Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12095-09.12.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-295 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 47.3-րդ հոդվածով.

«Հոդված 47.3. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունները

1. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով ձեռքբերողի եւ սեփականատիրոջ միջեւ կնքված պայմանագրի հիման վրա ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմք է հանդիսանում ձեռքբերողի եւ ձեռքբերողի եւ օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ, ինչպես նաեւ օտարվող սեփականության նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց (այդպիսի անձանց առկայության դեպքում) միջեւ կնքված պայմանագիրը, որն օտարվող սեփականության նկատմամբ այլ գույքային իրավունքների առկայության դեպքում պետք է ներառի նաեւ այդ գույքային իրավունքների դադարման վերաբերյալ դրույթներ:

2. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված դեպքերում ձեռքբերողի կողմից փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ հանձնելու հիմքով օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսանում.

1) գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը,

2) օտարման պայմանագրի նախագիծը,

3) լիազոր մարմնի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվությունը՝ Կառավարության որոշումը տվյալ գույքի մասով ուժի մեջ լինելու վերաբերյալ, եւ

4) փոխհատուցման գումարն օրենքով սահմանված ժամկետում դեպոզիտ մուտքագրելու վերաբերյալ նոտարի կամ դատարանի կողմից տրված տեղեկանքը, որը պետք է ներառի նաեւ նոտարի կամ դատարանի հավաստիացումն առ այն, որ փոխհատուցման գումարը դեպոզիտ մուտքագրելուց հետո երկշաբաթյա ժամկետում այն օտարվող սեփականության բոլոր սեփականատերերի եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների (ներառյալ՝ այն գույքային իրավունքների թվարկումը, որոնք ենթակա են դադարման) կողմից չի ստացվել, ինչպես նաեւ փոխհատուցման չափը, օտարվող գույքի նույնականացման տվյալները եւ  նկարագրությունը՝ ըստ օտարման պայմանագրի նախագծի:

3. Ի լրումն սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերի՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքով օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է, եթե իրավունքի պետական գրանցման դիմումը ներկայացնելու պահին չի լրացել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված՝ օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի՝ օրենքի ուժով փոխանցման համար սահմանված ժամկետը, բացառությամբ, եթե ներկայացվել է մինչեւ այդ ժամկետը լրանալը օտարվող սեփականության բոլոր սեփականատերերի եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների կողմից սահմանված կարգով դեպոզիտ հանձնված գումարը ստանալու վերաբերյալ նոտարի կամ դատարանի կողմից տրված տեղեկանք: Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքով օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է նաեւ այն դեպքերում, երբ առկա է.

1) «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված՝ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշումն օրենքի ուժով ամբողջությամբ կամ մասամբ (տվյալ գույքի կամ գույքային իրավունքների մասով) ուժը կորցրած համարվելու մասին լիազոր մարմնի կամ այլ սուբյեկտի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվություն, կամ

2) կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ (տվյալ գույքի կամ գույքային իրավունքների մասով) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշում, կամ

3) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ (տվյալ գույքի կամ գույքային իրավունքների մասով) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված հիմքերով ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքով օտարվող սեփականության նկատմամբ բոլոր, ներառյալ՝ օտարման պայմանագրում չներառված այլ գույքային իրավունքների նկատմամբ կատարված պետական գրանցումները ենթակա են դադարման, բացառության օրենքի ուժով սահմանված անվճար մշտական սերվիտուտի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ մաս):

5. Գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման մերժման հիմք չեն եւ դադարում են օրենքի ուժով, օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման պահից, եւ գույքը ձեռքբերողին անցնում է առանց սահմանափակումների:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն