Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1210-10.12.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում դրանք կարող են գրանցվել միայն սեփականատիրոջ ցանկությամբ» բառերը հանել.

2) «մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)՝» հասկացության «լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված պետական մարմին)» բառերով.

3) «մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն» հասկացության «լիազոր» բառը փոխարինել «լիազորված» բառով.

4) «հավատարմագրված մասնագետ» հասկացության «լիազոր» բառը փոխարինել «լիազորված» բառով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «սահմանում է» բառերը փոխարինել «հաստատում է» բառերով.

2) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասությունները»

2) 1-ին մասի 42 -րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.2) մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը եւ ժամանակավոր արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է.».

3) 1-ին մասի 43 -րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.3) կազմում է մշակութային արժեքների պահպանական ցուցակը.».

4) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.5-4.9-րդ կետերով.

«4.5) սահմանում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը մշակելու եւ մշակութային արժեքների պահպանական ցուցակը կազմելու կարգը եւ չափորոշիչները.

4.6) սահմանում է համայնքին եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային արժեքների շտեմարանի վարման կարգը եւ ձեւը.

4.7)  իրականացնում է մշտադիտարկում համայնքային եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող պահոցներում՝ թանգարաններում, արխիվներում, գրադարաններում եւ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների նկատմամբ.

4.8) սահմանում է համայնքային եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող պահոցներում՝ թանգարաններում, արխիվներում, գրադարաններում եւ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների նկատմամբ մշտադիտարկման կարգը.

4.9) սույն օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը մշակելու եւ մշակութային արժեքների պահպանական ցուցակը կազմելու կարգի եւ չափորոշիչների, արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգի եւ չափորոշիչների համաձայն իրականացնում է համայնքներին եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային արժեքների հաշվառում, ուսումնասիրություն եւ փորձաքննություն՝ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկի մշակման եւ մշակութային արժեքների պահպանական ցուցակի կազմման նպատակով.»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 2.1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ

Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկում եւ մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների գրանցումը

1. Պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները, բացառությամբ համայնքին եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային արժեքների, Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկում եւ մշակութային արժեքների պահպանական ցուցակում կարող են գրանցվել միայն սեփականատիրոջ ցանկությամբ:

2. Սույն օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը մշակելու եւ մշակութային արժեքների պահպանական ցուցակը կազմելու կարգի եւ չափորոշիչների համաձայն համայնքի ղեկավարը կամ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապահովում են համայնքին կամ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային արժեքների հասանելիությունը լիազորված պետական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկի մշակման եւ մշակութային արժեքների պահպանական ցուցակի կազմման նպատակով դրանց հաշվառման, ուսումնասիրության, փորձաքննության համար:

Հոդված 8.2. Համայնքին եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային արժեքների շտեմարանը

1. Համայնքը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգի եւ ձեւի համաձայն վարում եւ յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը լիազորված պետական մարմնին են ներկայացնում իրենց պատկանող մշակութային արժեքների շտեմարանը:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում, լիազորված պետական մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը մշակելու եւ մշակութային արժեքների պահպանական ցուցակը կազմելու կարգը եւ չափորոշիչները, ինչպես նաեւ համայնքային եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող պահոցներում՝ թանգարաններում, արխիվներում, գրադարաններում եւ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների նկատմամբ մշտադիտարկման կարգը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, լիազորված պետական մարմինը սահմանում է Համայնքին եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային արժեքների շտեմարանի վարման կարգը եւ ձեւը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքով, ի թիվս այլի սահմանվում են հետեւյալ հասկացությունները.

...

մշակութային արժեքների պահպանական ցուցակ՝ պետական պահոցներում գրանցված, ինչպես նաեւ պետական սեփականություն չհամարվող եւ ոչ պետական պահոցներում պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ռեգիստր.

...

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկ՝ մշակութային ժառանգության համար բացառիկ կարեւորություն ներկայացնող արժեքներ:

Նույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը եւ ժամանակավոր արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է, իսկ կառավարության լիազորած պետական մարմինը կազմում է պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների պահպանական ցուցակը:

Ուստի, մշակութային արժեքների արտահանման մասով՝ որպես տվյալների շտեմարան, հիմք է հանդիսանում մշակութային արժեքների պահպանական ցուցակը եւ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը:

Այդուհանդերձ, «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքով սահմանված չեն, թե ինչ սկզբունքներով, կարգով եւ պայմաններով պետք է սահմանվի եւ կազմվի վերոնշալ ցանկը եւ ցուցակը:

Միեւնույն ժամանակ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգեւոր, մշակութային եւ վավերագրական ժառանգությունը ազգային ինքնության հենքի կարեւոր եւ անբաժանելի մասն է, եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգեւոր, մշակութային եւ վավերագրական արժեքների՝ պետական սեփականություն հանդիսացող հատվածը կարող է օտարվել կամ պահպանման վայրից փոխադրվել՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այդ արժեքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ խորհրդակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Սակայն, սահմանված չեն պարտավորություններ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ համայնքների մասով իրենց տիրապետության տակ գտնվող մշակութային ժառանգության հաշվառման եւ լիազորված պետական մարմին ներկայացնելու վերաբերյալ:

Հետեւաբար, մշակութային արժեքների վերաբերյալ հատուկ ընթացակարգերի կամ կարգավորումների բացակայության պայմաններում հնարավոր չէ լիարժեք ապահովել հասարակության կամ պետության համար կարեւոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների պահպանությունը, ամբողջական տվյալների տիրապետումը, ինչպես նաեւ դրանց արտահանման եւ ներմուծման մասով ռիսկերի արդյունավետ կառավարումը:

Հատկանշական է, որ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լիազորված պետական մարմինը գործող կարգավորումներով օժտված է պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների արտահանման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությամբ, մասնավորապես, փորձագիտական եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմինը, «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման» մասին օրենքի համապատասխան, արտահանման համար ներկայացված առարկաների վերաբերյալ, ի թիվս այլի, կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

առարկան դասվում է  մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների  շարքին եւ ենթակա չէ արտահանման.

առարկան գրանցված է կամ ենթակա է գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում (…):

Նույն օրենքի համաձայն՝ մշակութային այն արժեքները, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում, ենթակա են արտահանման միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը երկամսյա ժամկետում չի օգտվում դրանց գնման նախապատվության իրավունքից:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգեւոր, մշակութային եւ վավերագրական ժառանգությունը ազգային ինքնության հենքի կարեւոր եւ անբաժանելի մասն է եւ ի նկատի ունենալով համայնքների պահոցներում առկա մշակութային արժեքների կարեւորությունը՝ անհրաժեշտություն է առաջանում լիազորված պետական մարմնի՝ վերոհիշյալ որոշումներ կայացնելու իրավունքի իրացումը չսահմանափակվեն բացառապես արտահանման ներկայացված մշակութային արժեքների մասով, այլեւ նախապես՝ համապատասխան ընթացակարգերի հիման վրա, կայացնել որոշումներ այդ արժեքների՝ մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների շարքին դասվելու կամ մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցվելու վերաբերյալ:

Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է լիազորված պետական մարմնին իրավունք վերապահել հասանելիություն ունենալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ համայնքների մշակութային ժառանգության նկատմամբ՝ մշակութային արժեքների պահպանական ցուցակը կազմելու եւ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը մշակելու նպատակով՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ ապահովելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ համայնքների մշակութային արժեքների ամբողջական պետական պաշտպանությունը, ամրապնդելով դրանց հաշվառման, նույնականացման եւ պահպանության իրավական մեխանիզմները եւ կանխելով դրանց ապօրինի արտահանումը:

Անհրաժեշտություն է առաջանում նաեւ լիազորված մարմնին վերապահել վերոգրյալ սուբյեկտների մշակութային ժառանգության հանդեպ մշտադիտարկման լիազորություն:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նախատեսում են նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու դեպքում իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի վճարումից ազատման կարգավորումներ:

Առաջարկվող կարգավորումների մոդելի շրջանակում հաշվի է առնվել նաեւ «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու եւ կանխելու միջոցների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան (14 նոյեմբերի 1970 թ.), որի ուսումնասիրությունից պարզվում է հետեւյալը.

Այսպես, սահմանվում է, որ Կոնվենցիայի նպատակների համար մշակութային արժեքներ են համարվում կրոնական կամ աշխարհիկ բնույթի այն արժեքները, որոնք յուրաքանչյուր պետության կողմից դիտվում են որպես հնագիտության, նախապատմական ժամանակաշրջանի, պատմության, գրականության, արվեստի եւ գիտության համար նշանակություն ունեցող արժեքներ, (...):

Կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն ընդունում են, որ սույն Կոնվենցիայի նպատակների համար յուրաքանչյուր պետության մշակութային ժառանգությունը ներառում է ներքոհիշյալ խմբերին պատկանող արժեքները՝

ա) տվյալ պետության քաղաքացիների կողմից անհատապես կամ կոլեկտիվ ստեղծված մշակութային արժեքները եւ տվյալ պետության համար կարեւոր նշանակություն ունեցող այն մշակութային արժեքները, որոնք ստեղծվել են այդ պետության տարածքում՝ այդտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից,

բ) ազգային տարածքում հայտնաբերված մշակութային արժեքներ,

գ) հնագիտական, ազգագրական եւ բնագիտական արշավախմբերի՝ մշակութային արժեքների ծագման երկրի իրավասու իշխանությունների համաձայնությամբ ձեռք բերած արժեքներ,

դ) կամավոր փոխանակումների արդյունքում ձեռք բերված մշակութային արժեքներ,

ե) որպես նվիրատվություն ստացված կամ արժեքների ծագման երկրի իրավասու իշխանությունների համաձայնությամբ օրինական կարգով գնված մշակութային արժեքներ:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ մասնակից պետություններն իրենց մշակութային արժեքների պաշտպանությունն ապօրինի ներմուծումից, արտահանումից եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումից ապահովելու նպատակով պարտավորվում են իրենց տարածքում, յուրաքանչյուր երկրի պայմանները հաշվի առնելով, ստեղծել մշակութային ժառանգության պաշտպանության մեկ կամ մի քանի ազգային ծառայություններ, եթե նման ծառայություններ դեռեւս ստեղծված չեն՝ ապահովված որակյալ անձնակազմի այնպիսի թվաքանակով, որն անհրաժեշտ է ներքոհիշյալ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար.

ա) նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովող եւ, մասնավորապես, կարեւոր մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումն ու դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխող օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը,

բ) պաշտպանվող արժեքների ազգային գրանցամատյանի հիման վրա կազմել եւ նորացնել պետական եւ մասնավոր կարեւոր մշակութային արժեքների ցուցակը, որոնց արտահանումը կնշանակեր ազգային մշակութային ժառանգության զգալի աղքատացում, (...):

Այսպիսով, մշակութային ժառանգության համապարփակ եւ ամբողջական ցանկերի եւ ըստ այդ ցանկերի դրանց պաշտպանության, ապօրինի արտահանման եւ ներմուծման հետ կապված հարաբերությունների առավել ընդգրկուն կարգավորման նպատակներով պայմանավորված, Նախագծով առաջարկվող դրույթները վերոնշյալի լույսի ներքո կարող են ծառայել իրենց նպատակին:

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է կարգավորել պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող եւ ազգային ինքնության հենքի կարեւոր եւ անբաժանելի մաս հանդիսացող համայնքապատկան եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգեւոր, մշակութային եւ վավերագրական ժառանգության հասանելիության, մշտադիտարկման, ցուցակագրման վերաբերյալ իրավահարաբերությունները:

Առաջարկվող փոփոխություններով համայնքը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կիրականացնեն իրենց տիրապետման ներքո գտնվող մշակութային ժառանգության հաշվառում լիազորված պետական մարմին ներկայացնելու համար, լիազորված պետական մարմնին կապահովվի համայնքին եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային ժառանգության նկատմամբ հասանելիություն եւ կվերապահվի մշտադիտարկում կատարելու գործառույթ:

Միեւնույն ժամանակ՝ կսահմանվեն մշակութային արժեքների պահպանական ցուցակը կազմելու եւ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը մշակելու հատուկ ընթացակարգեր եւ կարգավորումներ:

Նախատեսվող կարգավորումներով լիազորված պետական մարմնին հնարավորություն կընձեռվի հստակ տիրապետել համայնքների եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մշակութային ժառանգության վերաբերյալ տվյալների, որոշակի սկզբունքներով կազմել մշակութային արժեքների պահպանական ցուցակը եւ  մշակել Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, ինչպես նաեւ իրականացնելու մշտադիտարկման աշխատանքներ՝ պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող եւ ազգային ինքնության հենքի կարեւոր եւ անբաժանելի մաս հանդիսացող համայնքապատկան եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգեւոր, մշակութային եւ վավերագրական ժառանգության առավել պատշաճ մակարդակով պահպանության եւ ճշգրիտ տվյալների տիրապետման համար:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն