2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ ԵԱՏՄ, ԱՄԷ, Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում:
Համաձայնագրի նպատակն է ազատականացնել եւ պարզեցնել Կողմերի միջեւ ապրանքների առեւտուրը, այդ թվում՝ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել Կողմերի միջեւ տնտեսական եւ առեւտրային փոխգործակցությանը, ինչպես նաեւ խրախուսել Կողմերի միջեւ առեւտրի ընդլայնումը:
Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական եւ հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առեւտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները, առեւտրում տեխնիկական խոչընդոտները, պետական գնումները, էլեկտրոնային առեւտուրը եւ այլ բնագավառներին առնչվող խնդիրներ:
Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով Համաձայնագրով նախատեսվում են Կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման եւ ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաեւ ընդհանուր առեւտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:
Համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվում փոքր եւ միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը, ինչպես նաեւ համաձայնագրով ստեղծված հնարավորությունների եւ կիրառվող կանոնակարգերի մասին բիզնեսին ժամանակին տեղեկացնելու պարտավորություններին:
Համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86%-ի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98%:
Հայաստանի Հանրապետությունից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%-ը, մնացած 5%-ը չի ծածկվում զիջումներով: Հիմնականում դա վերաբերում է ծխախոտին եւ ծխախոտի փոխարինիչներին, պղնձի հանքաքարերին, ալկոհոլային խմիչքներին, ալկոհոլ պարունակող շոկոլադին եւ հյութերին: Ծխախոտը եւ ոգելից խմիչքները համակարգային հանումներ են ԱՄԷ կողմից, որոնց մուտքը արգելված է բոլոր ազատ առեւտրի համաձայնագրերում, որոնց կողմ է հանդիսանում ԱՄԷ-ն:
2023 թվականի դրությամբ Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ: Արդյունքում՝ արտահանման ծավալների պահպանման դեպքում հայկական արտահանողները ուղղակի կսուբսիդավորվեն մոտ 500 հազ. ԱՄՆ դոլարով, իսկ Հայաստանից ԱՄԷ արտահանվող ապրանքների միջին մաքսատուրքը 6%-ից կնվազի 2,6%-ի:
Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաեւ կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ:
Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, մասնավորապես՝ այլ թարմ մրգեր, այդ թվում՝ ելակ, վայրի ելակ եւ այլն, լակտոզա, թարմ լոլիկ, մրգահյութեր, մեղր, ջեմեր, շաքարով հանքային ջուր, կենդանի բույսեր, խնձոր, ծիրան, սոուսներ եւ այլն:
Ընդհանուր առմամբ, նշված ապրանքատեսակների համար Հայաստանից ԱՄԷ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալը գերազանցում է 1.5 մլն ԱՄՆ դոլարը: Միաժամանակ, նշված ապրանքատեսակների համար ԱՄԷ շուկայի ծավալը գնահատվում է մոտ 550 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի արտահանման ներուժը՝ առնվազն 10 մլն ԱՄՆ դոլար, արտահանման չիրացված ներուժը բավականին մեծ է, որը կարող է իրականացվել Համաձայնագրի գործելուց հետո:
Արդյունաբերական ապրանքների մասով ընտրությունը եւս իրականացվել է վերոնշյալ սկզբունքով եւ ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղ, ալյումինե համաձուլվածքներ, բժշկական սարքեր, ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, այլ կահույք, ռադիոհեռարձակման սարքավորումներ եւ այլն:
Ընդհանուր առմամբ, նշված ապրանքատեսակների համար Հայաստանից ԱՄԷ արդյունաբերական ապրանքների արտահանման ծավալը գերազանցում է 9.5 մլն ԱՄՆ դոլարը: Միաժամանակ, նշված ապրանքատեսակների համար ԱՄԷ շուկայի ծավալը գնահատվում է 51 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի արտահանման ներուժը՝ առնվազն 25 մլն ԱՄՆ դոլար, արտահանման չիրացված ներուժը բավականին մեծ է, որը կարող է իրականացվել Համաձայնագրի գործելուց հետո:
Արդյունաբերական ապրանքների համատեքստում Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանք են հանդիսանում ոսկերչական իրերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113 19 10), որոնց հանդեպ ձեռք է բերվել էմիրաթական շուկա անմաքս մուտքի հասանելիություն: Միաժամանակ, ԵԱՏՄ հանումների ցանկում պահպանվել է ոչ արդյունաբերական այլ ալմաստների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7102 39) նկատմամբ սակագնային պաշտպանությունը: Այսպիսով, ՀՀ շահերը ոսկերչական արդյունաբերության մասով ամբողջությամբ հաշվի են առնվել:
Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի ?1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության անունից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ
Եզրակացություն
«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եւ տեղեկատվություն
Համաձայնագիրը ստորագրած կողմերի՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ
«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին քաղաք Մինսկում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:
Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ապահովելով Կողմերի միջեւ փոխադարձ առեւտրի խթանումն ու դյուրացումը: Համաձայնագրով կանոնակարգվում են շուկայի պաշտպանությանը, մաքսային վարչարարությանը, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումներին, առեւտրում տեխնիկական խոչընդոտներին, պետական գնումներին, էլեկտրոնային առեւտրին եւ այլ բնագավառներին առնչվող հարցերը:
Համաձայնագրի նպատակն է աջակցել Կողմերի միջեւ տնտեսական եւ առեւտրային փոխգործակցությանը եւ խրախուսել փոխադարձ առեւտրի ընդլայնումը, ինչպես նաեւ ազատականացնել եւ պարզեցնել Կողմերի միջեւ ապրանքների առեւտուրը, այդ թվում՝ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով: Համաձայնագրով սահմանվում է նաեւ այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:
Համաձայնագրի կիրարկման արդյունքում Կողմերի միջեւ նախատեսվում է ապահովել առեւտրի ընդլայնում եւ դիվերսիֆիկացում, ինչպես նաեւ բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը ԱՄԷ շուկայում՝ միաժամանակ ավելացնելով արտահանման ծավալները:
Համաձայնագրի կողմերն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից հետո 61-րդ օրը, որով հաստատվում է, որ ԵԱՏՄ-ն եւ ԵԱՏՄ անդամ պետություններն ու ԱՄԷ-ն ավարտել են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներքին ընթացակարգերը:
2025թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:
2025թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանելու տեսանկյունից նպատակահարմար է գտնում 2025 թվականի հունիսի 27-ին քաղաք Մինսկում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ Համաձայնագրով Կողմերի իրավասու մարմինների միջեւ նախատեսվում է անձնական տվյալների փոխանակում:
Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրը (այսուհետ՝ Համաձայնագիր) պարունակում է եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ (մասնավորապես՝ Համաձայնագրի 2.5 հոդվածի համաձայն` կողմերը կիրառում են մաքսատուրքերի արտոնություններ կամ նվազեցված դրույքաչափեր):
Միաժամանակ, Համաձայնագիրը չի հանգեցնում ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման:
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ն. Հովակիմյանին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Կարապետյանին
Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության
09.09.2025թ. թիվ 06/18761-2025 գրության
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ մյուս կողմից տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով` Ա.Սիմոնյան
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմինների
1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
2. ՀՀ արտաքին գործերի նախարարություն
3. ՀՀ արդարադատության նախարարություն
4. ՀՀ ֆինանսների նախարարություն
5. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
6. ՀՀ առողջապահության նախարարություն
7. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
8. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
9. ՀՀ պաշտպանության նախարարություն
10. ՀՀ ներքին գործերի նախարարություն
11. ՀՀ պետական եկամուտների կոմիտե
12. ՀՀ կենտրոնական բանկ
13. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
14. ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով
15. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
16. ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատ
17. «Էլեկտրոնային կառավարման, ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում