Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.2-րդ կետով.
«7.2) սույն օրենքով նախատեսված կարգով վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաեւ վերջիններիս խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների եւ նախարարի տեղակալների բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21.2-րդ կետով.
«21.2) սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաեւ վերջիններիս խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների, նախարարի տեղակալների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն եւ ներկայացնում բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ, որոնք ենթակա չեն հրապարակման.»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 26.3-րդ հոդվածով.
«Հոդված 26.3. Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաեւ վերջիններիս խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների եւ նախարարի տեղակալների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը
1. Հանձնաժողովը վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաեւ վերջիններիս խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների եւ նախարարի տեղակալների կողմից պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրերը ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում իրականացնում է վերջիններիս բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձինք ազատված են «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրեր ներկայացնելու պարտականությունից, ապա Հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվում է համապատասխան պաշտոնում նշանակում կատարվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում՝ նախկինում ներկայացված հայտարարագրերի հիման վրա:
3. «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 8-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով նախարարի տեղակալի, ինչպես նաեւ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների վերանշանակվելու դեպքում, բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում, եթե նույն անձի բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տրամադրումից չի անցել 1 տարի:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը ներառում է վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, վերջիններիս խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների եւ նախարարի տեղակալների, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրերի վերլուծություն՝ համադրված, առկայության դեպքում, նույն անձանց նախկինում ներկայացված հայտարարագրերի տվյալների հետ:
5. Սույն հոդվածով նախատեսված բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով եւ պայմաններով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
6. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովը բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ է ներկայացնում՝
1) վարչապետի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների դեպքում՝ վարչապետին.
2) վարչապետի, փոխվարչապետների, նախարարարների խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների դեպքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին.
3) փոխվարչապետների, նախարարների դեպքում՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու համար առաջարկություն ներկայացնելու իրավասություն ունեցող անձին.
4) նախարարների տեղակալների դեպքում՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու համար առաջարկություն ներկայացնելու եւ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձանց:
7. Բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը ներառում է անձի գույքային դրության եւ մասնավոր շահերի տեսանկյունից հնարավոր ռիսկերը եւ դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկությունները:»:
Հոդված 4.
1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2) Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն չանցած նախարարի տեղակալները եւ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականները, «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 8-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով վերանշանակվելու դեպքում, օրենքով սահմանված կարգով անցնում են բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում