Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1227-24.12.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 196-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով,

2) 2-րդ մասում «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը հսկող դատախազը կայացնում է քննիչի միջնորդությամբ՝ միջնորդությունը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում կամ իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա:»:

Հոդված 3. Օրենսգրքի 241-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.

«7) վերահսկելի մատակարարումը եւ գնումը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 243-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «1-4-րդ» բառերից հետո լրացնել «եւ 7-րդ» բառերը,

2) 5-րդ մասում «1-5-րդ» բառերից հետո լրացնել «եւ 7-րդ» բառերը:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 251.1-ին հոդվածով.

«Հոդված 251.1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը

1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը ապրանքների եւ ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում` ապրանքները կամ ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով ենթադրյալ հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ առաջարկվող կարգավորման բնույթը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նախաբանում նշված է, որ ի թիվս այլնի արդյունավետ եւ որակյալ նախաքննությունը պիտի ապահովի Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը: Հարկ է նկատել, որ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 5-րդ նպատակը քրեաիրավական ոլորտի բարեփոխումներն են եւ ռազմավարական ուղղություններից է նաեւ քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի պրակտիկ կիրառման ապահովումը, քննչական մարմինների համակարգի բարեփոխումը: 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգրքի նպատակն անձի իրավունքների եւ ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի սահմանումն է: Որպես այդպիսին արդյունավետ եւ որակյալ նախաքննության իրականացումը հենց բխում է այս նպատակից: Հարկ է նշել, որ արդեն շուրջ երեք տարի կիրառվող քրեական դատավարության օրենսգիրքում որոշակիորեն խնդրահարույց կարգավորումների առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ է առաջացրել, որի վերացմանն էլ ուղղված է սույն օրենքի նախագիծը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից որեւէ մեկի առկայության դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին, որի հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նախաքննության ընթացքում հիմնավորվում է մեղադրանքի որեւէ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտությունը, ապա քննիչը հսկող դատախազին միջնորդություն է ներկայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այդ միջնորդության հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին:

Ինչպես նկատելի է գործող կարգավորումների բովանդակությունից՝ սույն խնդրով բացակայում են հստակ դատավարական ժամկետները, ինչը պրակտիկայում կարող է առաջացնել խնդիրներ՝ դատախազը անորոշ ժամկետով կարող է որոշում չկայացնել, որի արդյունքում հանրային քրեական հետապնդման ենթակա անձը այդ կարգավիճակում կարող է անարդարացիորեն երկար մնալ, անձի նկատմամբ կարող է կիրառված լինել խափանման միջոց, ընդ որում ազատության սահմանափակմամբ, որի անհիմն երկարելը ոչ միայն ներպետական օրենսդրության, այլեւ կոնվենցիոն խախտում է: Հարկ է նշել, որ առկա է ՀՀ գլխավոր դատախազի 15.04.2025թ. 20/2(5)-5-2025 հանձնարարական, որի 1.3-րդ կետի համաձայն՝ համապատասխան դատախազները պետք է ապահովեն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից որեւէ մեկի առկայության դեպքում, քննիչի միջնորդությունը դատախազությունում մուտքագրվելուց հետո, հսկող դատախազը 7-օրյա ժամկետում համապատասխան որոշում կայացնի: Թերեւս օրենքի բացակայության պայմաններում սա համարվում է միջանկյալ լուծում, սակայն քրեական դատավարության կառուցվածքի միասնականությունը, դատավարական ժամկետների՝ դատավարությամբ ամրագրված լինելու հանգամանքը պայմանավորում են սույն հարցի կարգավորում օրենքով, ուստի առաջարկում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառը,

2) 2-րդ մասում «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառը:

Այս խնդիրը համակողմանի լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված լրացում եմ առաջարկում նաեւ հայեցողական քրեական հետապնդման դեպքում՝ միայն այն ժամանակ, երբ հսկող դատախազը քննիչի համապատասխան միջնորդության ներկայացման պարագայում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը է կայացնում: Այսպես՝ առաջարկում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը հսկող դատախազը կայացնում է քննիչի միջնորդությամբ՝ միջնորդությունը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում կամ իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա:»:

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը պետության՝ հանցավորության դեմ պայքարի առաջնահերթ ուղղություններից է ու այս խնդրով իրավաստեղծ աշխատանքում անընդմեջ իրականացվող բարեփոխումները միտված պետք է լինեն նաեւ քրեական դատավարությունում ապացույցների հավաքման, ապացուցողական գործողությունների իրականացման համար առավել արդյունավետ պայմանների ստեղծմանը: «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված է վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի իրականացման արդյունքում փաստի վերաբերյալ ստացված տվյալը քրեադատավարական օրենքի իմաստով ապացույց չի հանդիսանում: Այսպես՝ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն՝ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով կազմված փաստաթղթերը եւ որեւէ կրիչի վրա ամրագրված տվյալները քրեական վարույթում ապացույց չեն: Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառում է, որի իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում: Փաստորեն վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված փաստաթղթերը եւ որեւէ կրիչի վրա ամրագրված տվյալները (միջոցառման իրականացման համար դատարանի թույլտվություն անհրաժեշտ չէ) քրեական դատավարությունում ապացույց չեն համարվում:

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի 1988 թվականի կոնվենցիայով (1-ին հոդվածի է) կետ, 11-րդ հոդված), «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի 1957 թվականի կոնվենցիայով (2-րդ հոդվածի թ) կետ, 20-րդ հոդված), որոնց նպատակը համապատասխան ոլորտերում պայքարի արդյունավետ միջոցների նախատեսումն է, նախատեսված է այնպիսի գաղտնի միջոցառման իրականացման հնարավորություն, ինչպիսին է վերահսկելի մատակարարումը (հսկվող առաքումը):

Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` նախնական դատական վերահսկողությունը որպես առավել ընդունելի երաշխիք է գնահատվում վերահսկելի մատակարարում եւ գնում եւ նմանաբնույթ այլ գաղտնի միջոցառումների իրականացման դեպքում:

Հարկ է նկատել, որ գաղտնի քննչական գործողությունների արդյունքներն ինքնին ապացույց են եւ վարույթի ընթացքում դրանք օգտագործելու համար հավելյալ դատավարական ընթացակարգեր անցնելու անհրաժեշտություն չկա: Վերահսկելի մատակարարում եւ գնում միջոցառումը ըստ էության ամբողջությամբ գաղտնի քննչական գործողության բնույթ կարող է ունենալ, եթե օրենսդրական այս փոփոխություններով դրանք ամրագրվեն քրեական դատավարությունում:

Այսպես՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններից որեւէ մեկի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներով անգնահատելի ապացույց կարող է լինել վերահսկելի մատակարարում եւ գնում գաղտնի քննչական գործողության իրականացման արդյունքում ստացվող ապացույցը, ուստի առաջարկում եմ քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 251.1-ին հոդվածով.

«Հոդված 251.1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը

1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը ապրանքների եւ ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում` ապրանքները կամ ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով ենթադրյալ հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով:»: Այս նորմի հետ փոխկապակցված լրացումներ են նախատեսվում նաեւ քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվածի համապատասխան մասերում:

2. Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ քրեադատավարական գործառույթների առավել արդյունավետ իրականացման համար: Նախագիծը ըստ էության կարգավորելու է նաեւ հստակ ժամկետային եւ ընթացակարգային հարցեր քրեական դատավարությունում, որը միտված է նաեւ քրեական վարույթի արդյունավետ, լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը: Բացի այդ, սույն նախագծով ակնկալվում է նաեւ հնարավորություն ստեղծել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իր իրավասությունների սահմաններում վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու:

3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից: Նախագիծը քննարկվել է ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն