Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1240-09.01.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (ԿՉՄԲ/BIPM» ԱՍՈՑԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ՕՉՄԿ/OIML)» ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել «Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» եւ «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին նամակ-համաձայնագրերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին» Հայաստանի Հանրապետության ասոցացված անդամ դառնալու մասին» 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված եւ «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը» Հայաստանի Հանրապետության թղթակցային անդամ դառնալու մասին 2025 թվականի ապրիլի 2-ին հաստատված նամակ-համաձայնագրերի վավերացման նպատակահարմարության մասին

«Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովում է չափումների միասնականությունը, որը ազգային տնտեսության որակի ենթակառուցվածքի հենքային սյունն է: Ընկերությունն իրականացնում է չափման միջոցների չափագիտական հսկողություն՝ ստուգաչափում, փորձաքննություն, փորձարկում եւ տեսակի հաստատում: Օրենսդրական չափագիտական հսկողությունը ոչ միայն ապահովում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունը առողջապահական տեսանկյունից, այլ նաեւ կարգավորում է սպառող վաճառող առեւտրային հարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացումը, արտադրող-սպառող առեւտրային հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ նորարարությունների ընդլայնումն ապահովելու համար առանցքային նշանակություն ունի չափագիտության միջազգային կառույցներին անդամակացելու հարցը:

Առաջարկվում է ապահովել չափագիտության ոլորտում միջազգային երկու հեղինակավոր կառույցներին Հայաստանի Հանրապետությունը, հանձինս  «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության ասոցացաված եւ թղթակցային անդամ դառնալու գործընթացը:

Հայաստանի Հանրապետության անդամակցությունը միջազգային չափագիտության կազմակերպություններին, մասնավորապես՝ OIML-ին (International Organization of Legal Metrology) եւ BIPM-ին (Bureau International des Poids et Mesures), ունի մի շարք կարեւոր ռազմավարական, տնտեսական եւ տեխնիկական հիմնավորումներ, մասնավորապես՝

1. տնտեսական եւ առեւտրային տեսանկյունից՝ կապահովի միջազգային առեւտրի խթանումը, քանի որ OIML եւ BIPM անդամակցությունը երաշխավորում է չափումների միջազգային համադրելիությունը, ինչը կարեւոր է արտահանման եւ ներմուծման գործընթացներում տեխնիկական խոչընդոտների նվազեցման համար.

2. կստեղծի հավասար մրցակցային պայմաններ, որի արդյունքում հայ արտադրողները հնարավորություն կստանան մուտք գործելու արտասահմանյան շուկաներ՝ առանց կրկնակի փորձարկումների կամ չափումների վկայագրերի.

3. ներդրումների գրավչության ստեղխում, քանի որ անդամակցության արդյունքում միջազգային չափագիտության պահանջներին համապատասխան չափման համակարգն կավելացնի վստահությունը տնտեսական միջավայրի նկատմամբ՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը.

4. տեխնիկական եւ գիտական տեսանկյունից՝ անդամակցությունը կապահովի չափումների ճշգրտության բարելավում, ինչը պայմանավորված է նրանով, որ BIPM-ն վերահսկում է չափման միավորների համաշխարհային համակարգը (SI համակարգ), եւ անդամակցությունն էլ կապահովի ՀՀ-ի մասնակցությունը այդ համակարգի զարգացմանը, խթանելով մասնագիտական զարգացումը եւ փորձի փոխանակումը: Հայաստանը հնարավորություն է ստանում մասնակցել փորձագետների պատրաստման ծրագրերին, գիտաժողովների, ու տեխնիկական կոմիտեների աշխատանքին, ապահովելով տեղական չափագիտական ենթակառուցվածքների զարգացում: Անդամակցությունը խթանում է ՀՀ-ում չափումների ազգային համակարգի ներդաշնակեցումը միջազգային չափանիշներին:

5. ինստիտուցիոնալ տեսանկյունից՝ անդամակցությունը կապահովի օրենսդրական չափագիտության ամրապնդում, OIML-ի անդամակցությունը կօգնի օրենսդրական չափագիտության ոլորտի բարելավմանը՝ ստեղծելով վստահելի եւ թափանցիկ չափման համակարգ: Չափման միավորների ազգային համադրություն BIPM-ի հետ կապահովի  Հայաստանին դառնալու համաշխարհային չափագիտության համակարգի մի մասը ինչը կարեւոր է չափագիտական անկախության համար:

6. անդամակցությամբ կապահովվի ոլորտի համապատասխանությունը ԵՄ պահանջներին: Անդամակցությունը նպաստում է հայկական չափագիտական համակարգի ներդաշնակեցմանը տարածաշրջանային եւ միջազգային պահանջների հետ, ինչը հիմնարար եւ կարեւոր է եվրոպական շուկայի համար, ապահովելով համագործակցության խորացումը:

Անդամակցությունը կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկանիշը տեխնիկական ոլորտում՝ դառնալով կապող օղակ Կովկասում՝ միջազգային չափագիտության համակարգերում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Էկոնոմիկայի նախարարության գլխի 11-րդ կետով սահմաված պահանջներով, մասնավորապես, «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» նպատակով, որի ներքո իրականացվող միջոցառումների ակնկալվող արդյունք է 2025 թ. չափագիտության միջազգային կառույցներին ասոցացված եւ թղթակցային անդամակցության ապահովումը:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (ԿՉՄԲ/BIPM)» ԱՍՈՑԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ՕՉՄԿ/OIML)» ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը:
 

Արտաքին գործերի նախարարության եզրակացություն

Արդարադատության նախարարության եզրակացություն

Ֆինանսների նախարարության եզրակացություն

Պետական գույքի կառավարման կոմիտեի գրություն

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն