Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1198-28.11.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում.

1) «վրա տարածվում են » բառերից առաջ լրացնել «, ինչպես նաեւ պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված եւ Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված ինքնակամ կառույցների» բառերով.

2)  լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված իրավահարաբերությունների վրա:»,

3)  լրացնել նոր 3.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները եւ փաստաթղթերը հաշվառման նպատակով սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետներում Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացված չլինելու եւ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու դեպքում, իսկ պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա առկա ինքնակամ կառույցները նաեւ անկախ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու հանգամանքից՝ դրանց վերաբերյալ տեղեկությունները եւ փաստաթղթերը (լուսանկարներ, բաց հասանելի աղբյուրներից տվյալներ, որակավորված անձի կողմից տրված եզրակացություն, տվյալ գույքի սեփականատիրոջ կողմից տրված գրավոր հայտարարություն կառուցման տարեթվի վերաբերյալ եւ Կառավարության կողմից սահմանած հաշվառման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր) հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում են Կադաստրի կոմիտե՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ծավալում առկա ինքնակամ կառույցների հաշվառման նպատակով Կադաստրի կոմիտե Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացվում են՝ լուսանկարներ, որակավորված անձի կողմից տրված եզրակացություն, տվյալ գույքի սեփականատիրոջ կողմից՝ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված կառուցման տարեթվի վերաբերյալ տրված գրավոր հայտարարություն, ինչպես նաեւ Կառավարության կողմից սահմանած հաշվառման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը սահմանում է Կառավարությունը: Կառավարության համապատասխան որոշումը պետք է պարունակի ինքնակամ կառույցի կառուցման տարեթիվը, գտնվելու վայրը եւ ինքնակամ կառույցը նույնականացնող այլ տվյալներ: Սույն մասով սահմանված դեպքերում ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) հաշվառվումը հաստատվում կամ մերժվում է Կադաստրի կոմիտեի կողմից՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում: Սույն մասով սահմանված դեպքերում որպես կառուցման տարեթիվ է ընդունվում տվյալ գույքի սեփականատիրոջ կողմից՝ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցի (բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա առկա ինքնակամ կառույցների) կառուցման տարեթվի վերաբերյալ տրված գրավոր հայտարարությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվառման վարույթի ընթացքում այդ վարույթի նյութերով, այդ թվում՝ հաշվի առնելով 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) ինքնակամ կառույցի արտացոլված լինելու կամ չլինելու հանգամանքը՝ Կադաստրի կոմիտեի կողմից այլ հանգամանք չի բացահայտվում: Այն ինքնակամ կառույցները, որոնք Կադաստրի կոմիտե հաշվառման են ներկայացվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետների խախտմամբ, սակայն գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում արտացոլված են որպես ինքնակամ կառույց, համարվում են հաշվառված Կառավարության սահմանած կարգով՝ Կադաստրի կոմիտեի կողմից վերջինիս հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանք տրամադրելու դեպքում:Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված եւ օրինականացված ինքնակամ կառույցները ֆիզիկական կամ իրավաբանական անձանց օտարման կամ որեւէ այլ տեսակի իրավունքով տրամադրման ենթակա չեն, բացառությամբ պետությանը, համայնքին, հարյուր տոկոս պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետության, համայնքի կողմից հիմնադրված կազմակերպություններին օտարելու կամ այլ տեսակի իրավունքով տրամադրելու դեպքերի: Սույն մասով սահմանված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց օտարման, ինչպես նաեւ այլ իրավունքով տրամադրման արգելքը պետք է արտացոլվի ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին համայնքի ղեկավարի որոշման մեջ, եւ որը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման՝ որպես սահմանափակում:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը Կառավարությունը սահմանում է մինչեւ 2026 թվականի մարտի 1-ը:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական այլ նորմատիվ իրավական ակտերը Կառավարության կողմից ընդունվում են մինչեւ 2026 թվականի հունվարի 20-ը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).

2021 թվականի դեկտեմբերի 26-ին ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, մասնավորպես՝ նպատակ ունենալով բացառել Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը: Միաժամանակ, Օրենքի անցումային դրույթներով սահմանվեց, որ մինչեւ Օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված եւ ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ (այսուհետ սույն հոդվածում նաեւ` Կառավարության որոշում) սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վրա տարածվում են մինչեւ Օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Այսինքն օրենսդրորեն ամրագրված է, որ այդ կառույցները կարող են օրինականացվել: Սակայն ներկայումս առկա են ինքնակամ կառույցներ, որոնք, չնայած կառուցված են եղել նախքան հիշատակված օրենսդրական փոփոխությունները, սակայն սահմանված ժամկետում չեմ հաշվառվել եւ չեն օրինականացվել: Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները: Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները եւ փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով:

ՀՀ վարչապետի 2025 թվականի հուլիսի 14-ի N 02/12.21/22818-2025 հանձնարարականով Կադաստրի կոմիտեին հանձնարարվել է. «ձեռնարկել անհրաժեշտ քայլեր համապատասխան իրավական ակտի նախագծի մշակման ուղղությամբ, որով հնարավորություն կտրվի մեկ անգամ որոշակի ժամկետով երկարաձգել ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետ(ներ)ը՝ նկատի ունենալով նաեւ, որ սահմանվող ժամկետ(ներ)ը լրանալուն պես լրացուցիչ երկարաձգում չի նախատեսվելու»»: Ի կատարումն նշված հանձնարարության՝ Օրենքում նախատեսվում է կատարել համապատասխան լրացում՝ ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետ սահմանելով մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Կարգավորման առարկան եւ բնույթը.

Նախագծերը միտված են եւս մեկ հնարավորություն ընձեռելու մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները, ընդ որում՝ թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետությանը եւ համայնքին պատկանող: Եթե մասնավոր անձանց դեպքում նախապայման է սահմանվում ինքնակամ կառույցի՝ 2021 թվականի օրթոլուսանկարներում արտացոլված լինելու վերաբերյալ, ապա պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամերի դեպքում այս կանոնից սահմանվում է բացառություն այն տրամաբանության ներքո, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համընդհանուր, հանրային արժեք է:

Ներկայացված փաթեթով համապատասխան հստակեցում է կատարվում առ այն, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա օրինականացված ինքնակամ կառույցները ենթակա չեն օտարման կամ այլ իրավունքներով տրամադրման, կարող են հանդիսանալ բացառապես պետական, համայնքային կամ պետական, համայնքային 100 տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների, կամ պետության, համայնքի կողմից հիմնադրված կազմակերպությունների սեփականություն:

3. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ եւ վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով: Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները եւ փաստաթղթերը հաշվառման նպատակով Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետներում Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացված չլինելու եւ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու դեպքում` դրանց վերաբերյալ տեղեկությունները եւ փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացնելու համար: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաեւ քաղաքացիների սեփականության եւ այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը:

Միեւնույն ժամանակ, Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի օրինականացնելու նաեւ պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա առկա ինքնակամ շինությունները:

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշման մեջ:

5. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն