Հոդված 1. Վավերացնել 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում:
Համաձայնագրի նպատակն է ազատականացնել եւ պարզեցնել Կողմերի միջեւ ապրանքների առեւտուրը, այդ թվում՝ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել Կողմերի միջեւ տնտեսական եւ առեւտրային փոխգործակցությանը, ինչպես նաեւ խրախուսել Կողմերի միջեւ առեւտրի ընդլայնումը եւ բազմազանեցումը:
Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է ապահովել Համաձայնագրի կողմերի միջեւ առեւտրի ընդլայնում եւ դիվերսիֆիկացում, ինչպես նաեւ բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը մոնղոլական շուկայում՝ ավելացնելով արտահանման ծավալները:
Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական եւ հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առեւտրի դյուրացումն ու խթանումը, մաքսային կարգավորումը, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները, էլեկտրոնային առեւտուրը, վեճերի լուծումը եւ այլ բնագավառներին առնչվող խնդիրներ:
Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման եւ ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաեւ առեւտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:
Համաձայնագիրը սահմանում է կողմերի սակագնային պարտավորությունների ցանկը , ապրանքների ծագումը որոշելու կանոնները, Համաձայնագրի գործողության շրջանակում տեղեկատվության փոխանակման հետ կապված առանձնահատկությունները եւ այլն:
Համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում կից ցանկերը՝ յուրաքանչյուր Կողմի համար 367 ապրանքային դիրքով, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ:
Մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի Հայաստանից արտահանվող այնպիսի ապրանքների մատակարարման ավելի մրցունակ պայմաններ, ինչպիսիք են ծխախոտը (Մոնղոլիայի դրույքաչափը 30%), կոնյակը (դրույքաչափը 15%), շոկոլադը (դրույքաչափը 5%), հանքային ջուրը (դրույքաչափը 5%), պահածոյացված մրգերը (դրույքաչափը՝ 5%):
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98%-ը: Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5%-ից կիջնի մինչեւ 1,2%: Արդյունքում՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչեւ 1 մլն ԱՄն դոլար:
Համաձայնագրով նախատեսվում է Համաձայնագրի գործողության ժամկետը սահմանել երեք տարի՝ հետագայում եւս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերն այլ բան չպայմանավորվեն:
Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության անունից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ եւ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԿՈՂՄԵՐԻ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր) ԵԱՏՄ անդամ երկրների եւ Մոնղոլիայի կողմից ստորագրվել է՝ 2025 թվականի հունիսի 27-ին քաղաք Մինսկում, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից: Համաձայնագրի նպատակն է ազատականացնել եւ դյուրացնել կողմերի միջեւ ապրանքների առեւտուրը, այն մասնավորապես անդրադառնում է սակագնային ազատականացման, մաքսային ոլորտում համագործակցության, մաքսային վարչարարության, էլեկտրոնային առեւտրին առնչվող հարցերին:
Ընդհանուր առմամբ, Համաձայնագրի ուղղված է՝ ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Մոնղոլիայի միջեւ ապրանքների առեւտրի ազատականացմանը եւ պարզեցմանն՝ այդ թվում՝ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով:
Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է ապահովել Համաձայնագրի կողմերի միջեւ առեւտրի ընդլայնում եւ դիվերսիֆիկացում, ինչպես նաեւ բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը Մոնղոլիայի շուկայում՝ ավելացնելով արտահանման ծավալները:
Համաձայնագրի կողմերն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Եվրասիական տնտեսական միությունը եւ Մոնղոլիան:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալու ամսաթվին հաջորդող վաթսունմեկերորդ օրը, որով հավաստվում է, որ ԵԱՏՄ-ն, ԵԱՏՄ անդամ պետությունները եւ Մոնղոլիան ավարտել են Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց համապատասխան ներքին իրավական ընթացակարգերը: Այդպիսի ծանուցումներն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Մոնղոլիայի միջեւ դիվանագիտական ուղիներով:
2025թ. օգոստոսի 12-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:
2025թ. օգոստոսի 12-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ ԱԳ նախարարությունը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանելու տեսանկյունից նպատակահարմար է գտնում 2025 թվականի հունիսի 27-ին քաղաք Մինսկում ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի մաքսային մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանակում:
Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ
հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ առեւտրի մասին» ժամանակավոր համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության:
Մասնավորապես՝ Համաձայնագրին կից Հավելված 4-ի 21-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է, որ եթե վեճի կողմերն այլ բան չեն համաձայնեցնում, ապա ըստ «ա» ենթակետի՝ վեճի յուրաքանչյուր կողմ իր նշանակած արբիտրի ծախսերը, իր ծախսերը եւ Արբիտրաժային կոլեգիայում մասնակցությունից կամ միջնորդության ընթացակարգից բխող դատական ծախսերն ինքն է կրում, իսկ ըստ «բ» ենթակետի՝ Արբիտրաժային կոլեգիայի նախագահողի, միջնորդի եւ Արբիտրաժային կոլեգիայի վարույթի իրականացման մյուս ծախսերը վեճի կողմերը կրում են հավասար չափով: Հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վեճի ցանկացած կողմի հարցման հիման վրա Արբիտրաժային կոլեգիան կարող է որոշում կայացնել սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված ծախսերի վերաբերյալ՝ հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները:
Հավելված 4-ի Հոդված 2-ի «բ» կետով սահմանվում է, որ «վեճի կողմեր» նշանակում է բողոք ներկայացնող կողմ եւ կողմ, որի դեմ ներկայացվել է բողոքը: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները եւ Եվրասիական տնտեսական միությունը կարող են հանդես գալ որպես վեճի կողմ համատեղ կամ առանձին: Առանձին հանդես գալու դեպքում, եթե միջոցը ձեռնարկվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից, ապա վեճի կողմ համարվում է Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետությունը:
Ելնելով վերոգրյալից՝ նշված դրույթների ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, որը գնահատել հնարավոր կլինի ծախսերի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում միայն:
Միաժամանակ, Համաձայնագրում առկա են ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման դրույթներ՝ հաշվի առնելով այն, որ 5-րդ հոդվածով սահմանվում են փոխադարձության սկզբունքով մաքսատուրքերի արտոնություններ:
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Հովակիմյանին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Կարապետյանին
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ» ժամանակավոր առեւտրային համաձայնագրում» «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Ա. Սիմոնյան
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում