Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1234-29.12.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր՝ 69.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 69.1. Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կառավարումը՝ կուտակային կայանատեղիների միջոցով

1.  Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը կարգավորելու նպատակով պետական սահմանի անցման կետով բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը սույն հոդվածով սահմանված դեպքերում կազմակերպվում է Կոմիտեի հերթերի կառավարման համակարգի (այսուհետ՝ Հերթերի կառավարման համակարգ) միջոցով:

2. Հերթերի կառավարման համակարգի միջոցով բեռնատար տրանսպորտային միջոցների հերթագրումն իրականացվում է կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կիլոմետր հեռավորության վրա:

3. Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, ինչպես նաեւ առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները սահմանում է Կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը Հայաստանի Հանրապետությունից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղի մուտք եւ ելք գործելուց հետո, սահմանում է Կառավարությունը:

5. Կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ Հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածի կիրառության նպատակով կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներ են համարվում Կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող եւ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

7. Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) առավելագույն չափը:

8. Սույն հոդվածի իմաստով` հերթագրման ծառայության մեջ ներառվում է մուտքը կուտակային կայանատեղի, կայանումը (անկախ տեւողությունից) եւ ելքը կուտակային կայանատեղիից:

9. Սույն հոդվածի իմաստով բեռնատար տրանսպորտային միջոց է համարվում իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցը, որն ունի ավելի քան 5000 կգ թույլատրելի առավելագույն զանգված:

10. Հերթերի կառավարման համակարգի եւ կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնողների էլեկտրոնային համակարգերի փոխազդեցության կարգը, հավաքագրվող եւ փոխանցվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կոմիտեն:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 3. Անցումային դրույթներ

Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում: