Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1234-29.12.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր՝ 69.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 69.1. Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կառավարումը՝ կուտակային կայանատեղիների միջոցով

1.  Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը կարգավորելու նպատակով պետական սահմանի անցման կետով բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը սույն հոդվածով սահմանված դեպքերում կազմակերպվում է Կոմիտեի հերթերի կառավարման համակարգի (այսուհետ՝ Հերթերի կառավարման համակարգ) միջոցով:

2. Հերթերի կառավարման համակարգի միջոցով բեռնատար տրանսպորտային միջոցների հերթագրումն իրականացվում է կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կիլոմետր հեռավորության վրա:

3. Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, ինչպես նաեւ առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները սահմանում է Կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը Հայաստանի Հանրապետությունից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղի մուտք եւ ելք գործելուց հետո, սահմանում է Կառավարությունը:

5. Կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ Հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածի կիրառության նպատակով կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներ են համարվում Կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող եւ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

7. Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) առավելագույն չափը:

8. Սույն հոդվածի իմաստով` հերթագրման ծառայության մեջ ներառվում է մուտքը կուտակային կայանատեղի, կայանումը (անկախ տեւողությունից) եւ ելքը կուտակային կայանատեղիից:

9. Սույն հոդվածի իմաստով բեռնատար տրանսպորտային միջոց է համարվում իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցը, որն ունի ավելի քան 5000 կգ թույլատրելի առավելագույն զանգված:

10. Հերթերի կառավարման համակարգի եւ կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնողների էլեկտրոնային համակարգերի փոխազդեցության կարգը, հավաքագրվող եւ փոխանցվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կոմիտեն:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 3. Անցումային դրույթներ

Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերում բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կանոնակարգման, Հայաստանի Հանրապետությունից մեկնման ուղղությամբ մաքսային մարմինների կողմից դրանց սպասարկման ժամանակահատվածի կրճատման, սահմանահատման գործընթացի պարզեցման, անցման կետերում կուտակումների եւ հերթերի բացառման, մաքսային եւ սահմանային այլ տեսակի հսկողության գործընթացների արդյունավետ եւ անխոչընդոտ իրականացման անհրաժեշտությամբ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետությունից փաստացի ելքի գործառնությունների իրականացման համար տրանսպորտային միջոցները ժամանում են պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետեր, ինչի արդյունքում պետական սահմանի անցման կետերում մեկնման ուղղությամբ հաճախակի առաջանում են կուտակումներ եւ հերթեր, այդ թվում՝ անցման գոտիների մի մասի խցանումներ:

Հերթերի կառավարման նպատակով նախագծով առաջարկվող  կայանատեղիների գործունեությունը հիմնավորվում է միջազգային փորձով: Մասնավորապես, ուսումնասիրվել է Եվրոպական միությունում եւ Վրաստանի Հանրապետությունում կիրառվող փորձը, ինչի արդյունքների հիման վրա էլ մշակվել են նախագծի կարգավորումները:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հարցում է կազմակերպել (անձնական գրասենյակի միջոցով) բեռնափոխադրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ կուտակային կայանատեղիների ստեղծման վերաբերյալ: Հարցմանը պատասխանել են թվով 45 բեռնափոխադրմամբ զբաղվող սուբյեկտներ, որոնց պատասխանների համաձայն հարցվածների շուրջ 87%-ը պատասխանել է, որ հաճախ է հանդիպում հերթերի ցամաքային անցման կետեր մուտք գործելիս, շուրջ 62%-ը պատասխանել է, որ միջինում հերթի սկզբից մինչեւ մաքսային կետ մուտք գործելու տեւողությունը կազմում է 3 ժամից ավելի, շուրջ 73%-ը պատասխանել է, որ ցամաքային անցման կետերի մոտակայքում բեռնատար տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղիի անհրաժեշտությունն առկա է:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Հիմք ընդունելով միջազգային պրակտիկայում կիրառվող կարգավորումները, առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարեւանությամբ նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման համապատասխան էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով: Նշված գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր եւ կուտակումներ՝ նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի եւ դրանցով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկությունների առկայության եւ անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների համար հերթերի կառավարման համակարգի կիրառման կարգավորումները:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի կարգավորումները բխում են ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից, մասնավորապես՝ ծրագրով նախատեսված՝ տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, մատուցվող ծառայությունների ժամանակի կրճատման նպատակներից:

Նախագիծն առնչվում է ՀՀ կառավարության 12.12.2019թ. N 1830-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարության՝ «2.1.4. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում» միջոցառմանը:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն