Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի հասկացության վերնագիրը եւ տեքստը «ձեռք բերված» բառերից հետո լրացնել «, տրված» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերը «83-րդ» բառից հետո լրացնել «կամ 106-րդ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1.1. ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք) 436-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում կաշառք տալու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նախատեսված է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հանցակազմերը:
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախ եւ առաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափերի հստակեցման կապակցությամբ առկա է օրենսդրական բաց, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 քրեական գործով 2024 թվականի հուլիսի 26-ի նախադեպային որոշմամբ (այսուհետ նաեւ՝ Վճռաբեկ դատարանի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշում) իրավական դիրքորոշում է արտահայտել:
Այսպես.
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝
«1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
(...)
17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի.»:
ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝
«1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որեւէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝
պատժվում է (...):
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
(...)
2) խոշոր չափերով կամ
(...):
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
(...)
2) առանձնապես խոշոր չափերով`
(...):»:
Վճռաբեկ դատարանի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշմամբ ի թիվս այլնի արձանագրվել է հետեւյալը.
«(...) Ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանվում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով՝ օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների ներքո: Վերոնշյալ չափերը ընդհանուր են ՀՀ գործող քրեական օրենսգրքի հատուկ մասով սահմանված բոլոր այն հանցակազմերի համար, որոնցում հանցագործության չափերը նախատեսված են որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ կամ հանցակազմը որակյալ կամ առավել որակյալ դարձնող հանգամանք, եթե կոնկրետ հանցակազմի շրջանակում այլ չափ սահմանված չէ (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներ 267-ը, 282-ը, 290-ը եւ այլն):
11.1. Անդրադառնալով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով որպես ծանրացնող եւ առավել ծանրացնող հանգամանք նախատեսված են նույն արարքի կատարումը խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով: «Խոշոր» եւ «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երեւույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր: Մինչդեռ, քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել:
Այսպես՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որեւէ մեկի հետ: Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական եւ չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին:
12. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» եւ «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն, մասնավորապես՝ սահմանված չէ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի որ չափն է համարվում խոշոր, իսկ որը՝ առանձնապես խոշոր: Այլ կերպ՝ առկա է օրենսդրական բաց, ինչը որեւէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու եւ անալոգիայով կիրառելու արգելքը: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերն անալոգիայով կիրառելը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը:
Այսպիսով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք լինել (...)»:
ՀՀ վճռաբեկ դատարանը՝ Դավիթ Սիմիդյանի վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13 գործով որոշման շրջանակներում արձանագրել է.
«( ) ՀՀ քրեական օրենսգրքի որեւէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու եւ անալոգիայով կիրառելու արգելքը: Հետեւաբար նման իրավիճակն օրենսդրական կարգավորման խնդիր է: ( ) ?Դ?ատական մեկնաբանման շրջանակները սահմանափակված են օրինականության սկզբունքով: Այդպիսի մեկնաբանումը հնարավոր է այն դեպքում, երբ իրականացվում է օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորման շրջանակներում, բխում է դրա էությունից եւ բացառում քրեական օրենքի տարածական մեկնաբանումը կամ անալոգիայով կիրառումը: Վերոգրյալից հետեւում է, որ այն դեպքում, երբ հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: Նման դեպքերում օրենքը չի համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին, հետեւաբար դրա հիման վրա անձին դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն եւ պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտման»:
Հիմք ընդունելով վերը շարադրված վերլուծությունը՝ նախ հարկ ենք համարում նշել, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ դիտարկելով «խոշոր չափը» եւ «առանձնապես խոշոր չափը», միեւնույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասում չի նախատեսել, թե խնդրո առարկա հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր: Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում օրենսդիրը սահմանել է հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, ինչից, սակայն, հետեւում է, որ սահմանված այդ չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք կամ օգուտ չափ» եզրույթը որեւէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ: Այլ կերպ՝ քննարկվող նորմը չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը:
Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի ձեւավորած եւ վերը մեջբերված նախադեպային իրավական դիրքորոշումները, հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու եւ անալոգիայով կիրառելու արգելքը: Ընդ որում, պետք է փաստել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը ուղղակիորեն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերի անալոգիայով կիրառումը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը:
1.2 ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետեւյալ ժամկետները (...)»: Այսինքն՝ վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է հանցանքն ավարտելուն հաջորդող օրվանից, ի տարբերություն նախկին իրավակարգավորման, որով, որպես վաղեմության ժամկետի սկիզբ, նշվում էր հանցանքն ավարտված համարելու օրը: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքն ավարտվելու օրվանից անցել է 15 տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտվելու օրվանից՝ 25 տարի, եւ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:
Վաղեմության ժամկետի կասեցումն այլ կերպ ասած վաղեմության ժամկետի հոսքի ժամանակավոր դադարում է այն պահից, երբ ենթադրյալ հանցանք կատարած անձը, չի ներկայանում քննության: Հարկ է նշել, որ անձը չի կարող համարվել քննությունից խուսափող, եթե նրա կատարած ենթադրյալ հանցանքի մասին հայտնի չէ իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ պարզված չէ նրա` ենթադրյալ հանցագործությանն առնչվելու փաստը եւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ:
Վերոգրյալի համատեսքտում հարկ է նկատել, որ գործող իրավակարգավորումները գրեթե նույնական են եւ հիմնական տարբերությունը հանգում է ժամկետներին: Նոր իրավակարգավորումն ավելի երկար կասեցման ժամկետներ է սահմանել, քան նախկին քրեական օրենսգքով սահմանվածներն էին, ինչը թույլ կտա քննությունից խուսափող անձանց հայտնաբերել եւ ենթարկել քրեական պատասխանատվության ավելի մեծ ժամանակահատվածի ընթացքում: Նման պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ վաղեմության ժամկետների կասեցման վերաբերյալ իրավակարգավորումն ուժը կորցրած ճանաչելն արդարացված կլինի, քանի որ գործող իրավակարգավորումների պայմաններում անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու պահից վաղեմության ժամկետներն այլեւս չեն հաշվարկվում, եւ նման իստիտուտի գոյությունը կարծում ենք կարող էր արդիական լինել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, երբ վաղեմության ժամկետը հաշվարկվում էր հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը
1.3 ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն՝
«1. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչեւ դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը եւ նշանակում է պատիժ:
(...)
3. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչեւ դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատաբժշկական փորձաքննության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը պատիժ է նշանակում:
(...)
6. Սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը հնարավոր է դարձնում պատժի կատարումը, անձը ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները: Սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձի ապաքինվելու դեպքում նա ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները:
7. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձը մինչեւ սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձը մինչեւ սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:
(...)»:
Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից բխում է, որ այն անձը, ում նկատմամբ պատիժ նշանակելը հետաձգվել է, առողջական վիճակի փոփոխությամբ այմանավորված ենթակա է պատժի, եթե չեն անցել ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հդվածով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանված ընդհանուր վաղեմության ժամկետները: Մինչդեռ, հիշյալ հոդվածում հղում չի տրվում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածին, որը նախատեսում է անչափահասներին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության հատուկ ժամկետները, մասնավորապես՝ մինչեւ 18 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երկրորդի չափով, իսկ 18-ից մինչեւ 21 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երրորդի չափով:
Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերում կատարել այնպիսի լրացում, որը կամբողջացնի քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանված վաղեմության ժամկետների ինստիտուտը, այդ թվում՝ անչափահասների եւ 21 տարին չլրացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու մասով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
2.1 Սույն հիմնավորման 1.1 կետում շարադրված իրական ակտերից եւ վերլուծություններից պարզ է դառնում, որ այն հանցակազմերում, որտեղ կաշառք տալու (մասնավոր ոլորտում կաշառք տալու) եւ ապօրինի վարձատրություն տալու խոշոր եւ առանձնապես չափեր են նախատեսված, այդ չափերի բացահայտման առումով առկա է օրենսդրական բաց, որը կարող է լրացվել միայն օրենսդրական փոփոխություն կատարելով:
Վերոգրյալից ելնելով՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում լրացում կատարել, այն է «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» բառերից հետո լրացնել «տրված» բառը, որն իրենից ենթադրում է խոստանալ, առաջարկել կամ տրամադրել: Այլ կերպ՝ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խնդրո առարկա հանցանքների օբյեկտիվ կողմը կազմող հիշյալ գործողությունների առանձին թվարկման անհրաժեշտությունը բացակայում է: Հանցագործությունն ավարտված է համարվում կաշառքը կամ ապօրինի վարձատրությունը տալու՝ առաջարկելու, խոստանալու կամ տրամադրելու պահից:
2.2 Հիմնավորվման 1.2-րդ կետոով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
2.3 Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերում հղում կատարել նաեւ անչափահասներին վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավանորմին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կլուծվի այն օրենսդրական բացը, որին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 գործով 2024 թվականի հուլիսի 26-ի նախադեպային որոշմամբ:
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:
6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու եւ օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապ"տու՟թյան օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապ"տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում