Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1214-11.12.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ հոդվածով.

«Հոդված 9.2. Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման գրասենյակը

1. Օպերատիվ կառավարման գրասենյակը գործում է Լիազոր մարմնի կառուցվածքում:

2. Գրասենյակի հիմնական գործառույթներն են.

1) Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը եւ դրա արդյունքներով հետեւանքների կանխատեսումը եւ մոդելավորումը.

2) իրավախախտումների կամ պատահարների վերաբերյալ հեռախոսազանգերի, ինչպես նաեւ՝ այլ միջոցներով կամ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը, համապատասխան խորհրդատվության տրամադրումը, գրանցումը, ամփոփումը, նշված իրավախախտումները կամ պատահարները ծնող պայմանների ու պատճառների վերհանման հաշվառմամբ վերլուծության իրականացումը եւ ներկայացումը համապատասխան պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին.

3) սույն մասի 2-րդ կետում նշված տեղեկությունների՝ ըստ ենթակայության փոխանցումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ արձագանքի ապահովումը.

4) իրավախախտման կամ պատահարի վայր մեկնած ծառայողներին անհրաժեշտ տեղեկությունների եւ կողմնորոշիչ տվյալների տրամադրումը:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 15-ից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝

1) հաստատվում է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակի կանոնադրությունը.

2) փոփոխություններ են կատարվում ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության կանոնադրություններում:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ներքին գործերի նախարարության կազմում գործում է օպերատիվ կառավարման գրասենյակը եւ դադարեցվում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությունը:

4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք ոստիկանության ծառայողներին եւ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին կարող են նշանակել ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում: Այս դեպքում թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց, որի անցկացման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Ոստիկանության ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որը սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կզբաղեցնի ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում:

6. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում եւ հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, եւ պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը: