Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1255-10.02.2026-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 4.3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.3. Սույն օրենսգրքով սահմանված դեպքերում, եթե աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով չի ընդունվում, ապա աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 13-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. 2027 թվականի հունվարի 1-ից աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ն աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը կարող է իրականացվել նաեւ թվային համակարգի միջոցով:»:

2) լրացնել նոր 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«5. Եթե աշխատանքային հարաբերությունը ծագում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում), ապա վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1.1-ին մասի 2-րդ նախադասությունում «Աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաեւ, եթե՝» բառերը փոխարինել «Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաեւ, եթե՝» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5.1-ին եւ 5.2-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«5.1) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ եթե աշխատողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եւ փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում.

5.2) աշխատողի էլեկտրոնային հասցեն.»:

Հոդված 5. Օրենսգրքի 85-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 85. Աշխատանքային պայմանագրի եւ աշխատանքային պայմանագրի հավելվածի կնքման կարգը

1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ թվային համակարգի միջոցով՝ պահպանելով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները:

2. Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով այն կողմերի միջեւ փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու պայմանագրի իսկությունը եւ ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիրն ստորագրած կողմը աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում եւ նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետեւյալ մեկ կամ մի քանի եղանակներով.

1) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակը պատվիրված նամակով՝ ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.

2) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.

3) աշխատանքային պայմանագրի ստորագրված եւ էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:

3. Մինչեւ տասնվեց տարեկան անձի հետ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում մինչեւ տասնվեց տարեկան անձի անունից աշխատանքային պայմանագիրն ստանում, ստորագրում եւ դրա մեկ օրինակը գործատուին է հանձնում ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված այն պահից, երբ պայմանագիրն ստորագրած երկու կողմն էլ ստանում է աշխատանքային պայմանագրի՝ երկու կողմի ստորագրած օրինակը:

5. 2027 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի եւ աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու հաջորդ օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

6. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը հավելվածը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:

7. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կարող է կնքվել նաեւ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասով աշխատանքային պայմանագրի կնքման համար սահմանված դրույթները:

8. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված դեպքում գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին:

9. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

10. Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:»:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը եւ 106.1-ին հոդվածի 9-րդ մասը:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել նոր 95.1-ին հոդվածով.

«Հոդված 95.1. Օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը.

1. 2027 թվականի հունվարի 1-ից հետո օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են թղթային եղանակով՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու ժամկետով՝ պայմանով, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ:

2. 2027 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքային պայմանագրերը Հայաստանի Հանրապետությունում փախստականի, ապաստան հայցողի հետ կնքվում են թղթային եղանակով՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքով ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ (այսուհետեւ՝ թվային համակարգ), որով սահմանվել է, որ 2026 թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումն իրականացվելու է բացառապես թվային համակարգով: Ընդ որում, սահմանվել է, որ թվային համակարգում աշխատանքային պայմանագրերը կնքվում են կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքն ապահովելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը

Նախագծի նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքը, աշխատողների աշխատանքային իրավունքների իրացումը՝ հաշվի առնելով այն, որ դեռեւս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:

Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը եւ լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով: Բացի այդ, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում), այդ թվում 2027 թվականի հունվարի 1-ից հետո, աշխատանքային պայմանագիրը կնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն: Կարգավորումներ են նախատեսվում նաեւ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի մասով:

Միաժամանակ ժամկետի երկարաձգումը պայմանավորված է նաեւ նոր նույնականացման քարտերի ներդրման ծրագրով, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն կրկնակի դիմել նույնականացման քարտեր ստանալու համար:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ Վարչապետի աշխատակազմի ցանկի 8-րդ կետի պահանջներից, որով նախատեսված է «Աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացում» միջոցառումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն