Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 70-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով.
«6. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով: Այդ դեպքում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու գործընթացը չեղարկվում է:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանվում են համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը եւ դադարմանը վերաբերող դրույթները: Նույն հոդվածի 3.1-ին մասում նախատեսվում է դրույթ այն մասին, որ համայնքի ղեկավարը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում կարող է հետ վերցնել:
Նույն օրենքի 70-րդ հոդվածով սահմանվում են ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ դադարման դրույթները, սակայն ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումը հետ վերցնելու հնարավորության վերաբերյալ օրենսդրական կարգավորում առկա չէ:
Նույն անալոգիայով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում են Երեւանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը եւ դադարմանը վերաբերող դրույթները, եւ նախատեսված չեն ավագանու անդամի հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորության վերաբերյալ դրույթներ:
«Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորի հրաժարական տալու կարգը: 155-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է պատգամավորի հրաժարականը հետ վերցնելու իրավունքի եւ կարգի վերաբերյալ դրույթը:
Համայնքի ղեկավարի, Ազգային ժողովի պատգամավորի, ավագանու անդամի պաշտոնները հանրային ընտրովի պաշտոններ են: Ելնելով իրավունքի ընդհանուր սկզբունքից ՝ եթե համայնքի ղեկավարը եւ ԱԺ պատգամավորը իրավունք ունեն հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո դիմումը հետ վերցնելու, ապա ավագանու անդամն էլ պետք է ունենա նման իրավունք եւ հնարավորություն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկում ենք լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում եւ սահմանել ավագանու անդամի՝ հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո այն հետ վերցնելու հնարավորության վերաբերյալ դրույթը:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կվերանա օրենքի բացը, եւ ավագանու անդամը հրաժարական ներկայացնելուց հետո իրավունք կունենա եռօրյա ժամկետում հետ վերցնել դիմումը: