Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետում «ուսումնական կենտրոնի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ ուսումնական կենտրոն)», իսկ «հավաստագիր» բառից հետո՝ «(այսուհետ՝ պատրաստման հավաստագիր)» բառերը,
բ. 2-րդ կետում «անհրաժեշտ վերապատրաստում» բառերը փոխարինել «հարկային ծառայողի պատրաստման դասընթացը, ուսումնական կենտրոնի կողմից ստացել են պատրաստման հավաստագիր կամ» բառերով,
գ. լրացնել 3-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3) հարկային ծառայողներ են եւ սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ունեն ծառայողական առաջխաղացման իրավունք»,
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են պատրաստման հավաստագիր ունեցող՝ հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ հարկային ծառայողներից կամ ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող հարկային ծառայողներից՝ հարցազրույցի միջոցով:»,
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում լրացնել 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. Հարկային մարմնում՝ ըստ պաշտոնների խմբերի, սահմանվում են հարկային ծառայության հետեւյալ պաշտոնները.
1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ՝
ա. հարկային մարմնի վարչության պետ.
2) հարկային ծառայության գլխավոր պաշտոններ՝
ա. հարկային մարմնի վարչության պետի տեղակալ.
բ. հարկային մարմնի բաժնի պետ.
գ. հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ.
դ. հարկային մարմնի գլխավոր մասնագետ.
ե. հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ.
զ. հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր.
3) հարկային ծառայության առաջատար պաշտոններ՝
ա. հարկային մարմնի առաջատար մասնագետ.
բ. հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ.
գ. հարկային մարմնի ավագ օպերլիազոր
4) հարկային ծառայության կրտսեր պաշտոններ՝
ա. հարկային մարմնի առաջին կարգի մասնագետ.
բ. հարկային մարմնի հարկային տեսուչ.
գ. հարկային մարմնի օպերլիազոր:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ:»,
2) «պաշտոնը» բառից հետո լրացնել «, ինչի ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 17.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 17.1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, հարկային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում
1. Հարկային ծառայողի պատրաստման նպատակով ուսումնական կենտրոնը հարկային մարմնի օժանդակությամբ տարեկան առնվազն 1 անգամ կազմակերպում եւ անցկացնում է հարկային ծառայողի, այդ թվում՝ ղեկավար պաշտոնների, պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն): Սույն մասի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի պաշտոնները:
2. Ընդունելության կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: Ընդունելության կարգով կարգավորվում են նաեւ ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների եւ կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման եւ հարցազրույցի անցկացման, հարցազրույցի հանձնաժողովի ձեւավորման կարգը, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության եւ գնահատման մեթոդաբանությունը, ընդունելության արդյունքների ամփոփման, ընդունելության կազմակերպման եւ անցկացմանը հարկային մարմնի եւ հարկային մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպության օժանդակության հետ կապված հարաբերությունները:
3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ տարիքային ցենզի, բարձրագույն կրթության, հայերենին տիրապետելու եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը կամ ընդունելության մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 1 օրացուցային տարվա ընթացքում ստացել է սույն հոդվածի 9-րդ, 14-րդ մասերով կամ սույն օրենքի 17.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքներով բացասական գնահատական:
4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետեւյալ տվյալները.
1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.
2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ հարկային մարմնի ղեկավարի հաստատած՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը:
5. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց:
6. Թեստավորման պահանջները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձեւավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը:
7. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում հարկային մարմնի ղեկավարի սահմանած՝ թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն եւ դրանից բարձր միավորներ ստացած անձինք:
8. Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձեւավորած հանձնաժողովը:
9. Հարցազրույցի կազմակերպման համար ձեւավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար: Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը տալիս է իր համաձայնությունը հարկային մարմնի կողմից բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից եւ այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով մասնակիցը ստանում է դրական կամ բացասական գնահատական:
10. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տեւողությունը, ամփոփիչ քննության կազմակերպման, այդ թվում՝ քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Դասընթացը պետք է պարունակի նաեւ բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:
11. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի արդյունքներն ամփոփելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է պատրաստման հավաստագիր (ղեկավար պաշտոնների դեպքում՝ ղեկավար պաշտոնի հավաստագիր), որը գործում է երեք տարի ժամկետով եւ որի ձեւը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: Եթե պատրաստման հավաստագրի գործողության ավարտին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում ուսումնական կենտրոնի կողմից պատրաստման դասընթաց չի անցկացվել, ապա պատրաստման հավաստագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչեւ պատրաստման հավաստագրի գործողության վերջնաժամկետից հետո կազմակերպված պատրաստման դասընթացի արդյունքում պատրաստման հավաստագիր տրամադրելու օրը, իսկ պատրաստման դասընթացը չհաղթահարելու դեպքում՝ մինչեւ պատրաստման դասընթացը չհաղթահարելու օրը:
12. Ուսումնական կենտրոնում վերջին երկու տարվա ընթացքում 60 ակադեմիական դասաժամ դասավանդած հարկային ծառայողները հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման եւ հարցազրույցի փուլերը հաղթահարելու դեպքում համարվում են հարկային ծառայության պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած եւ ստանում են զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պատրաստման հավաստագիր:
13. Ծառայողական առաջխաղացման հիմքով հարկային ծառայության պաշտոնի (այդ թվում՝ ղեկավար) նշանակվելիս հարկային ծառայողի պատրաստման հավաստագրի գործողությունը շարունակվում է մինչեւ պատրաստման հավաստագրի գործողության՝ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը: Ծառայողական առաջխաղացման արդյունքում զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատրաստման հավաստագրի ստացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
14. Պատրաստման հավաստագիր ստանալուց հետո մինչեւ պաշտոնի նշանակումը բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձեւավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պատրաստման հավաստագիր ստացած անձը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձեւանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքներով պատրաստման հավաստագիր ստացած անձը ստանում է դրական կամ բացասական գնահատական: Հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալու հիմքով պատրաստման հավաստագրի գործողությունը դադարում է:
15. Հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով հարկային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաեւ առանձին պաշտոններ զբաղեցնելու համար:»:
Հոդված 5. Օրենքի 17.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք (բացառությամբ հարկային ծառայողների) ընդգրկվում են հարկային մարմնի կողմից վարվող հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ սույն օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնների համար անցկացվող ընդունելության տեսակների՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով: Ընդ որում, սույն օրենքի 17.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը, ինչպես նաեւ սույն օրենքի 17.1-ին հոդվածի 14-րդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալը հիմք է անձին ցուցակից հանելու համար:»:
Հոդված 6. Օրենքի 17.3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից եւ պատրաստման հավաստագիր ունեցող հարկային ծառայողներից, ինչպես նաեւ ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող հարկային ծառայողներից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով՝ ըստ համապատասխան պաշտոնների ցանկի:»,
2) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետում «ծառայողների» բառից հետո լրացնել «՝ համապատասխան պաշտոնների» բառերը,
բ. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2) պաշտոնին համապատասխան պատրաստման գործող հավաստագիր ունեցող եւ տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած հարկային ծառայողները.»,
գ. լրացնել 3-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3) սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող եւ տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած հարկային ծառայողները»,
3) լրացնել 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցում է առնվազն մեկ անձ:»,
4) լրացնել 7.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7.1. Հարցազրույցի փուլը հաղթահարելուց եւ պաշտոնի նշանակվելուց հետո բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձեւավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պաշտոնի նշանակված հարկային ծառայողը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձեւանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքներով ծառայողը ստանում է դրական կամ բացասական գնահատական: Դրական գնահատական ստանալու դեպքում հարկային ծառայողը շարունակում է պաշտոնավարումը, իսկ բացասական գնահատական ստանալը հիմք է ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:»,
5) 10-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ փորձաշրջանի արդյունքներով գնահատման, փորձաշրջանը չանցած համարվելու դեպքում լիազորությունների դադարեցման կարգը սահմանում Է հարկային մարմնի ղեկավարը:»:
Հոդված 7. Օրենքի 19.1-ին հոդվածի՝
1) 1-ին մասում «օրենքով» բառից հետո լրացնել «, իսկ հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով» բառերը,
2) 2-րդ մասից «երեք» բառը հանել,
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
4) 4-6-րդ մասերում «եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառերով,
5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
6) լրացնել նոր՝ 7.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ
«7.1. Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված հարկային ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է առնվազն տարին երկու անգամ: Սույն մասով նախատեսված հարկային ծառայողի կատարողականի գնահատականը հարկային ծառայողի կատարողականի հիմնական ցուցանիշների վրա հիմնված, ինչպես նաեւ հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի համակցված վերլուծությունն է, որի հիման վրա հարկային ծառայողին տրվում է գնահատական: Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, հարկային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Սույն մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով հարկային մարմնի ղեկավարի սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում հարկային ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման: Կատարողականի գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ հարկային մարմնի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը հիմք է հարկային ծառայողին ծառայությունից ազատելու համար:»:
Հոդված 8. Օրենքի 25.1-ին հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում լրացնել 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1) սույն օրենքի 17.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալը.
2.2) պատրաստման գործող հավաստագիր չունենալը.
2.3) հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ հարկային մարմնի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը.»,
2) 1-ին մասի 3-րդ կետում «հարկային» բառից առաջ լրացնել «հաստիքների կրճատումը կամ» բառերը,
3) 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
4) լրացնել 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի 2.2-րդ, 3-րդ եւ 2-րդ մասի 7-րդ կետերով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի, մինչեւ երեք տարեկան երեխա խնամող հարկային ծառայողները եւ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողները:»:
Հոդված 10. Օրենքի 26.2-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն)» բառերը փոխարինել «Ուսումնական կենտրոնի» բառերով,
2) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետից հանել «մասնագիտական» եւ «(այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը)» բառերը,
բ. 4-րդ կետում «հատուկ միջոցների եւ հրազենի» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված հատուկ եւ այլ միջոցների» բառերով:
Հոդված 11.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 2.2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 2 օրացուցային տարի հետո:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստացված պատրաստման եւ վերապատրաստման հավաստագրերը Օրենքով սահմանված գործողության ժամանակահատվածում ունեն սույն օրենքով սահմանված պատրաստման հավաստագրերին համարժեք իրավաբանական ուժ:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: