Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1236-29.12.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 2-րդ մասում վեցերորդ նախադասությունը հանել:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «հոդվածի 7-րդ մասով նախատեսված» բառերը փոխարինել «հոդվածով սահմանված կարգով անընդմեջ երեք անգամ իրականացված ատեստավորումների արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու» բառերով:

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «47-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում» բառերը փոխարինել «38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում՝ եթե համաձայն չէ նշանակվելու ցածր զինվորական պաշտոնի,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար նոր պայմանագիր կնքած եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող զինվորական պաշտոնի նշանակված սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնող եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողը, ինչպես նաեւ սպայական կազմի զինվորական պաշտոնի նշանակված ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը ենթակա է պարտադիր ատեստավորման պաշտոնն զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո, եւ ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից: Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողն ատեստավորված է համարվում ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքների հիման վրա, եթե որպես պայմանագրային զինծառայող նշանակվում է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, որի դեպքում հավելավճարը հաշվարկվում է զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից: Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ սույն օրենքով սահմանված կարգով սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողն ատեստավորված է համարվում ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքների հիման վրա, որի դեպքում հավելավճարը հաշվարկվում է զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից:»:

Հոդված 5. Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողի հետ առաջին անգամ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով երկու կամ հինգ տարի ժամկետով սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հերթական պայմանագիր կնքվելու դեպքում զինծառայողն օգտվում է կնքված հերթական պայմանագրի ժամկետը լրանալու կամ կնքված հերթական պայմանագրի գործողության ընթացքում առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելիս պատվովճար ստանալու իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափերով:».

Հոդված 6. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերի հստակեցման, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու գրավչությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Զինծառայողների ատեստավորման համակարգի գործունեության վերլուծության արդյունքներով փաստվել է, որ այլեւս արդիական չէ զինծառայողին համապատասխան խմբի զինվորական պաշտոնի առաջին անգամ նշանակելիս պարտադիր ատեստավորման պահանջը, որի պարագայում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել պարտադիր ատեստավորման դեպքերը, ի դեմս՝ պահեստազորից պայմանագրային ծառայության ընդունվածների, սպայական կազմի զինվորական պաշտոնի նշանակված ենթասպայական կամ շարքային կազմերի զինծառայողների եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնող եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողների, քանի որ հավելավճարների չափերը սահմանող ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 166-Ն որոշմամբ սպայական կազմի զինծառայողների հավելավճարի չափը բարձր է ենթասպայական կամ շարքային կազմերի զինծառայողների հավելավճարի չափից, ինչպես նաեւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոն զբաղեցնողների հավելավճարի չափը բարձր է այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոն զբաղեցնողների հավելավճարի չափից: Անհրաժեշտություն է առաջացել նաեւ հստակեցնել երեք անգամ անընդմեջ ատեստավորում չանցնելու դեպքում զինծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ ցածր պաշտոնի նշանակելու պայմանը: Միաժամանակ, կարճ ժամանակահատվածում որոշակի խումբ զինծառայողների կրկնակի գնահատում իրականացնելուց զերծ մնալու, ինչպես նաեւ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով (ներդրված 2023թ. փետրվարին) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունը մեծացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ծրագրին ներգրավված զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում, ինչպես նաեւ ատեստավորված համարել ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին՝ ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքների հիման վրա: Բացի այդ, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնելու գրավչությունը եւ այդ զինծառայողներին հետագայում եւս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով, առաջարկվում է առաջին 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին հնարավորություն տալ երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում եւս նախատեսել համապատասխան չափով (ըստ կնքված պայմանագրի ժամկետի) պատվովճար ստանալու իրավունք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ չափերով (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 160-Ն որոշմամբ, նախատեսվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նշված որոշման մեջ սահմանել 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած զինծառայողին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով 1,5 մլն դրամ, իսկ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած զինծառայողին՝ 5 մլն դրամ պատվովաճարի հաշվարկումը):

Օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան կարգավորումներ կատարել ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 160-Ն եւ N 162-Ն որոշումներում, հավելավճարի հաշվարկման կարգը սահմանող ՀՀ պաշտպանության նախարարի 29.03.2023թ. N 2-Ն հրամանում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինվորական ծառայության շահադրդման թե նյութական եւ թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքների, զինծառայության գրավչության եւ հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունումը 2026 թվականի համար ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծախսերի ավելացման կամ ծախսերի նվազեցման չի հանգեցնելու:

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կանխատեսվում է ոչ շուտ, քան 2030 թվականի առաջին կիսամյակը, քանի որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով առաջին պայմանագրերը կնքվել են 2023թ. փետրվարին, դրանց 5-ամյա ժամկետն ավարտվում է 2028թ. փետրվարին, եթե ընդունենք, որ նշված ժամկետից հետո 1000 զինծառայող ցանկություն կհայտնի շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը 2 կամ 5 տարի պայմանագրային ժամկետով, ապա 2 տարվա դեպքում 2030 թվականին համար պարգեւավճարի ուղղությամբ ծախսը կկազմի 1,500.0 հազ. դրամ, իսկ 5 տարով կնքելու դեպքում՝ 2033թ. առաջին կիսամյակին ծախսը կկազմի 5,000.0 հազ. դրամ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն