Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպությունները եւ հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց անվանումները չեն ասոցացվում թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որեւէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, եւ որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կամ չեն կազմակերպում կամ չեն իրականացնում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն, եւ որոնք հավատարմագրման դիմումի մեջ բացահայտում են դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրները:»:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հավատարմագրման վերաբերյալ դիմումները եւ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրը: Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին հավատարմագրման դիմումը, կից փաստաթղթերը եւ դիտորդների ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար տրամադրվում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ: Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում եւ ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում:»,
2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների կողմից ներկայացված դիտորդների վարքագծի կանոնները հրապարակվում են Հանձնաժողովի համացանցային կայքում:»,
3) 2-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «միասնական անվան ներքո» բառերից հետո լրացնել «, որը չի ասոցացվում թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ» բառերով,
4) 2-րդ մասի հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման եւ ուսուցման, ինչպես նաեւ հավատարմագրման դիմումի ներկայացման օրվա դրությամբ տվյալ դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրների եւ չափերի մասին: Մինչեւ դիտորդների լիազորությունների դադարման համար սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը ֆինանսավորման աղբյուրների եւ չափերի փոփոխությունների դեպքում՝ եռօրյա ժամկետում, համապատասխան հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը պետք է գրավոր ծանուցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այդ փոփոխությունների վերաբերյալ:»,
5) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի պահանջները, կամ դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին, կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության կամ հիմնադրամի դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման, հավատարմագրման դիմումի ներկայացման օրվա դրությամբ տվյալ դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրների եւ չափերի մասին կամ տվյալ կազմակերպության կամ հիմնադրամի անվանումը ասոցացվում է թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ կամ տվյալ կազմակերպությունը կամ հիմնադրամն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում չի հրապարակել իր գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը կամ տվյալ կազմակերպության կամ հիմնադրամի կառավարման մարմնի որեւէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով կամ տվյալ կազմակերպությունը կամ հիմնադրամն աջակցում է թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կամ տվյալ կազմակերպությունը կամ հիմնադրամը կազմակերպում կամ իրականացնում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն:»,
6) 4-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության «մինչեւ հավատարմագրման հայտը հաստատելը հավատարմագրման հայտում ներկայացված» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների» բառերով, իսկ երկրորդ նախադասության «փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները քննարկելիս» բառերը՝ «փոփոխություններ (լրացումներ) կատարվելու դեպքում» բառերով,
7) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ եւ չորրորդ պարբերություններով.
«Հավատարմագրման մասին դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու պահից հասարակական կազմակերպությունը եւ հիմնադրամը, ինչպես նաեւ նրանց դիտորդները պարտավոր են պահպանել դիտորդական առաքելության վարքագծի կանոնները, դրսեւորել քաղաքական չեզոքություն, չկազմակերպել կամ չիրականացնել քարոզչություն կամ հակաքարոզչություն, հրապարակայնորեն որեւէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսեւորել թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ կապված որեւէ հարցի նկատմամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդների ցանկից հանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները:»:
8) 4.1-ին մասի առաջին պարբերության առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հավատարմագրումը ուժը կորցրած է ճանաչվում նաեւ այն դեպքում, երբ համապատասխան կազմակերպությունը խախտում է սույն հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերության պահանջները, այդ թվում՝ օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ այդ կազմակերպությունը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձանց, կառավարման մարմինների անդամների, բացառությամբ ժողովի անդամների, կողմից կամ այլ եղանակներով նշված պահանջների խախտման միջոցով:»,
9) 4.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ պարբերությամբ.
«Սույն հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերության պահանջները խախտած դիտորդի տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հանվում են հավատարմագրված դիտորդների ցանկից:»,
10) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Դիտորդի կողմից որեւէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որեւէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն կատարելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Ընտրական հանձնաժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է վերադաս ընտրական հանձնաժողովին:»:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է դրսեւորել քաղաքական չեզոքություն, հրապարակայնորեն որեւէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսեւորել թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ կապված որեւէ հարցի նկատմամբ:»,
2) 3-րդ մասը «քարոզչություն» բառից հետո լրացնել «կամ հակաքարոզչություն» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: