Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1228-26.12.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 63-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերն իրենց գույքային իրավունքների կառավարումն ապահովելու նպատակով, երբ այդ իրավունքների իրականացումն անհատական կարգով գործնականում դժվար է, ստեղծում են կոլեկտիվ կառավարման ոչ առեւտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող  կազմակերպություններ (այսուհետ՝ կոլեկտիվ կառավարման կազմակերպություն): Նման կազմակերպությունների ստեղծումը չի խոչընդոտում հեղինակային եւ հարակից իրավունքների իրավատերերին ներկայացվել (իրականացնել անհատական գույքային իրավունքների կառավարում) այլ իրավաբանական անձանց եւ քաղաքացիների միջոցով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, որը սույն օրենքով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրավատերերի կողմից վերապահված լիազորությունների հիման վրա, որպես միակ նպատակ, իրականացնում է հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ գույքային իրավունքների կառավարում: Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունները հավատարմագրվում են սույն օրենքով սահմանված կարգով: Ընդ որում նույն կատեգորեաների իրավունքների համար կոլեկտիվ հիմունքներով կառավարման նպատակով չի կարող հավատարմագրվել մեկից ավելի կազմակերպություն:

3. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը կարող է իրականացնել՝

1) տարբեր կատեգորեաների օբյեկտների նկատմամբ մեկ իրավունք, կամ

2) մեկ կատեգորիայի օբյեկտի նկատմամբ տարբեր իրավունքներ, կամ

3) տարբեր կատեգորիաների օբյեկտների նկատմամբ տարբեր իրավունքներ:

4. Կոլեկտիվ հիմունքներով կարող են իրականացվել՝

1) հրապարակային կատարման,

2) հանրությանը հաղորդման,

3) ձայնատեսագրության միջոցով վերարտադրության,

4) հեռարձակման եւ վերահեռարձակման,

5) մալուխային կապով հաղորդման եւ վերահաղորդման գույքային իրավունքների կառավարումը:

5. Իրավատերերի (անդամների) կողմից լիազորությունները վերապահվում են պայմանագրով, որը կնքվում է գրավոր՝ կոլեկտիվ կառավարման կազմակերպության եւ իրավատերերի,  ինչպես նաեւ կոլեկտիվ կառավարման այլ կազմակերպությունների միջեւ: Իրավատերերի հետ կնքվող պայմանագրում նշվում է ռեպերտուարը, որի նկատմամբ գույքային իրավունքները հանձնվում են կառավարման: Ռեպերտուար է համարվում որոշակի իրավունքներով պահպանվող հրապարակված այն օբյեկտների (երաժշտական, տեսալսողական, դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, կերպարվեստի եւ այլ ստեղծագործությունների, հարակից իրավունքների) ցանկը, որոնց նկատմամբ գույքային իրավունքների կառավարումն իրականացնում է կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը (այսուհետ՝ ռեպերտուար): Հավատարմագրված կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն իր իրավասության շրջանակներում իրականացնում է նաեւ այն իրավատերերի գույքային իրավունքների կառավարումը, ովքեր չեն հրաժարվել գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումից (ընդլայնված կոլեկտիվ կառավարում):

6. Միեւնույն ժամանակ, կոլեկտիվ հիմունքներով իրավունքների կառավարման կազմակերպությունը պարտավոր է ստանձնել այդ իրավունքների կառավարումը, եթե իրավունքների այդպիսի կատեգորիայի կառավարումը վերաբերում է այդ կազմակերպության կանոնադրական նպատակներին եւ գործունեությանը: Կոլեկտիվ հիմունքներով իրավունքների կառավարման կազմակերպություններն իրավունք չունեն օգտագործելու հեղինակային եւ հարակից իրավունքների այն օբյեկտները, որոնց նկատմամբ բացառիկ իրավունքները փոխանցվել են իրենց կառավարմանը:

7. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը գործունեությունն իրականացնում է հավատարմագրվելուց հետո: Հավատարմագրումն ու վերահսկողությունն իրականացնում է մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ վերահսկող մարմին): Կոլեկտիվ կառավարման կազմակերպության հավատարմագրման կարգը եւ ժամկետները սահմանվում են կառավարության որոշմամբ:

8. Կոլեկտիվ կառավարման կազմակերպության անդամ նշանակում է իրավատեր կամ իրավատերերին ներկայացնող կազմակերպություն, ներառյալ այլ կոլեկտիվ կառավարման կազմակերպություններ եւ իրավատերերի ասոցիացիաներ, որոնք համապատասխանում են կոլեկտիվ կառավարման կազմակերպության անդամակցության պայմաններին (այսուհետ՝ անդամ): Անդամություն չունեցող ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում սույն օրենքի իմաստով անդամ են հանդիսանում այն իրավատերերը, ովքեր հանդիսանում են կազմակերպության շահառու եւ կնքել են կոլեկտիվ կառավարման լիազորություններ վերապահող պայմանագիր կոլեկտիվ կառավարման կազմակերպության հետ:»

Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն իրականացնում է հրապարակված ռեպերտուարի նկատմամբ գույքային իրավունքների կառավարում, մասնավորապես՝

1) կնքում է պայմանագրեր օգտագործողների հետ ստեղծագործությունների օգտագործման թույլտվության եւ վարձատրություն ստանալու վերաբերյալ, համաձայնեցնում օգտագործողների հետ վարձատրության չափը եւ պայմանագրի այլ պայմաններ.

2) կնքում է փոխադարձ պահպանության համաձայնագրեր օտարերկրյա պետություններում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ.

3) ստուգում է օգտագործողների՝ վարձատրության հաշվարկին վերաբերող փաստաթղթերը եւ վերահսկում է ռեպերտուարի օգտագործումը.

4) հաշվարկում եւ հավաքում է հեղինակների՝ ռեպերտուարի օգտագործումից առաջացած վարձատրությունը.

5) բաշխում է իրավատերերին հասանելիք գումարները.

6) ներկայացնում է իր՝ անդամ (շահառու) հանդիսացող եւ օտարերկրյա իրավատերերի շահերը դատարանում, պետական, ոչ պետական ու հասարակական մարմիններում.

7) հավաքում, բաշխում ու վճարում իրականացնելիս առաջացած փաստացի ծախսերը ծածկելու համար հավաքված գումարներից, որպես կառավարման վճար, իր կանոնադրությամբ սահմանված կարգով կատարում է գանձումներ: Այդ ծախսերը պետք է լինեն հիմնավորված ու փաստաթղթերով հաստատված:

2. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն ի պահ է վերցնում հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների օբյեկտները եւ տալիս համապատասխան փաստաթուղթ:

3. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն իրավատերերի ու օգտագործողների համար ստեղծում է էլեկտրոնային միջոցներով հաղորդակցվելու հնարավորություն՝ իրենց իրավունքների իրականացման եւ, համապատասխան դեպքերում, ռեպերտուարի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Մասնավորապես, Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը պարտավոր է՝

1) ստեղծել (սահմանել) պաշտոնական կայք՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տեղադրելու (հրապարակելու) համար (այսուհետ՝ պաշտոնական կայք).

2) ապահովել պաշտոնական կայքի հասանելիությունը շուրջօրյա ռեժիմով, պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվության հրապարակայնությունը, ինչպես նաեւ այդպիսի տեղեկատվության անհատույց տրամադրումը.

3) ձեւավորել այնպիսի գրանցամատյաններ, որոնք պարունակում են տեղեկություններ՝ իրավատերերի, հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքների օբյեկտների ու այդպիսի կազմակերպության կառավարմանը փոխանցված իրավունքների վերաբերյալ (այսուհետ՝ գրանցամատյաններ)՝ բացառությամբ այնպիսի տեղեկությունների, որոնք օրենքին համապատասխան, չեն կարող հրապարակվել՝ առանց իրավատիրոջ համաձայնության.

4) տեղադրել գրանցամատյանները պաշտոնական կայքում, ինչպես նաեւ իրականացնել դրանց վարումն ու ժամանակին թարմացումը՝ օգտագործողների հետ պայմանագրեր կնքելու եւ վարձատրությունը վճարելու նպատակով.

5) ներդնել այնպիսի ընթացակարգեր, որոնց միջոցով կոլեկտիվ հիմունքներով կառավարող մյուս կազմակերպությունները, ինչպես նաեւ այն իրավատերերը, ի շահ որոնց կազմակերպությունը կնքում է պայմանագրեր օգտագործողների հետ, կկարողանան ծանուցել գրանցամատյաններում առկա եւ նրա կողմից կառավարվող իրավունքներին առնչվող ցանկացած անճշտության մասին:

4.Կոլեկտիվ կառավարման կազմակերպության միջոցով պարտադիր կառավարման ենթակա է՝

1) առեւտրային նպատակով արտադրված հնչյունագիրը՝ հեռարձակման, վերահեռարձակման, մալուխով հաղորդման կամ վերահաղորդման միջոցով օգտագործելու իրավունքը.

2) առեւտրային նպատակով արտադրված հնչյունագրում ամրագրված կատարումը՝ հեռարձակման, վերահեռարձակման, մալուխով հաղորդման կամ վերահաղորդման միջոցով օգտագործելու իրավունքը.

3) կերպարվեստի ստեղծագործության վերավաճառքի իրավունքը.

4) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները կամ կատարման ձայնագրության կամ ձայնատեսագրության օրինակը վարձույթով տալու իրավունքը.

5) ստեղծագործությունները, կենդանի կատարումը կամ հնչյունագրում ամրագրված կատարումը (բացառությամբ առեւտրային նպատակով արտադրված հնչյունագրերում ամրագրվածների), ինչպես նաեւ տեսալսողական ամրագրումներն ու հնչյունագրերը մալուխային վերահաղորդման միջոցով օգտագործելու իրավունքը:

Սույն մասը չի կիրառվում ստեղծագործությունների արբանյակային կապով հեռարձակման վրա:

5. Հավատարմագրված կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն իր իրավասության շրջանակներում իրականացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակութվող այն իրավատերերի գույքային իրավունքների կառավարումը, ովքեր չեն հրաժարվել գույքային իրավունքների կառավարումից: Իրավատերը, ով հավատարմագրված կոլեկտիվ կառավարման կազմակերպության հետ գույքային իրավունքների կառավարման լիազորություններ տրամադրելու վերաբերյալ գրավոր պայմանագիր չի կնքել, իրավասու է ցանկացած պահի, գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով, ամբողջական կամ մասնակի հրաժարվել հավատարմագրված կոլեկտիվ կառավարման կազմակերպության կողմից իր իրավունքների կառավարումից: Սույն օրենքով սահմանված անդամակցության դադարեցման պայմանների վերաբերյալ դրույթը համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) կիրառվում է կոլեկտիվ կառավարման կազմակերպության անդամ չհանդիսացող իրավատերերի նկատմամբ:Այն ժամանակահատվածում, որի ընթացքում անդամ չհանդիսացող իրավատերերի իրավունքների կառավարումն իրականացվում է կոլեկտիվ կառավարման կազմակերպության կողմից, նրանք՝ համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), օգտվում են կոլեկտիվ կառավարման կազմակերպության անդամների սույն օրենքով նախատեսված իրավունքներից: Սույն մասը չի կիրառվում տեսալսողական ստեղծագործությունների արբանյակային կապով հեռարձակման վրա:

6. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի ներգրավել անկախ աուդիտորական կազմակերպության՝ իր հաշվապահական (ֆինանսական) հաշվետվության աուդիտ անցկացնելու, ինչպես նաեւ վարձատրության հավաքագրման, բաշխման եւ վճարման ընթացքում դրամական միջոցների հետ գործառնությունների վարումը եւ փաստաթղթային ձեւակերպումը, կազմակերպության կողմից հաստատված մեթոդիկայով նախատեսված՝ հավաքագրված վարձատրության բաշխման պահանջներին համապատասխանությունը, հատուկ միջոցների հաշվին կատարված նպատակային դրամական մուտքերի եւ վճարումների հաշվառումը, ինչպես նաեւ կազմակերպության գործունեությանը ներկայացվող այլ պահանջներ ստուգելու նպատակով: Կազմակերպությունն աուդիտորական եզրակացության հաստատման (ստորագրման) օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր է պաշտոնական կայքում հրապարակել աուդիտորական եզրակացությունը եւ համապատասխան հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունը, որոնք հինգ տարվա ընթացքում պետք է հասանելի լինեն իրավատերերի համար: Հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունը եւ աուդիտի եւ ստուգման ենթակա ցանկացած այլ տեղեկատվություն չեն կարող դասվել գաղտնի բնույթ ունեցող տեղեկության, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության շարքին:

7. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը պետք է ունենա իրավատերերի խորհուրդ, որը պետք է բաղկացած լինի առնվազն հինգ անդամից: Իրավատերերի խորհրդի անդամները պետք է լինեն կազմակերպության անդամ, իսկ անդամություն չունեցող կազմակերպության դեպքում՝ շահառու: Կոլեկտիվ կառավարման կազմակերպության անդամներն (շահառուներն) իրավունք ունեն, իրավատերերի խորհրդի միջոցով, վերահսկողություն իրականացնել կազմակերպության նկատմամբ՝ կանոնադրությամբ նախատեսված ներքին հսկողության մեխանիզմների հիման վրա: Իրավատերերի խորհրդում տարբեր կատեգորիայի անդամների (շահառուների) ներկայացվածությունը պետք է լինի արդար եւ հավասարակշռված: Իրավատերերի խորհրդի մեկ անդամ հավաստագրման որոշմամբ նշանակվում է պետական լիազոր մարմնի կողմից (ի պաշտոնե): Իրավատերերի խորհուրդը եւ գործադիր մարմնի ղեկավարը պարտավոր են կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը կառավարել թափանցիկ, արդյունավետ եւ ողջամիտ կերպով՝ օգտագործելով վարչական, հաշվապահական արդյունավետ ընթացակարգեր եւ ներքին վերահսկողության մեխանիզմներ:

8. Իրավատերերի խորհուրդն իրավասու է՝

1) հաստատել վարձատրության հաշվարկման, հավաքագրման, բաշխման կարգը,

2) հաստատել իրավատերերի եւ օգտագործողների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը,

3) սահմանել դրույքաչափեր եւ առանձին գործողությունների համար վճարներ,

4) հաստատել իրավատերերի գրանցման ու գրանցամատյանների վարման կարգը,

5) իրականացնել կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64.1-ին հոդվածով.

«Հոդված 64.1. Կոլեկտիվ կառավարման կազմակերպության հավատարմագրումը.

1. Որպես կոլեկտիվ կառավարման կազմակերպություն կարող է հավատարմագրվել ցանկացած ոչ առեւտրային իրավաբանական անձ, որն ունի՝

1) սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող կանոնադրություն,

2) որոշակի ռեպերտուարի իրավատերերի գրանցամատյան (տվյալների բազա),

3) համապատասխան անձնակազմ եւ տեխնիկական միջոցներ (տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցման սարքավորումներ, ծրագրային ապահովում, տվյալների բազաներ, անհրաժեշտ տարածքներ եւ այլն) իրավունքների կոլեկտիվ կառավարումն արդյունավետ, պատշաճ եւ թափանցիկ իրականացնելու համար,

4) հեղինակային վարձատրության եւ (կամ) հարակից իրավունքների իրավատերերի վարձատրության հավաքագրման, բաշխման եւ վճարման մեխանիզմներ,

5) իրավատերերի ու օգտագործողների համար ստեղծված էլեկտրոնային միջոցներով հաղորդակցվելու հնարավորություն:

2. Հավատարմագրման գործընթացը վերահսկող մարմինն իրականացում է ցանկացած իրավաբանական անձի դիմումի հիման վրա, որի մեջ նշվում են կոլեկտիվ կառավարման ենթակա իրավունքները: Դիմումին կից ներկայացվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք հիմնավորում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:

3. Հավատարմագրման դիմումի եւ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության համար վերահսկող մարմինը ստեղծում է հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որի անհատական կազմը հաստատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Հանձնաժողովի կազմի առնվազն կեսը նշանակվում են մտավոր սեփականության բնագավառի՝ օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի մտավոր սեփականության գրասենյակի առաջարկությամբ: Փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացվում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում տալիս է հավատարմագրման համար օրենքով սահմանված պահանջների համապատասխանության կամ չհամապատասխանության մասին եզրակացություն:

4. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա վերահսկող մարմնի ղեկավարը որոշում է կայացնում հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու մասին:

5. Վերահսկող մարմնի ղեկավարը հավատարմագրման մասին որոշում է կայացնում, եթե Հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացության համաձայն՝

1) կազմակերպության կանոնադրությունը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին,

2) կազմակերպությունն իր կանոնադրության համաձայն բաց է դիմումում նշված կառավարման ենթակա իրավունքների ցանկացած այլ իրավատերերի անդամակցության կամ կոլեկտիվ կառավարման լիազորություններ վերապահող պայմանագիր կնքելու համար,

3) վարձատրության հաշվարկման, հավաքագրման, բաշխման կարգը, իրավատերերի եւ օգտագործողների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը չեն հակասում սույն օրենքի դրույթներին,

4) սույն օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականացնելու համար կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն ունի համապատասխան տեխնիկական միջոցներ եւ անձնակազմ,

5) որոշակի ռեպերտուարի համար ունի գրանցամատյաններ,

6) ստեղծել է իրավատերերի ու օգտագործողների համար ստեղծված էլեկտրոնային միջոցներով հաղորդակցվելու հնարավորություն:

6. Վերահսկող մարմնի ղեկավարը հավատարմագրումը մերժելու մասին որոշում է կայացնում, եթե Հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացության համաձայն՝ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններին կամ հավատարմագրման կարգին

7. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությանը հավատարմագրելու մասին որոշում ընդունելու դեպքում Վերահսկող մարմինը կոլեկտիվ կառավարման կազմակերպությանը տալիս է հավատարմագրման վկայական: Հավատարմագրման վկայականի ձեւը սահմանում է վերահսկող մարմինը:

8. Հավատարմագրման վկայականի գործողության ժամկետը հինգ տարի է, որը հաշվարկվում է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հավատարմագրման մասին որոշման ընդունման օրվանից: Հավատարմագրման վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել բազմակի անգամ, ամեն անգամ 5 տարի ժամկետով՝ պետական լիազոր մարմին ներկայացված դիմումի հիման վրա: Հավատարմագրման վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել բազմակի անգամ, ամեն անգամ 5 տարի ժամկետով՝ պետական լիազոր մարմին ներկայացված դիմումի հիման վրա: Դիմումը ներկայացվում է հավատարմագրման վկայականի գործողության ընթացիկ ժամկետի վերջին 3 ամսվա ընթացքում՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

9. կոլեկտիվ կառավարման կազմակերպությանը հավատարմագրումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում պետական լիազոր մարմինը մերժման մասին որոշումը հնգօրյա ժամկետում տրամադրում է դիմում ներկայացրած կազմակերպությանը: Պետական լիազոր մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64.2-րդ հոդվածով.

«Հոդված 64.2. Կոլեկտիվ կառավարման կազմակերպության նկատմամբ պետական վերահսկողությունը

1. Պետական լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում կոլեկտիվ կառավարման կազմակերպության գործունեության նկատմամբ՝ սույն օրենքի դրույթներին դրա համապատասխանության մասով:

2. Կոլեկտիվ կառավարման կազմակերպության գործունեության վերաբերյալ պետական լիազոր մարմինը կարող է՝

1) պահանջել ցանկացած փաստաթուղթ, տեղեկություն, բանավոր կամ գրավոր բացատրություն,

2) ստուգել գործունեության հաշվապահական հաշվառման եւ այլ փաստաթղթերը,

3) հասանելիություն ստանալ տեխնիկական ու էլեկտրոնային միջոցներին:

3. Պետական լիազոր մարմինն իրավասու չէ լուծել կոլեկտիվ կառավարման կազմակերպության եւ նրա անդամների (իրավատերերի), ինչպես նաեւ կոլեկտիվ կառավարման կազմակերպության եւ օգտագործողների միջեւ ծագած վեճերը:

4. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը սեփական նախաձեռնությամբ, կանոնավոր, պատշաճ կերպով տեղեկություններ է ներկայացնում պետական լիազոր մարմին իր կանոնադրության կամ գործունեության որեւէ փոփոխության վերաբերյալ մեկամսյա ժամկետում, որոնք կարգավորվում են սույն օրենքով: Հավատարմագրումից հետո մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը Պետական լիազոր մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը եւ հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

5. Եթե վերահսկող մարմինը պարզում է, որ կոլեկտիվ կառավարման կազմակերպության գործունեությունը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին, ապա իր որոշմամբ կազմակերպությանը պարտավորեցնում է եռամսյա ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները: Եթե սահմանված ժամկետում կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը չի վերացնում խախտումները, ապա վերահսկող մարմինը կարող է նոր որոշմամբ պահանջել որոշակի ժամկետում կոլեկտիվ կառավարման կազմակերպության իրավատերերի խորհրդի նոր ընտրություններ: Հիմնավոր պատճառների առկայության դեպքում պետական լիազոր մարմինը կարող է կոլեկտիվ կառավարման կազմակերպության դիմումի հիման վրա երկարաձգել սույն մասով նախատեսված  ժամկետը:

6. Պետական լիազոր մարմինն իր որոշմամբ դադարեցնում է կոլեկտիվ կառավարման կազմակերպությանը տրամադրված հավատարմագրման վկայագրի գործողությունը, եթե՝

1) առաջացել են այնպիսի հանգամանքներ, որոնք սույն օրենքի համաձայն հավատարմագրումը մերժելու հիմք են հանդիսանում.

2) կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը սահմանված ժամկետներում չի վերացրել պետական լիազոր մարմնի կողմից հայտնաբերված խախտումները:

Հավատարմագրի չեղյալ հայտարարումը չի դադարեցնում կոլեկտիվ կառավարման կազմակերպության՝ մինչ այդ պահը հավաքագրված գումարները իրավատերերի միջեւ բաշխելու պարտավորությունները: Վերահսկող մարմինը հավատարմագրի չեղյալ հայտարարման որոշման կայացումից հետո մինչեւ չեղյալ հայտարարումն ուժի մեջ մտնելը իրականացնում է կոլեկտիվ կառավարող կազմակերպության նոր հավատարմագրում:»

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64.3-րդ հոդվածով.

«Հոդված 64.3. Կոլեկտիվ կառավարման կազմակերպության հարաբերությունները իրավատերերի հետ.

1. Որոշակի կատեգորիայի իրավատիրոջ դիմումի հիման վրա կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը պարտավոր է նրա հետ կնքել նույնատիպ պայմաններով պայմանագիր, ինչպիսին կնքել է նույն կատեգորիայի այլ իրավատերերի հետ: Իրավատերը կարող է կոլեկտիվ կառավարման կազմակերպությանը լիազորել կառավարելու իր իրավունքները, իրավունքների կատեգորիաները կամ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների օբյեկտների տեսակները՝ անկախ իր քաղաքացիությունից, մշտական բնակության կամ գտնվելու վայրից:

2. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը խտրականություն չի դնում իր հետ պայմանագիր կնքած իրավատերերի եւ այն իրավատերերի միջեւ, ում իրավունքները կառավարում է մեկ այլ կոլեկտիվ կառավարման կազմակերպության հետ կնքած ներկայացուցչական պայմանագրի կամ առանց պայմանագրերի՝ օրենքի հիման վրա, մասնավորապես՝ կիրառվող դրույքաչափերի, կառավարման վճարների եւ իրավունքների օգտագործումից ստացված եկամուտների հավաքագրման եւ իրավատերերին հասանելիք գումարների բաշխման պայմանների վերաբերյալ:

3. Ռեպերտուարի օգտագործման դիմաց ստացված վարձատրության բաշխումը եւ վճարումը կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն իրականացնում է իր կանոնադրությամբ նախատեսված կարգի համաձայն: Բաշխման համար հիմք է հանդիսանում որոշակի ռեպերտուարի փաստացի օգտագործման չափը (համաչափության սկզբունք): Ռեպերտուարի օգտագործման դիմաց ստացված վարձատրությունը կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը բաշխում եւ վճարում է կանոնավոր, պատշաճ եւ ճշգրիտ՝ հավասար մոտեցում ապահովելով բոլոր իրավատերերի նկատմամբ:

4. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությանը չի թույլատրվում օգտագործել ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման դիմաց ստացված վարձատրության գումարները, ինչպես նաեւ դրանց ներդրումներից գոյացած եկամուտը, բացառությամբ կառավարման համար նախատեսված  կառավարման վճարների եւ ծախսերի: Կազմակերպությունն իրավունք չունի կազմակերպության անդամավճարների, ծախսերի եւ ֆինանսական օժանդակությունների համար պահելու հավաքագրված վարձատրության գումարի 50 տոկոսից ավելին: Ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործումից ստացված վարձատրության նկատմամբ կիրառելի կառավարման վճարը նախօրոք համաձայնեցվում եւ ամրագրվում է կոլեկտիվ կառավարման կազմակերպության եւ յուրաքանչյուր անդամի (շահառուի) միջեւ կնքվող պայմանագրում, որոնք չեն կարող գերազանցել առանձին իրավատերերին հասանելիք գումարի 30 տոկոսը:

5. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն իր անդամների (իրավատերերի) միջեւ վարձատրության գումարների բաշխումն ու վճարումը կատարում է 6 ամսից ոչ ուշ այն ֆինանսական տարվա ավարտից հետո, որի ընթացքում հավաքագրվել է ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործումից ստացված գումարները, եթե առկա չեն օբյեկտիվ պատճառներ, ինչպիսիք են՝ օգտագործողների կողմից հաշվետվություններ չներկայացնելը, իրավունքների կամ իրավատերերի նույնականացված չլինելը, ռեպերտուարի վերաբերյալ տեղեկություններն իրավատերերի հետ պարզված չլինելը, որոնք խոչընդոտում են կազմակերպությանը՝ պահպանելու նշված ժամկետը:

6. Օտարերկրյա հեղինակներին կամ իրավատերերին հավաքված վարձատրության վճարման հաճախականությունը սահմանվում է օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքված ներկայացուցչական պայմանագրով, սակայն ոչ ավելի ուշ՝ քան տարին մեկ անգամ:

7. Տիրազուրկ ստեղծագործությունների օգտագործումից գոյացած վարձատրության բաշխման վերաբերյալ որոշումը կայացվում է կոլեկտիվ կառավարման կազմակերպության իրավատերերի խորհրդի կողմից՝ այն ֆինանսական տարվա ավարտից երեք տարի հետո, որի ընթացքում հավաքվել է այդ վարձատրությունը:»

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64.4-րդ հոդվածով.

«Հոդված 64.4. Կոլեկտիվ կառավարման կազմակերպության հարաբերությունները օգտագործողների հետ.

1. Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն օգտագործողների հետ կնքում է հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համապատասխան եղանակների նկատմամբ այդպիսի կազմակերպության կառավարման ներքո գտնվող հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքների վերաբերյալ պայմանագրեր՝ հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիայի պայմաններով, եւ այդ օգտագործողներից վարձատրություն է հավաքագրում այդպիսի օբյեկտների օգտագործման իրավունք տրամադրելու դիմաց:

2. Առանձին օգտագործողի կամ օգտագործողների միության դիմումի հիման վրա կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը պարտավոր է նույնատիպ պայմաններով նրա հետ կնքել ռեպերտուարի օգտագործման համար հասարակ (ոչ բացառիկ) լիցենզային պայմանագիր:

3. Ռեպերտուարն օգտագործողները պարտավոր են կոլեկտիվ կառավարման  համապատասխան կազմակերպությանը  ներկայացնել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների փաստացի օգտագործված օբյեկտների ցանկը, իրավատերերին հասանելիք վարձատրության ճշգրիտ հաշվարկման ու բաշխման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները, այդ թվում՝ տեխնիկական կամ էլեկտրոնային միջոցներով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է վարձատրության նվազագույն դրույքաչափեր: Կոլեկտիվ կառավարման կազմակերպությունը նվազագույն դրույքաչափերը հրապարակում է իր ինտերնետային կայքէջում: Նվազագույն դրույքաչափերը պարտադիր են կոլեկտիվ կառավարման կազմակերպության եւ օգտագործողների համար, եթե վարձատրության համար նրանք ավելի բարձր գումարի վերաբերյալ համաձայնություն ձեռք չեն բերել: Ռեպերտուարն օգտագործողները պարտավոր են վճարել նվազագույն դրույքաչափերի չափով հավաստագրված կոլեկտիվ կառավարող կազմակերպությանը անկախ պայմանագրի կնքումից:»

Հոդված 5. Օրենքի 66-րդ հոդվածի  2-րդ մասը զ) կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ զ1) կետով.

«զ1) փոխհատուցում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 2000–ապատիկի չափով:»

Հոդված 6. Օրենքի 66-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.

«6. Սույն հոդվածի 2-րդ մասի «զ1» կետով նախատեսված դեպքերում իրավատերը պարտավոր չէ ապացուցել պատճառված վնասի չափը: Նշված դեպքում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ՝ խախման բնույթը եւ հետեւանքները, իրավախախտող անձի կարգավիճակը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, մեղքի առկայությունը եւ աստիճանը, գույքային դրությունը, իրավատիրոջ պահանջով խախտումը վերացրած լինելու հանգամանքը: Ընդ որում, թե իրավատերը մինչեւ դատարան դիմելը ծանուցել է իրավախախտողին իրավախախտման վերաբերյալ՝ պահանջելով իրավախախտողից դադարեցնել իրավախախտումը եւ տեղեկացնելով իրավախախտումը չդադարեցնելու դեպքում սույն կետով նախատեսված հետեւանքների մասին, եւ իրավախախտողը հրաժարվել է դադարեցնել իրավախախտումը կամ չի դադարեցրել իրավախախտումը իրավատիրոջ ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, ապա փոխհատուցման չափը սահմանվում է ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Մի քանի իրավատեր ունեցող ստեղծագործության դեպքում, սույն կետով նախատեսված ընդհանուր փոխհատուցման չափը չի կարող գերազանցել նույն կետով նախատեսված չափը եւ փոխհատուցվում է պահանջ ներկայացրած իրավատիրոջը այն համամասնությամբ, որը ստեղծագործության օգտագործումից ստացվող օգուտների բաշխման համար նախատեսված է իրավատերերի միջեւ համաձայնությամբ կամ օրենքով:

7. Սույն հոդվածի 2-րդ մասի «զ1» կետով նախատեսված սահմանված պահանջը չի կարող ներկայացվել, երբ ստեղծագործության օգտագործման համապատասխան եղանակի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել են վարձատրության նվազագույն դրույքաչափեր, այդ թվում՝ կոլեկտիվ կառավարման կազմակերպության կողմից ռեպերտուարի օգտագործմամբ խախտումների դեպքում: Նման դեպքում իրավատերը կամ կոլեկտիվ կառավարման կազմակերպությունն իրավունք ունի իրավունքների խախտողից պահանջել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վարձատրության նվազագույն դրույքաչափերի կրկնակիի չափով փոխհատուցում՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 2-րդ մասի «ե» կետը:»

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքով սահմանված կոլեկտիվ կառավարման կազմակերպության նկատմամբ կիրառվող պահանջները գործադրվում են առաջին կոլեկտիվ կառավարման կազմակերպության հավատարմագրման պահից: 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն