Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված հարաբերությունները:
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որսի, ինչպես նաեւ մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողներ, միջատներ եւ այլն) հետ կապված հարաբերությունների վրա:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) տնային կենդանիներ՝ «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով եւ Կառավարության կողմից սահմանած ցանկում ներառված կենդանիներ.
2) թափառող կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք չունեն պահող կամ կորած համարվող տնային կենդանիներ.
3) ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիներ՝ կենդանական աշխարհի վայրի եւ ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք օգտագործվում են կրկեսներում, սպորտային եւ ժամանցային միջոցառումներում, մրցույթներում, ցուցահանդեսներում, լուսանկարվելու եւ նկարահանումների համար.
4) ծառայողական կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք օգտագործվում են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրական խնդիրների շրջանակներում պահակության կամ որոնողափրկարարական նպատակների համար.
5) կենդանի պահող՝ տնային, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանուն տիրապետող, տնօրինող կամ օգտագործող 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ.
6) Կենդանիների կացարան՝ վայր, որտեղ կերակրվում, բուժվում կամ պահվում են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաեւ սեփականատիրոջ համաձայնությամբ՝ ժամանակավոր պահման եւ կերակրման հանձնված կենդանիները.
7) կենդանիների բուծարան՝ կենդանիների բուծման համար հատուկ հարմարեցված եւ համապատասխան սարքավորումներով կահավորված կառույց՝ նախատեսված կենդանիների բազմացման համար.
8) կենդանու անձնագիր՝ փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն կենդանու նույնականացման վերաբերյալ եւ կենդանի պահողի մասին՝ տրամադրվում է անասնաբույժի կողմից: Կենդանու նույնականացման համար օգտագործվում է տեղեկատվություն պարունակող պիտակ կամ մարմնի որոշակի հատվածում ամրացված միկրոսխեմա կամ դաջվածք.
Հոդված 2. Կենդանիների բարեկեցությունը եւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող օրենսդրությունը
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում հասարակական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակն է կարգավորել տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, այդ թվում՝ պահման, խնամքի, բուծման, հաշվառման, առուվաճառքի հետ կապված իրավահարաբերությունները:
ԳԼՈՒԽ 2
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. Կառավարության իրավասությունը
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Կառավարությունը՝
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության իրականացումը.
2) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների առողջության պաշտպանության եւ թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման ծրագրերը.
3) հաստատում է կացարանների կառուցման եւ շահագործման պահանջները եւ կացարաններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ծրագիրը.
5) իրականացնում է միջազգային համագործակցություն.
6) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում (ներառյալ կացարաններում) տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների բռնման, պահման եւ խնամքի կարգը.
8) սահմանում է սույն օրենքի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների ցանկը:
2. Տնային կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում խնդիրների բարձրաձայնման, հավաքագրման եւ հասցեագրման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետը ձեւավորում է միջգերատեսչական հանձնաժողով, հաստատում դրա անհատական կազմը եւ աշխատակարգը: Հանձնաժողովի կազմում պարտադիր ներկայացվածություն պետք է ունենան ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քանակը որոշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:
Հոդված 5. Պետական կառավարման լիազոր մարմինները եւ դրանց լիազորությունները
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինների շրջանակը ներառում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ներքին գործերի ոլորտներում լիազորված պետական մարմինները:
2. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ՝
1) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականությունը.
2) մշակում է կացարանների կառուցման եւ շահագործման պահանջները եւ կացարաններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ծրագիրը.
3) սահմանում է այն համայնքների ցանկը, որոնց տարածքում պետք է կառուցվեն թափառող կենդանիների համար նախատեսված կացարաններ եւ հարակից ենթակառուցվածքներ (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան եւ այլն).
4) հաստատում է կենդանու անձնագիր ստանալու եւ միկրոսխեմաներ, պիտակներ տեղադրելու, դաջվածքներ դնելու, շների, կատուների պահողների նույնականացման համար անհրաժեշտ տվյալները կենտրոնացված առցանց բազայում ներառելու կարգը.
5) իր իրավասության սահմաններում իրականացնում է միջազգային համագործակցություն:
3. Էկոնոմիկայի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝
1) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների առողջության պաշտպանության եւ թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման ծրագրեր.
2) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում (ներառյալ կացարաններում պահվող) տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման եւ խնամքի կարգը.
3) հաստատում է տնային կենդանիների անասնաբուժական անձնագրի ձեւը, այն լրացնելու եւ տրամադրելու, միկրոսխեմաներ, պիտակներ տեղադրելու, դաջվածքներ անելու եւ տեղեկատվական առցանց էլեկտրոնային համակարգ ստեղծելու եւ վարելու կարգը:
4. Կենսագործունեությանը (կյանքին) սպառնացող վտանգավոր իրավիճակներում (արտակարգ իրավիճակներ) հայտնված կենդանիների փրկության հետ կապված գործառույթներն իրականացնում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ համագործակցությամբ այլ իրավասու մարմինների:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիների լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով:
Հոդված 7. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի պահանջների կատարման հանրային վերահսկողությունը
1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողությունը կարող է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կամավոր սկզբունքով:
2. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունքները կարող են ներկայացվել համապատասխան լիազոր մարմնին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում՝ ՀՀ դատախազություն կամ ՀՀ քննչական կոմիտե:
3. Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քաղաքացիները իրավասու են իրականացնել հետեւյալ գործառույթները՝
1) հանրային վայրերում արձանագրել կենդանիների նկատմամբ օրենքով ակնհայտ արգելված գործողությունները եւ ներկայացնել համապատասխան մարմիններին.
2) մասնակցել բնակչության շրջանում կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչության միջոցառումներին.
3) բնակչության շրջանում նպաստել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արձանագրումը իրականացնելիս եւ դրա արդյունքում ձեռք բերված տեսաձայնագրությունները եւ լուսանկարները օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել հետեւյալ պահանջները՝
1) Տեխնիկական միջոցները պետք է օգտագործվեն բացառապես ոչ գաղտնի եղանակով,
2. Տեսաձայնագրությունը պետք է պարունակի նկարահանման ամսաթիվն ու ժամը, եւ պետք է համապատասխան վարույթ իրականացնող մարմնին տրամադրվի առանց վիդեո խմբագրման ենթարկելու (բացառությամբ տեւողությունը կրճատելու),
3. Լուսանկարը պետք է պարունակի լուսանկարման ամսաթիվն ու ժամը, եւ պետք է համապատասխան վարույթ իրականացնող մարմնին տրամադրվի առանց փոփոխության ենթարկելու,
4. Համապատասխան վարույթ իրականացնող մարմնի կողմից՝ տեսաձայնագրությունը կամ լուսանկարը որպես ապացույց օգտագործվելու կամ այլ անձանց տրամադրելու դեպքում՝ խախտումն ամրագրած տեսաձայնագրության կադրում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերները պետք է մթնեցվեն,
5. Եթե տեխնիկական միջոցներով արձանագրվել է խախտում, ապա տեսաձայնագրությունները եւ լուսանկարները վարույթ իրականացնող մարմնի տեսաձայնագրությունների եւ լուսանկարների պահոցում պետք է պահվեն մինչեւ կայացված վարչական կամ դատական ակտն անբողոքարկելի դառնալը:
6. Սույն հոդվածով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով տեսաձայնագրությունները եւ լուսանկարներն օգտագործելը (այդ թվում՝ հրապարակելը) արգելվում է:
ԳԼՈՒԽ 3
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 8. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները
1. Կենդանու հետ հարաբերվելիս հիմք են ընդունվում կենդանու նկատմամբ բարեխիղճ եւ կենդանասիրական սկզբունքները, որոնք ուղղված են կենդանու բարեկեցության, առողջ կենսագործունեության եւ կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահպանությանը:
2. Կենդանու նկատմամբ վերաբերմունքը եւ մարդու կողմից կենդանու նկատմամբ ցանկացած միջամտություն իրագործվում է՝ հիմք ընդունելով կենդանու ցավազգաց լինելը, ֆիզիկական եւ էմոցիոնալ ապրումներ ունենալու հանգամանքը:
3. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքներ են՝
1) մարդու պատասխանատվությունը կենդանու կյանքի եւ բարեկեցության համար.
2) պետության հոգածությունը եւ պատասխանատու լինելը թափառող կենդանիների նկատկմամբ:
Հոդված 9. Կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները
1. Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է`
1) ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան.
2) կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի միջոցով.
3) կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան.
4) կենդանի վիճակում կենդանու մաշկահանումը, մորթազերծումը, հերձումը կամ անդամահատումը.
5) կենդանի վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցներից նետելը.
6) բոլոր տեսակի կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը.
7) թափառող կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերում նախատեսված արարքները պատասխանատվություն չեն առաջացնում, եթե դրանք կատարվել են կենդանու կողմից մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության կամ այլ անձանց պաշտպանության նպատակով:
3. Արգելվում է նաեւ՝
1) վիրաբուժական միջամտության իրականացումն առանց ցավազրկման.
2) առանց «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված հիմքերի կենդանու քնեցումը.
3) կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը.
4) կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը.
5) կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում.
6) կենդանիների բուծումը կացարաններում.
7) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.
8) կենդանիների այնպիսի վարժեցում, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն.
9) առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու` դրանց ենթարկել ֆիզիկական ճնշումների.
10) անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը.
11) ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանիների առողջությանը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական կամ անասնաբուժական հիմնավորում ունեն կամ թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում.
12) սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութերի կիրառումը.
13) բնական կամ արհեստական սերմնավորումը, որը կենդանիների առողջության համար վտանգավոր է.
14) կենդանիներին կերակրել այնպիսի կերատեսակներով, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար` ելնելով դրանց տեսակից, տարիքից եւ առողջական վիճակից.
15) անհամատեղելի տեսակների միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների բնակեցումը, որոնց միջեւ առաջացել է ագրեսիվություն, հարձակում կամ պայքար.
16) տնային կենդանիներին բուծել կամ պահել մսի կամ մորթու արտադրության նպատակով:
Հոդված 10. Տնային կենդանիների պահման պահանջները
1. Տնային կենդանի պահողը պարտավոր է կենդանու համար` կախված տեսակից, տարիքից եւ ցեղատեսակից, ապահովել Կառավարության կողմից սահմանված պահման եւ խնամքի կարգերով նախատեսված պահանջների կատարումը, որոնք ներառում են առնվազն հետեւյալ պարտադիր պայմանները`
1) տեղակայման եւ տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք, ազատություն եւ պայմաններ,
2) կերի եւ ջրի բավարար քանակություն,
3) կերակրման եւ խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորություն,
4) կերակրվելու եւ խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու համար դրանց աղտոտումը եւ նվազեցնելու կենդանիների միջեւ ագրեսիվ մրցակցությունը,
5) կենսագործունեության համապատասխան միկրոկլիմա,
6) կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների պարտադիր կանխարգելում եւ բուժում, հիվանդության կամ վնասվածքի դեպքում դիմել անասնաբույժի օգնությանը,
7) ձեռնարկել միջոցառումներ` ուղղված մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի համալիրում ներքին եւ արտաքին մակաբույծների նկատմամբ կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների եւ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանը,
8) կանխել հասարակական վայրերի եւ շինությունների ընդհանուր օգտագործման տարածքների (վերելակների) աղտոտումը կենդանիների կողմից եւ ապահովել դրանց մաքրումը,
9) ձեռնարկել հնարավոր նվազագույն միջոցները կենդանիների` բարձրություններից ընկնելը կանխելու համար,
10) ձեռնարկել շրջապատին անհանգստություն պատճառող կենդանու առաջացրած աղմուկը վերացնելու կամ նվազեցնելու միջոցներ,
11) ձեռնարկել մարդկանց կամ գույքը չվնասելու միջոցառումներ,
12) ձեռնարկել կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումներ,
13) չխոչընդոտել իրավասու պետական մարմիններին վերահսկողություն իրականացնելիս եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել տիրապետման տակ գտնվող կենդանուն կամ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը:
2. Տնային կենդանի պահելու համար կենդանի պահողը պարտավոր է ձեռք բերել համապատասխան թույլտվություն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
3. Տնային շուն պահողը պարտավոր է նաեւ`
1) կենդանուն ձեռք բերելիս իրականացնել անհրաժեշտ միջոցառումները Կառավարության սահմանած կարգով կենդանու անձնագիր ստանալու եւ կենդանու վրա միկրոսխեմա տեղադրելու նպատակով: Տնային եւ թափառող շների նույնականացման գործընթացում առաջնային պետք է լինի կենդանու անհատական տվյալներ պարունակող միկրոսխեմայի միջոցով պետական լիազոր մարմնի կողմից կառավարվող տվյալների բազայում կենդանու վերաբերյալ տվյալների արագ եւ անխոչընդոտ նույնականացումը: Միկրոսխեմայի միջոցով պետք է հնարավոր լինի նույնականացնել կենդանու պահողին: Կենդանու պահողի նույնականացման անհնարինության պարագայում կենդանին տեղակայվում է կացարանում,
2) կենդանուն ձեռք բերելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջների ապահովման նպատակով,
3) ցուցահանդեսներին, մրցույթներին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ դրանց անձնագրերը,
5) ապահովել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները եւ այլ անհրաժեշտ միջոցառումները,
6) մշտական կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել ապաստարան եւ ազատ տեղաշարժման տարածք,
7) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք,
8) քաղաքային տրանսպորտով շների տեղափոխումը կազմակերպել միայն դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների եւ փոքր խառնածին շների,
9) ճանապարհը կամ երթեւեկելի մասն անցնելիս, ինչպես նաեւ մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել կարճ կապի վրա,
10) պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը կազմակերպել դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ ցանկացած հանրային վայրում,
11) բացառել պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնների/կազմակերպությունների տարածքներում, հասարակական տրանսպորտում,
12) շան կորելու դեպքում առավելագույնը երկօրյա ժամկետում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնել շան կորելու փաստի մասին եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ պատկան մարմինների ուղղորդմամբ:
4. Շներ պահողները իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն իրենց սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում:
5. Երեքից ավել շուն պահելու համար կենդանի պահողը պարտավոր է համաձայնություն ստանալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:
Հոդված 11. Թափառող կենդանիների բռնման գործընթացում պատասխանատու վերաբերմունքի պահանջները
1. Թափառող կենդանիների բռնումը կազմակերպվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
2. Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի համապատասխան հմտություններ եւ փորձ ունեցող մասնագետների կողմից եւ համապատասխան փոխադրամիջոցներով կենդանիների բռնումը անվտանգ իրականացնելու համար:
3. Թափառող կենդանիների բռնումը իրականացվում է թափառող կենդանիների գլխաքանակի նվազեցման նպատակով՝ զանգվածային ստերջացման միջոցով, ինչպես նաեւ պատվաստման նպատակով՝ կանխելու համաճարակների, վարակիչ հիվանդությունների տարածումը եւ վտանգը մարդու առողջության համար: Ստերջացումից կամ պատվաստումից հետո կենդանին բաց է թողնվում, բացառությամբ կենդանու մոտ վարակիչ հիվանդության առկայության, որի դեպքում կենդանին պահվում է կացարանի կարանտինային տարածքում մինչեւ վերջնական բուժումը:
4. Թափառող կենդանիների բռնումը սպանելու նպատակով արգելվում է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
5. Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի այնպիսի մեթոդներով, որոնք չեն վտանգում կենդանու կյանքը եւ բնականոն կենսագործունեությունը:
6. Թափառող կենդանիների բռնումն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատետերը նախեւառաջ ստուգում են կենդանու մոտ միկրոսխեմայի առկայությունը կենդանուն նույնականացնելու նպատակով: Եթե կենդանին չունի պահող, կենդանուն տեղափոխում են կացարան բնակության եւ իրականացնում անհրաժեշտ անասնաբուժական միջամտությունները: Եթե կենդանին ունի պահող, տեղական ինքնակառավարման մարմինները իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ իրականացնում են անհրաժեշտ միջոցառումները կենդանի պահողին կենտրոնացված տվյալների բազայում նույնականացնելու եւ գտնված կենդանուն պահողին հանձնելու նպատակով: Կենդանու պահողի չգտնվելու դեպքում կենդանին տեղափոխվում է կացարան: Կենդանու պահողի կողմից կենդանուց հրաժարվելու պարագայում կենդանի պահողի նկատմամբ կիրառվում են օրենքով սահմանված պահանջները, իսկ կենդանին տեղափոխվում է կացարան:
Հոդված 12. Ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները
1. Կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպումը թույլատրվում է միայն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սահմանված թույլտվության առկայության դեպքում:
2. Կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, դելֆինիարիաների, էկզոտարիումների, կենդանիների մասնակցությամբ կրկեսների եւ նմանատիպ կառույցների գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների կամ նկարահանման համար օգտագործվող կենդանու հանդեպ արգելվում է կիրառել վարժեցման այնպիսի մեթոդներ, որոնք վնասում են կենդանու առողջությունը:
4. Արգելվում է կենդանու մասնակցությունը այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը, որի արդյունքում կենդանին կարող է ենթարկվել տանջանքների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում:
5. Կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցադրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի ապահովելով մարդկանց եւ այլ կենդանիների անվտանգությունը:
Հոդված 13. Ծառայողական կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները
1. Ծառայողական կենդանիների վարժեցումից հետո (պատրաստման վերջում) իրականցվում են ծառայողական կենդանիների թեստեր (հանձնարարական ստուգում), որից հետո այդ կենդանիներին օգտագործելու իրավունքի համար տրվում է սերտիֆիկատ (վկայագիր) տարբեր ծառայության նպատակներով: Սերտիֆիկատի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:
2. Արգելվում է ծառայողական կենդանու փոխանցումը կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց կամ առանց հսկողության թողնելը:
Հոդված 14. Կենդանիների բուծումը
1. Բուծվող կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորվում է սույն օրենքով կենդանի պահողի համար սահմանված պահանջների պահպանմանը:
2. Արգելվում է կենդանու նկատմամբ այնպիսի բնական կամ արհեստական սերմնավորման իրականացումը, որի արդյունքում նոր սերնդի մոտ առաջանում են հիվանդություններ եւ անոմալ շեղումներ, այդ թվում՝
1) հենաշարժողական հիվանդություններ,
2) խլություն,
3) կուրություն,
4) ատամների եւ գլխի դեֆորմացիա,
5) ագրեսիվություն:
3. Տնային կենդանիների բուծումը ձեռնարկատիրական նպատակով պետք է կազմակերպվի բուծարանում:
Հոդված 15. Կենդանիների վաճառքը ձեռնարկատիրական նպատակով
1. Կենդանիների վաճառք իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել յուրաքանչյուր վաճառքի ենթակա կենդանու համար կերի եւ ջրի բավարար քանակություն, տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք եւ պայմաններ:
2. Կենդանիների վաճառքը կարելի է իրականացնել միայն մասնագիտացված խանութներում կամ հատկացված բացօթյա տարածքներում՝ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա եւ կենդանիների անձնագրերի պարտադիր առկայությամբ: Կենդանու վաճառքի դեպքում կենդանի պահողը պարտավոր է 10 օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել կենդանու անձնագրում իր տվյալները ամրագրելու համար:
Հոդված 16. Կենդանիների պահման եւ խնամքի պահանջները կացարաններում
1. Կացարաններում կարող են պահվել թափառող, գտնված կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիներ: Կացարան տեղափոխված կենդանիները անհրաժեշտ անասնաբուժական միջոցառումներից եւ ստերջացվելուց հետո բաց են թողնվում համայնք, բացառությամբ կացարանում մշտապես պահման ենթակա կենդանիների, որոնց կատեգորիաները սահմանում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:
2. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ապահովել պահվող կենդանիների կենսաբանական առանձնահատկություններին համապատասխան պայմաններ, բավարարել նրանց կերի, ջրի, քնի, շարժման եւ բնականոն վարքի բոլոր պահանջները:
3. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ կացարանը սպասարկող անասնաբույժի միջոցով, ապահովելով կացարանում պահվող կենդանիների հիվանդությունների ախտորոշման, բուժման եւ կանխարգելիչ այլ միջոցառումների իրականացման նպատակով:
4. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են վարել կացարանում պահվող կենդանիների հաշվառում բոլոր այն տվյալների գրանցմամբ, որոնք թույլ կտան նույնականացնել կենդանուն:
5. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կորած եւ կացարան բերված կենդանու պահողին գտնելու համար:
6. Կենդանիների կացարանների պատասխանատուները կենդանուն կարող են հանձնել տիրապետման միայն 18 տարին լրացած գործունակ անձանց օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
7. Կենդանիների կացարանը պետք է ունենա ինտերնետային հարթակ,որտեղ կտեղադրեն գտնված եւ կացարանում պահվող կենդանիների նկարները եւ այլ տեղեկատվություն:
8. Կենդանիների կացարանը պետք է իրականացնի կացարանից կենդանիների պահման խթանմանն ուղղված միջոցառումներ՝ ներառյալ հանրային իրազեկման եւ սոցիալական գովազդների միջոցով:
ԳԼՈՒԽ 4
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿՅԱՆՔՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՔՆԵՑՈՒՄԸ, ԱՆԿԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ, ԹԱՂՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
Հոդված17. Կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցումը
1. Կենդանիների կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջների վերաբերյալ հարաբերությունները կանոնակարգվում են «Անասնաբուժության մասին» օրենքի 33-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Հոդված18. Անկած կենդանիների դիակների հավաքումը, թաղումը կամ ոչնչացումը
1. Անկած կենդանիների դիակների թաղման վայրերը որոշվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ անասնաբուժական, շրջակա միջավայրի պահպանության, ճարտարապետական, քաղաքաշինության եւ շինարարական գործունեության օրենսդրության համաձայն:
2. Անկած կենդանիների դիակների հավաքման, թաղման կամ ոչնչացման կարգը սահմանում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:
3. Արգելվում է կենդանիների թաղումը կամ դիակիզումը չնախատեսված վայրերում:
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 21. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
2. Կենդանի պահողների համար սույն օրենքով նախատեսված պարտականություններին վերաբերող իրավակարգավորումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 3 ամիս հետո:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ