Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1230-26.12.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է տվյալ քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները՝ այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3.1-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Դատապարտյալին պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամկետի մեջ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: