Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1263-16.02.2026-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասում «նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերի» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «, որոնք երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել  «Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի        1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:»:

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4) նախակրթարան՝ 4-6 տարեկանների, իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ 3-6 տարեկան երեխաների ընդգրկմամբ.»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն վերանայելու եւ հստակեցնելու ոլորտային օրենքներով սահմանված կարգավորումները՝ ապահովելով «Կրթության մասին» օրենքի 2025 թվականի մայիսի 12-ին ընդունված փոփոխություններով ներդրված պահանջներին համապատասխանեցում, ՀՀ կառավարություն 500 մանկապարտեզ ծրագրի իրականացման շրջանակում նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշի ապահովում եւ գործող օրենսդրություններում առկա իրավական անհամապատասխանությունների կարգավորում:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները, առաջարկվող լուծումները.

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի մշակման նպատակը ՀՀ «Կրթության մասին» օրենքի 2025թ վականի փոփոխություններով նշված երեք ոլորտների ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման համար սահմանվել է միասնական որակավորման պահանջ, որը ամրագրված է օրենքի 40.1-ին հոդվածում:   Սահմանվել է նաեւ նույն ոլորտի տնօրենների հավակնորդների համար հավաստագրման մեկ միասնական լիազորող նորմ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Նախադպրոցական կրթության մասին» եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքներում համապատասխան լիազորող նորմը ուժը կորցրած ճանաչել: Մինչ օրենքի ընդունումը, նշված ենթաօրենսդրական իրավական ակտը հաստատված կլինի նախարարի հրամանով:

ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 նոր մանկապարտեզների ծրագիրը եւ մինչեւ 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության 95 տոկոս ապահովելու պարտավորությունը պահանջում է իրավական կարգավորման ճշգրտման մասնավորապես փոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերում հանրակրթական դպրոցներին կից գործող նախակրթարանների զարգացման համատեքստում:

Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձեւավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:

Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը եւ ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ոլորտային օրենքները կհամապատասխանեն «Կրթության մասին» օրենքի նոր պահանջներին:

Կապահովվի նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման հնարավորությունը՝

4. Նախագծերի ընդունման անհրաժեշտ ֆինանսական միջոցները

Նախագծերի իրագործումը ուղղակի լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծում: Կառավարության ծրագրերով նախատեսվող ենթակառուցվածքային եւ ծրագրային ծախսերը (օր.՝ նոր նախակրթարանների հիմնում) իրականացվում են արդեն իսկ առկա բյուջետային ծրագրի միջոցների հաշվին:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը համապատասխան են ոլորտի զարգացման ներկայիս առաջնահերթություններին, ներդաշնակ են կրթության ոլորտի միասնական քաղաքականությանը, իրավաչափ եւ արդյունավետ են կառավարման եւ հասանելիության ապահովման եւ կիրառման տեսակետից:

Սույն կարգով սահմանված գործընթացի իրականացումը բխում է ՀՀ  կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա  որոշմամբ  հաստատված  ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի  1-ին եւ  2-րդ պարբերություններից՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության եւ գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց  գիտելիքների եւ հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ եւ ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձեւավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը եւ գերակայություններին: Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության եւ կրթական ծրագրերի արդիականացումը...»:

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի Նախադպրոցական կրթություն գլխի ռազմավարական նպատակ 1. «Բոլոր երեխաներն ունեն հավասար հասանելիություն նախադպրոցական կրթության եւ զարգացման որակյալ ծառայություններին», վերջնական արդյունք՝ 3-5 տարեկանների առնվազն 95%-ն ընդգրկված է նախադպրոցական ծառայություններում:

Անհրաժեշտությունը բխում է նաեւ «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1. ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջներից, այն է՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական եւ հանրամատչելի զարգացման եւ յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարեւոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության եւ առողջության պատասխանատուն»:

6. Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյա

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն