Հոդված 1. 1996 թվականի հոկտեմբերի 7-ի «Բանկային գաղտնիքի մասին» ՀՕ-80 օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ծրարում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1.1-րդ մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ փակ եւ փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում կամ էլեկտրոնային եղանակով» բառերով:
2) 2-րդ մասը «ծրարում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի եւ առարկաների առգրավումը: Օրենսդրական մի շարք փոփոխությունների, ինչպես նաեւ նոր իրավական ակտերի ընդունման արդյունքում (օրինակ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենք) բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման (առգրավման) որոշումները գրեթե քառապատկվել են:
Ծավալների շեշտակի աճով պայմանավորված՝ խնդրո առարկա տեղեկատվության մշակման ու պատրաստման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները եւս ավելացել են, ինչը դժվարացրել է թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը՝ հանգեցնելով նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետների երկարեցման:
Մասնավորապես, ներկայում գործընթացը իրականացվում է ամբողջությամբ թղթային եղանակով, ինչը խոչընդոտում եւ դժվարեցնում է քրեական վարույթի իրականացումը, առաջանում են նաեւ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրներ:
Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները հնարավորություն կտան բանկային եւ հարակից գաղտնիք պարուկանող տեղեկությունների ստացման գործընթացն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:
Հիշյալ գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության մշակման ու պատրաստման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները կրճատելուն, ինչը հնարավորություն կտա դատարանի կողմից նշված ժամկետներում վարույթն իրականացնող մարմնին տրամադրել պահանջվող բանկային եւ հարակից գաղտնիք պարուկանող տեղեկատվությունը՝ այդպիսով նպաստելով նաեւ գործի քննության ողջամիտ ժամկետի սկզբունքի պահպանմանը:
Միաժամանակ, հարկ է նշել, որ համապատասխան տվյալները էլեկտրոնային եղանակով ստանալը չի ենթադրում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է բանկային եւ հարակից գաղտնիք պարուկանող տեղեկատվություն ստանալու մասին դատարանի որոշման եւ բանկային եւ հարակից գաղտնիք պարուկանող տեղեկատվության տրամադրումը իրականացնել էլեկտրոնային եղանակով:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում էապես կբարելավվի իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու եւ օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում