստուգման արդյունքներով վարչական կամ քրեական իրավախախտման փաստեր հայտնաբերելու դեպքում դրանց հետագա ընթացքն ապահովվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 199.2. Մաքսային ստուգման ակտում որոշումների արտացոլումը
1. Մաքսային ստուգման ակտում արտացոլվում են՝ ստուգման արդյունքում ընդունված հետեւյալ որոշումները.
1) մաքսային հայտարարագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ.
2) մաքսային վճարների, մաքսային մարմիններին վճարվող հարկերի, ներքին շուկայի պաշտպանության միջոցների գծով պարտավորությունների հաշվարկման համար Միության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային փաստաթղթի լրացման վերաբերյալ.
3) պարտավորությունները ստուգման ակտով վճարման առաջադրելու վերաբերյալ.
4) հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ սահմանելու մասին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում.
5) գործունեությունը կասեցնելու մասին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում.
6) մաքսային մարմնի կողմից վարվող ռեեստրից հանելու մասին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում.
7) սույն օրենքի 336.1-ին հոդվածով սահմանված պատասխանատվության առաջադրման վերաբերյալ.
8) այլ որոշումներ, որոնք օրենդրությամբ սահմանված դեպքերում կարող են ընդունվել մաքսային ստուգումների արդյունքում:
2. Մաքսային ստուգման ակտը կարող է բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:
Հոդված 199.3. Մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ ստուգվող անձին ծանուցման եղանակները եւ ժամկետները
1. Մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ ստուգվող անձին ծանուցումն իրականացվում է հետեւյալ եղանակներից որեւէ մեկով՝
1) առձեռն, որի դեպքում ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է վավերացնել փաստաթղթերի երկու օրինակները՝ հաստատելով փաստաթղթերը ստանալու հանգամանքը, որոնցից մեկը (մաքսային մարմնի օրինակը) վերադարձվում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին: Փաստաթուղթը վավերացնելուց եւ ստանալուց հրաժարվելու դեպքում այդ մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը համապատասխան գրառում է կատարում փաստաթղթի համապատասխան օրինակի վրա, որը վավերացվում է իր եւ ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից: Սույն կետով սահմանված դեպքում՝ փաստաթուղթը ստանալու ամսաթիվ է համարվում փաստացի հանձնելու ամսաթիվը, իսկ փաստաթուղթը ստորագրելուց եւ ստանալուց հրաժարվելու դեպքում՝ գրառում կատարելու ամսաթիվը:
2) հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով: Սույն կետով սահմանված դեպքում՝ փաստաթուղթը ստանալու ամսաթիվ է համարվում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի էջում տեղադրելու ամսաթիվը, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից:
3) փոստային կապի միջոցով հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ մաքսային եւ (կամ) հարկային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման, գրանցման, գործունեության կամ բնակության հասցեով: Փոստային կապի միջոցով փաստաթղթերը ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում նշված փաստաթղթերի վերաբերյալ ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի պարագայում անձինք համարվում են պատշաճ ծանուցված փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվան հաջորդող 5-րդ օրվանից:
2. Սույն հոդվածի իմաստով մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթեր են համարվում.
1) կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցումը.
2) արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշումը (կարգադրագիրը).
3) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը (հրամանը).
4) մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով այլ պետական մարմիններից փորձագետներ կամ մասնագետներ ներգրավելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը.
5) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի որոշումը.
6) արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցնելու մասին մաքսային մարմնի որոշումը.
7) մաքսային ստուգման ակտի նախագիծը.
8) մաքսային ստուգման ակտը:
Սույն մասի 1-ին, 2-րդ, 5րդ եւ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի ձեւերը սահմանում է Կոմիտեն:
3. Մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերը ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, ծանոթանալու նպատակով, ներկայացվում են հետեւյալ ժամկետներում.
1) կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցումը՝ ոչ ուշ, քան ստուգումը սկսելու օրը.
2) պլանային արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին ծանուցումը՝ ոչ ուշ քան ստուգումը սկսելուց 15 օր առաջ.
3) արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշումը (կարգադրագիրը)՝ ոչ ուշ, քան ստուգումը սկսելու օրը.
4) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը՝ մինչեւ ստուգման ավարտը, սակայն ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
5) մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով այլ պետական մարմիններից փորձագետներ կամ մասնագետներ ներգրավելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը՝ որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան ստուգման ավարտը.
6) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի որոշումը՝ մինչեւ ստուգման ավարտը, սակայն ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
7) արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցնելու մասին մաքսային մարմնի որոշումը՝ ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
8) մաքսային ստուգման ակտի նախագիծը եւ ստուգման ակտը՝ սույն օրենքի 199.1-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:»:
Հոդված 5. Օրենքի 251-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասում «ուղարկվում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին» բառերը փոխարինել «սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով ներկայացվում է իրավաբանական անձին, իսկ մաքսային ստուգման արդյունքում կասեցման որոշում ընդունելու դեպքում՝ որոշումը ներկայացվում է սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով եւ սույն օրենքի 199.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում» բառերով.
2. 4-րդ մասում «ծանուցում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին» բառերը փոխարինել «սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակով ծանուցում է իրավաբանական անձին» բառերով:
Հոդված 6. Օրենքի 252-րդ հոդվածի 2-րդ մասում «ծանուցում է իրավաբանական անձին» բառերը փոխարինել «սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով ծանուցում է իրավաբանական անձին, իսկ մաքսային ստուգման արդյունքում այդ որոշումն ընդունելու դեպքում՝ որոշումը նույն եղանակներով ծանուցում է սույն օրենքի 199.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում» բառերը, նույն մասում «իրավաբանական անձի լիազորած ներկայացուցչին է հանձնվում առձեռն կամ ուղարկվում է իրավաբանական անձին փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ նշելով հանձնման փաստը եւ ամսաթիվը» բառերը փոխարինել «սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով ներկայացվում է իրավաբանական անձին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից, 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից, 281-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից եւ 286-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետից հանել «շինությունների պահպանության պահնորդաազդանշանային եւ» բառերը:
Հոդված 8. Օրենքի 316-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6. Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում մաքսային ստուգման շրջանակներում հայտնաբերված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի), տուրքերի չհաշվարկման (պակաս հաշվարկման) կամ չվճարման (պակաս վճարման) հանգեցրած այն արարքի նկատմամբ, որի համար ստուգվող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը մաքսային ստուգման ակտով առաջադրվել է սույն օրենքի 336.1-ին հոդվածով սահմանված տուգանքը:»:
Հոդված 9. Օրենքի 317-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 1-րդ մասը չի տարածվում մաքսային ստուգման շրջանակներում հայտնաբերված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի), տուրքերի չհաշվարկման (պակաս հաշվարկման) կամ չվճարման (պակաս վճարման) հանգեցրած այն արարքի նկատմամբ, որի համար ստուգվող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը մաքսային ստուգման ակտով առաջադրվել է սույն օրենքի 336.1-ին հոդվածով սահմանված տուգանքը:»:
Հոդված 10. Օրենքի 9-րդ բաժնից հետո լրացնել նոր՝ 9.1-ին բաժին հետեւյալ բովանդակությամբ՝
«ԲԱԺԻՆ 9.1
ՄԱՔՍԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 59.1
Հոդված 336.1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգումների արդյունքով պատասխանատվությունը
1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկման կամ պակաս հաշվարկման (այդ թվում նաեւ մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները բաց թողնելու պայմանի խախտմամբ օգտագործելու կամ տնօրինելու արդյունքում) հանգամանք բացահայտվելու դեպքում ստուգվող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը մաքսային ստուգման ակտով չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի), սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված տույժերի հետ մեկտեղ առաջադրվում է տուգանք՝
չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով (բացառությամբ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի),
ապրանքների կամ տրանսպորտային միջոցների համար արտոնությունների կիրառման հետեւանքով չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի հիսուն տոկոսի չափով, եթե այդպիսի հարկերի, տուրքերի եւ վճարների պակաս վճարման կամ չվճարման հանգամանքը ծագել է մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները բաց թողնելու պայմանի խախտմամբ օգտագործելու կամ տնօրինելու արդյունքում:»:
Հոդված 10. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից եւ տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո սկսված մաքսային ստուգումների նկատմամբ:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սկսված մաքսային ստուգումները ավարտվում են մինչեւ սույն օրենքը գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան:
3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Նախագծի ընդունումը նպատակ ունի որոշակիացնել մաքսային ստուգումների իրականացման գործընթացը, հստակեցնել մաքսային ստուգումների գծով չկարգավորված հարաբերությունները, ամրագրել մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ծանուցման դրույթները, վերանայել պատասխանատվության նորմերը մաքսային ստուգման արդյունքներով հայտնաբերված իրավախախտումների համար:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի գործող խմբագրությամբ.
1) Սահմանված չեն կամերալ մաքսային ստուգման ժամկետը, կամերալ մաքսային ստուգման սկիզբ համարելու ամսաթիվը, ինչն ըստ էության անորոշություն է առաջացնում ինչպես ստուգվող անձանց, այնպես էլ մաքսային մարմնի մոտ: Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է առանց վարչական վարույթի մասին ծանուցման եւ առանց ստուգման ժամկետի սահմանափակման, ինչը բացի անորոշությունից՝ առանձին դեպքերում օբյեկտիվորեն դառնում է նաեւ կամերալ մաքսային ստուգման վիճարկման հիմք:
2) Սահմանված է կամերալ մաքսային ուսումնասիրության տեսակը, որի առանձին իրակնաացումը նպատահարմար չէ, քանի որ այն արդեն իսկ բխում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված մաքսային հսկողության ձեւերից եւ իրականացվում է նշված ձեւերի շրջանակներում:
3) Սահմանված չէ մաքսային ստուգման ժամկետի կասեցման վերացման պահը եւ բացի այդ սահմանված չեն կասեցման հիմքեր՝ իրավապահ մարմիններին հարցումների դեպքերի, հանցագործության հատկանիշների, ստուգմանն առնչվող նյութերի՝ առգրավված լինելու դեպքերի մասով:
4) Սահմանված չէ ստուգվող անձի կողմից մաքսային ստուգման ակտի վերաբերյալ առարկությունների ներկայացման ժամկետը:
5) Սահմանված չեն ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա՝ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների տեսակները:
7) Սահմանված է մաքսային ստուգման ակտի ծանուցման եղանակը, սակայն մաքսային ստուգմանն առնչվող այլ փաստաթղթերի ծանուցման եղանակները հստակեցված չեն:
8) Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող առանձին անձանց համար սահմանված է, որ պետք է պարտադիր ապահովվեն շինությունների պահպանության պահնորդաազդանշանային անվտանգության պահանջները, սակայն միեւնույն ժամանակ որպես պարտադիր պահանջ սահմանված է նաեւ՝ անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը: Ըստ էության այս երկու կարգավորումների միաժամանակյա առկայությունը նպատակահարմար չէ, քանի որ երկու պահանջներն ըստ էության կրկնում եմ միմյանց:
9) Հստակեցված չեն պատասխանատվության միջոցներն այն կազմակերպությունների նկատմամբ, որոնց մոտ մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերվում է մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, այլ հարկերի, տուրքերի եւ վճարների չհաշվարկման կամ պակաս հաշվարկման դեպք: Արդյունքում ստացվում է, որ գործող կարգավորումները ամբողջությամբ չեն կրում մաքսային իրավախախտումների կանխարգելիչ բնույթ, քանի որ գործող կարգավորումներով վարչական պատասխանատվությունը կիրառվում է պաշտոնատար անձանց նկատմամբ:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվում է՝
1) սահմանել, որ կամերալ ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը, ինչպես նաեւ կամերալ ստուգման սկսելու մասին ստուգման ենթակա անձը պետք է ծանուցվի.
2) հանել կամերալ մաքսային ուսումնասիրության տեսակը, որը կրկնում է Օրենսգրքով սահմանված մաքսային հսկողության ձեւերը.
3) սահմանել ստուգման ժամկետի կասեցման վերացման դեպքերը, ինչպես նաեւ գործնականում հանդիպած եւ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կասեցման հիմքերի համանմանությամբ սահմանել նաեւ մաքսային ստուգման ժամկետի կասեցման համապատասխան հիմքեր.
4) սահմանել մաքսային ստուգման ակտի վերաբերյալ ստուգվող անձի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետ.
5) սահմանել ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա՝ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների տեսակները.
6) սահմանել եւ հստակեցնել մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերի ծանուցման եղանակները: Մասնավորապես՝ որպես ծանուցման եղանակներ սահմանվել են՝ առձեռն եղանակը, էլեկտրոնային փոստը, փոստային կապը եւ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը: Ընդ որում, հատկանշական է, որ ներկայումս հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումներին եւ ուսումնասիրություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը հարկ վճարողների հետ փոխանակվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական գրասենյակի միջոցով, ուստի մաքսային ստուգումների մասով նույնպես նախատեսվել է տվյալ ծանուցման եղանակը.
7) վերացնել մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող առանձին անձանց համար կրկնվող պահանջները.
8) սահմանել պատասխանատվություն՝ մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների համար՝ կազմակերպությունների նկատմամբ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծն առնչվում է ՀՀ կառավարության 12.12.2019թ. N 1830-Լ որոշմամբ նախատեսված՝ «2.1.4. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում» միջոցառմանը:
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում