Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետում «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների կամ առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների» բառերը փոխարինել «առողջապահական կազմակերպությունների՝ ներառյալ բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների եւ բժշկական կազմակերպությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «բաժնեմաս ունեցող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ համայնքային» բառերը:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 32. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները
1. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:
2. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը, որը նշանակվում եւ ազատվում է օրենքով սահմանված դեպքերում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող՝
1) զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից եւ ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դեպքերից.
2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն իրեն պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմնի հետ կապված հարաբերություններում, ինչպես նաեւ այն կազմակերպության հետ կապված հարաբերություններում, որի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է իր կողմից.
4) իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված ստանալ նվերներ: Սույն կետում կիրառվող «նվեր» հասկացությունը գործածվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հասկացության իմաստով:
4. Հոգեկան առողջության կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը տվյալ ընկերությունում կարող է կատարել հոգեբույժի վճարովի աշխատանք:
5. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարը տվյալ կազմակերպությունում կարող է կատարել թերապեւտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի վճարովի աշխատանք:
6. Գործադիր մարմնի ղեկավարի կողմից սույն հոդվածով սահմանված համատեղությամբ աշխատանքը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:
7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր են՝
1) ապահովել լիազոր մարմնի սահմանած՝ կազմակերպությունների զարգացմանը եւ բարեփոխմանը ներկայացվող պահանջների կատարումը.
2) ապահովել իրենց կողմից ներկայացված կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը, որն ուղղված է նաեւ սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջների ապահովմանը.
3) իրենց պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմին եւ լիազոր մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որը կներառի նաեւ տեղեկատվություն սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջների կատարման վերաբերյալ: Հաշվետվությանը ներկայացվող պահանջները, հաշվետվության ներկայացման կարգը եւ ձեւը հաստատում է Կառավարությունը:
8. Սույն հոդվածի 7-րդ մասում սահմանված՝ գործադիր մարմնի ղեկավարի պարտականություններն ամրագրվում են նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրում:
9. Սույն հոդվածի 7-րդ մասում սահմանված՝ լիազոր մարմնի սահմանած կազմակերպությունների զարգացմանը եւ բարեփոխմանը ներկայացվող պահանջները չկատարելու կամ գործադիր մարմնի ղեկավարի կողմից ներկայացված կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված միջոցառումները չկատարելու կամ հաշվետվությունը չներկայացնելու կամ հաշվետությունը Կառավարության որոշմամբ սահմանված կարգի եւ պահանջների խախտմամբ ներկայացնելու դեպքերում՝ հաշվի առնելով սույն մասով կատարված խախտման բնույթը, բովանդակությունը, խախտման կատարման հանգամանքները եւ խախտման հետեւանքները, գործատուն իրավունք ունի՝
1) լուծել գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով աշխատողին, կամ
2) ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
10. Սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունը հիմք է լիազոր մարմնի կողմից՝ այդ հաշվետվությունը ներկայացրած գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմին ներկայացնելու միջնորդություն՝ գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:
11. Սույն օրենքի 32.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերի առաջացման դեպքում գործատուն լուծում է գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով աշխատողին:»:
Հոդված 4. Օրենքի 32.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 32.1. Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող պահանջները, ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը
1. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող կրթական պահանջները, ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատում է Կառավարությունը:
2. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդների կողմից ներկայացվող կազմակերպության զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները հաստատում է լիազոր մարմինը:
3. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում, բացառությամբ՝ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերի, լիազոր մարմնի ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպություններում, ինչպես նաեւ 20.000 եւ ավել բնակչություն սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի՝
1) բարձրագույն կրթություն եւ ղեկավարման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
2) բարձրագույն կրթություն եւ «Հանրային առողջապահություն եւ կազմակերպում» մասնագիտությամբ հետավարտական մասնագիտական կրթություն եւ ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
3) բարձրագույն կրթություն եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված Կառավարության որոշմամբ հաստատված՝ մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում եւ ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:
4. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ 5000-ից 20.000 բնակչություն սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի՝
1) բարձրագույն կրթություն եւ ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
2) բարձրագույն կրթություն եւ «Հանրային առողջապահություն եւ կազմակերպում» մասնագիտությամբ հետավարտական մասնագիտական կրթություն եւ առողջապահության ոլորտում ղեկավարման առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ
3) բարձրագույն կրթություն եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում եւ ղեկավարման բնագավառի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:
5. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ մինչեւ 5000 բնակչություն սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի՝
1) բարձրագույն կրթություն եւ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
2) բարձրագույն կրթություն եւ «Հանրային առողջապահություն եւ կազմակերպում» մասնագիտությամբ հետավարտական մասնագիտական կրթություն կամ
3) բարձրագույն կրթություն եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում:
6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, եւ նրա դատվածությունը սահմանված կարգով վերացված կամ մարված չէ.
2) ով օրենքի համաձայն զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված եւ կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
4) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5) ով ունի Կառավարության հաստատած հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ընդհանուր ցանկում ներառված որեւէ հիվանդություն.
6) ով սնանկ է ճանաչվել դատարանի վճռով՝ սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ պահանջով:
7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման թեստային առաջադրանքների եւ հարցազրույցի հարցաշարերը՝ կախված այդ կազմակերպությունների ենթակայությունից, կազմվում են իրենց պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմնի կողմից:
8. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստը հաստատվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետի եւ համայնքի ղեկավարի իրավական ակտով:
9. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պաշտոնի նշանակվում եւ ազատվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետի եւ համայնքի ղեկավարի իրավական ակտով:»:
Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետից հանել «առողջապահական կամ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «առողջապահական բնագավառում» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառում» բառերով:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտը կընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները, նախագծերի ընդունման անհրաժեշտությունը
1) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխով կարգավորվում են առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները, այդ թվում սահմանվում են նշված կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող գործադիր մարմնի ղեկավարին ներկայացվող պահանջները: Օրենքի 5-րդ գլխում, 32-րդ հոդվածի վերնագրում եւ 32.1-ին հոդվածում գործածվում է «առողջապահական կազմակերպություն» բառակապակցությունը, իսկ 32-րդ հոդվածում՝ «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական կազմակերպություն»: Այս առումով հարկ է նշել, որ առողջապահական կազմակերպության գործունեությունն ենթադրում է մարդու եւ հանրության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն եւ ընդգրկում է նշված գործունեության ավելի լայն շրջանակ, քան բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից գործունեությունը: Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է «բժշկական օգնություն եւ սպասարկման» հասկացությունը եւ «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի» հասկացությունը, այն է՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ անկախ կազմակերպական-իրավական ձեւից, սեփականության ձեւից, կամ պետական կամ համայնքային հիմնարկ: Միչդեռ առողջապահական կազմակերպություն դիտարկվում է ոչ միայն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողը (բժշկական կազմակերպությունը), այլ նաեւ առողջապահության բնագավառում (ոլորտ, որտեղ իրականացվում է մարդու եւ հանրության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն) կրթական գործունեություն եւ գիտական հետազոտություններ անցկացնող կազմակերպությունները, դեղերի եւ բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտներում փորձաքննություններ ու մասնագիտական դիտարկումներ իրականացնող կազմակերպությունը, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների կանխարգելում իրականացնող կազմակերպությունները, բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունները (ասոցիացիա), դեղատները, դեղ արտադրողները (դեղագործական ընկերությունները), ինչպես նաեւ մարդու եւ հանրության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունները: Նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են Օրենքում տարանջատելու «բժշկական կազմակերպությունը» եւ «առողջապահական կազմակերպությունը»:
2) Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ առողջապահական կազմակերպությունների տնօրենների ընտրության եւ նշանակման գործընթացում ի հայտ եկած տարբեր խնդիրները օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությամբ: Այսպես, Օրենքի 32-րդ հոդվածում վերանայվել են առողջապահական (ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող) կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝
2) բարձրագույն կրթություն եւ «Հանրային առողջապահություն եւ կազմակերպում» մասնագիտությամբ հետավարտական մասնագիտական կրթություն եւ ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
3) բարձրագույն կրթություն եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված Կառավարության որոշմամբ հաստատված՝ մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում եւ ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:
2) բարձրագույն կրթություն եւ «Հանրային առողջապահություն եւ կազմակերպում» մասնագիտությամբ հետավարտական մասնագիտական կրթություն եւ առողջապահության ոլորտում ղեկավարման առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ
3) բարձրագույն կրթություն եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում եւ ղեկավարման բնագավառի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:
2) բարձրագույն կրթություն եւ «Հանրային առողջապահություն եւ կազմակերպում» մասնագիտությամբ հետավարտական մասնագիտական կրթություն կամ ՝
3) բարձրագույն կրթություն եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում:
3) Միաժամանակ, 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության թիվ Վ/198-2023 արձանագրության 3-րդ կետի 1.13 ենթակետի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաեւ Օրենքում սահմանել կարգավորումներ առ այն, որ գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր են կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն (ներառյալ նաեւ ֆինանսական) ներկայացնեն ինչպես իրենց պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմին, այնպես էլ լիազոր մարմին (Առողջապահության նախարարություն), անկախ այն հանգամանքից, թե որ մարմնի ենթակայությամբ է գործում այդ առողջապահական կազմակերպությունը: Ղեկավարվելով վերոնշյալ հանձնարարականով, Առողջապահության նախարարության կողմից առաջարկվում է Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները դիտարկել՝ որպես Կազմակերպությունների տնօրենների աշխատանքի արդյունավետության գնահատման չափորոշիչներ: Կազմակերպությունների տնօրենների գործունեության արդյունքների գնահատումը պետք է բխի վերջիններիս կողմից ներկայացված եւ հաստատված Կազմակերպությունների զարգացման ծրագրից, ինչպես նաեւ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական եւ կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշների ապահովումից: Բացի այդ, Կազմակերպությունների ֆինանսատնտեսագիտական գործունեության արդյունքները գնահատող ցուցանիշներ կարող են լինել վճարվելիք շահաբաժնի չափը, վճարովի ծառայություններից շարունակական աճը, պարտավորությունները եւ նմանատիպ այլ ցուցանիշներ: Բացի վերոնշյալ ֆինանսական ցուցանիշներից Առողջապահության նախարարության կողմից առաջարկվում է Կազմակերպությունների տնօրենների որպես աշխատանքի արդյունավետության գնահատման չափորոշիչներ կիրառել նաեւ ռեսուրսների կառավարումը (մահճակալային, սարքավորումների ֆոնդ), անձնակազմի կառավարումը, ամորտիզացիոն հատկացումների ֆոնդի առկայությունը, ինչպես նաեւ արդյունավետության կառավարման ցուցանիշներ կարող են դիտարկվել նաեւ աշխատավարձի ֆոնդը, դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների ծախսը, ադմինիստրատիվ ծախսը:
Օրենքի 32-րդ հոդվածում նշված առողջապահական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների կողմից կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց բացի, վերջիններիս համար օրենքով ամրագրվել է հետեւյալ պահանջները՝
- ապահովել լիազոր մարմնի սահմանած այդ կազմակերպությունների զարգացմանը եւ բարեփոխմանը ներկայացվող պահանջների կատարումը: Տվյալ դեպքում խոսքը գնում է կազմակերպությունների զարգացմանը եւ բարեխոխմանն ուղղված այն պահանջների եւ ցուցանիշների մասին, որը հաղթող մասնակիցը պարտավոր է ապահովել կազմակերպության ղեկավարման ընթացքում՝ անկախ իր կողմից ներկայացրած զարգացման ծրագրով սահմանված միջոցառումներից.
- ապահովել իրենց կողմից ներկայացված կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը (խոսքը հաղթող ճանաչված մասնակցի կողմից ներկայացված հայեցակարգով՝ ըստ ժամանակացույցի սահմանված միջոցառումների կատարման մասին է, որն ուղղված է նաեւ վերոնշյալ Կառավարության որոշմամբ սահմանված պահանջների ապահովմանը):
Բացի այդ, օրենքով գործատուին (իրենց պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմնին կամ լիազոր մարմնին՝ կախված կազմակերպության ենթակայությունից) իրավունք է վերապահվել վերոնշյալ պարտականությունների խախտման դեպքում լուծելու գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Ընդ որում, այն դեպքերում, երբ առողջապահական կազմակերպությունը գործում է այլ պետական մարմնի (ոչ Առողջապահության նախարարության) ենթակայությամբ, եւ այդ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ներկայացված հաշվետվության արդյունքներով Առողջապահության նախարարության կողմից կպարզվեն խախտումներ եւ անհամապատասխանություններ վերոնշյալ պահանջներին՝ ապա դա հիմք է նախարարության կողմից այդ հաշվետվությունը ներկայացրած գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմին միջնորդություն ներկայացնելու համար՝ այդ գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:
Բացի օրենքից, գործադիր մարմնի ղեկավարի վերոնշյալ պարտականություններն ամրագրվելու են նաեւ նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձեւում: Սակայն Օրենքում վերոնշյալ դրույթների նախատեսումը պայմանավորված է հետեւյալով. օրենքում այս կարգավորումների մասով հիմք է ընդունվել՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով, եւ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները՝ իրավաբանական անձանց գործադիր մարմինների (կոլեգիալ եւ միանձնյա) անդամների լիազորությունների դադարեցման եւ նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի լուծման առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով եւ այդ իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում է Օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով, «Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պետական կազմակերպությունների մասին օրենսդրությունը բաղկացած է ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերից: Իսկ վերջին երկու օրենքներում նշված կազմակերպությունների գործունեությունը կարգավորող «այլ օրենքը» տվյալ դեպքում ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքն է:
Հաշվի առնելով, որ նախագծով կատարվող վերոնշյալ փոփոխությունների արդյունքում Օրենքի 32-րդ հոդվածը պարունակում է աշխատանքային իրավունքի նորմեր, այդ թվում աշխատանքային հարաբերությունների առողջապահական կազմակերպությունների բնագավառում կարգավորման առանձնահատկություններ, փոփոխության է ենթարկվել նաեւ հոդվածի վերնագիրը, նշելով, որ հոդվածը բովանդակում է նշված կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների մասին:
Հարկ է նշել, որ նախագծի նշված կարգավորումներում, որտեղ գործատուին իրավունք է վերապահվում լուծելու գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, խոսքը ոչ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման մասին է (հստակ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված), ոչ էլ «աշխատանքային պայմանագրի լուծումը» որպես կարգապահական պատասխանատվության կիրառման մասին է:
Ինչպես արդեն նշվել է, Օրենքի նախագծում վերոնշյալ դրույթների նախատեսումը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի եւ 109-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով: Ուստի օրենքի նախագծով նշված առողջապահական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու առանձնահատկությունները (ներառյալ հիմքերը եւ ծանուցման ժամկետը) բխում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներից եւ չեն ենթադրում նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի առկայություն:
Այն մասով հարկ է նշել նաեւ, որ նախագծի համապատասխան մասում գործածվում է հետեւյալ ձեւակերպումը՝ «Գործատուն իրավունք ունի լուծելու գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը...», ինչը չի բացառում նաեւ որպես կարգապահական տույժի «աշխատանքային պայմանագրի լուծումը» կիրառելը՝ կախված գործի փաստական հանգամանքներից:
Այս ձեւակերպումը ենթադրում է գործատուի համար օրենքով իրավունք վերապահելը՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում եւ համաչափության սկզբունքի շրջանակում գործատուի համար հիմք կհանդիսանա գործադիր մարմնի ղեկավարների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի լուծման համար: Սակայն այն վերապահելով որպես իրավունք եւ չսահմանելով «գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված պայմանագրի լուծումը» իմպերատիվ կերպով, գործատուին հնարավորություն է տրվում հաշվի առնելով կատարված խախտման բնույթը, բովանդակությունը, խախտման կատարման հանգամանքները եւ խախտման հետեւանքները՝ նշված խախտումների համար կիրառել նաեւ կարգապահական պատասխանատվություն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով (աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարքագծի կանոնները որեւէ այլ կերպ խախտելը /220-րդ հոդվածի 1-ին մաս/, եւ ամենեւին խոսքը միայն «աշխատանքային պայմանագրի լուծում» կարգապահական տույժի կիրառման մասին չէ):
Միաժամանակ գործող օրենքով սահմանված է, որ բժշկական կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել վճարովի աշխատանք: Սույն նախագծով օրենքում նշված կարգավորման մեջ շեշտադրվող «վճարովի» բառը հանվել է, ինչը նշանակում է, որ բժշկական կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել ինչպես վճարովի, այնպես էլ անվճար աշխատանք:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը, ակնկալվող արդյունքը
««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Օրենքում, այդ թվում 5-րդ գլխում կտարանջատվի «բժշկական կազմակերպությունը» եւ «առողջապահական կազմակերպությունը»:
Վերանայվել են առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները՝ առավել որակյալ, բանիմաց կադրերի ընտրություն եւ նշանակում առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում, ինչը կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման եւ ընդհանուր գործունեության արդյունավետությունը:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ առողջապահական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվողականությունը լիազոր մարմնին եւ իրենց պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմնին, եւ արդյունքում կբարձրանա առողջապահական կազմակերպությունների ղեկավարման եւ ընդհանուր գործունեության արդյունավետությունը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի թիվ 174-Լ որոշման հավելված 1-ի «3.4. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 121-րդ կետի՝ «121. Առողջապահության անվտանգ եւ որակյալ ծառայությունների մատուցումը պահանջում է համարժեք ռեսուրսներ, այդ թվում՝ պատշաճ պատրաստված մարդկային ներուժ, որը հանդիսանում է ոլորտի արժեք ստեղծող ուժը» եւ 127-րդ կետի 3-րդ ենթակետի՝ «3) առողջապահական մարդկային ներուժի որակյալ համակարգի ձեւավորում եւ կառավարում» դրույթներով, եւ նախագծի ընդունման արդյունքում կբարելավի առողջապահության ոլորտի կազմակերպությունների կառավարումն ու բնակչության բժշկական օգնության ու սպասարկման որակյալ ծառայությունների մատուցման կազմակերպումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում