Հոդված 1. «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-323-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «վաճառքի» բառից հետո լրացնել «, զբոսաշրջության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18) դիտարկում՝ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով օրենքով սահմանված դեպքերում իրականացվող գործողությունների ամբողջություն:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դեպքում» բառերը հանել, իսկ 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով՝
«4) զբոսաշրջության ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ հոդվածով.
«Հոդված 5.1. Դիտարկումների իրականացումը
1. Դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը եւ դիտարկվող հարցի շրջանակը (ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված իրավախախտումների):
2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը ծանոթացման նպատակով ներկայացվում է դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ վերջինիս պահանջով:
3. Դիտարկվողի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ դիտարկման վայրում չգտնվելը կամ դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը չպահանջելը կամ ստորագրությամբ այն ստանալու փաստը չհավաստելը հիմք չէ տվյալ պահին դիտարկումը չիրականացնելու համար:
4. Յուրաքանչյուր դիտարկվողի մոտ մեկ դիտարկման ժամկետ կարող է սահմանվել հինգ աշխատանքային օրից ոչ ավելի:
5. Դիտարկումից հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են լիազոր մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անունը (անվանումը), խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ նաեւ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) եւ այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Դիտարկվող սուբյեկտն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ եւ առարկություններ կազմված արձանագրության վերաբերյալ, ներկայացնել փաստաթղթեր:
6. Դիտարկման ընթացքում օրենսդրության համապատասխան պահանջների խախտումներ հայտաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը տալիս է խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման համար սահմանելով ժամկետներ:
7. Դիտարկման ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է`
1) չխոչընդոտել դիտարկման ընթացքին, կատարել դիտարկում իրականացնող անձի օրինական պահանջները.
2) դիտարկումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները, կրկնօրինակները եւ այլ տեղեկություններ.
3) անհրաժեշտ պայմաններ ստեղծել դիտարկումն իրականացնող անձանց գործունեության համար.
4) կարգադրագրով սահմանված ժամկետում կատարել կարգադրագրի պահանջները՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով տեղեկացնելով լիազոր մարմնին:
8. Դիտարկման արդյունքները հիմք են վարչական վարույթ հարուցելու եւ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:
9. Դիտարկումների հետ կապված վարչական վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:
10. Դիտարկման ձեւով վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված հետեւյալ պահանջների նկատմամբ՝
1) «Առեւտրի եւ ծառայությունների» մասին օրենքով՝ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաեւ աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի), մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների(բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայության կամ օտարման արգելքի.
2) «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքով սահմանված՝
ա. ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ արտադրողների, նրանց ներկայացուցիչների կամ իրացնողների կողմից ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացման արգելքի.
բ. ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հովանավորության արգելքի.
գ. ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջների.
դ. առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջների.
ե. ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների.
զ. 18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացման արգելքի.
է. ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու եւ մինչեւ վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով), ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով իրացման արգելքի.
ը. ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքն իրականացնելիս որեւէ զեղչի կիրառման արգելքի.
թ. բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքի կամ որեւէ այլ եղանակով իրացման կամ սիգարետի հատով վաճառքի կամ որեւէ այլ եղանակով հատով իրացման կամ սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքի կամ որեւէ այլ եղանակով իրացման արգելքի.
ժ. օրենքով արգելված տարածքներում կամ հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կամ որեւէ այլ եղանակով իրացման.
ժա. վաճառասրահներում եւ հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքի:
11. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դիտարկման նկատմամբ:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝ 4-րդ հոդվածով լրացվող 5.1-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հայաuտանի Հանրապետության «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ ու «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովմամբ:
Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների, սպասքի, խահանոցային ու կենցաղային այլ պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթները եւ պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետեւանքով առաջացնում են կայուն աղտոտվածություն: Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ սպասքի օգտագործման ժամանակահատվածը շատ կարճ է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով, մեկանգամյա օգտագործման պլաստիկ այլ արտադրանքով ու դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերն եւ զբոսաշրջության վայրերը: Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի ողջ ծավալն ի վերջո հանգրվանում է բնության մեջ եւ, նույնիսկ աղբավայրերում, դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արեւի ազդեցությամբ եւ ինքնայրման հետեւանքով արտազատելով քաղցկեղածին դիօքսին եւ ֆուրան գազեր:
Մանրածախ առեւտրի կետերում մեկանգամյա օտագործման պլաստիկ կամ փրփրապլաստե տարաները (տուփերը, կոնտեյներները) հաճախ օգտագործվում են այնպիսի ապրանքների փաթեթավորման համար, որոնք կամ արդեն իսկ ունեն գործարանային փաթեթավորում, կամ չունեն փաթեթավորման կարիք (որոշ ապրանքներ ունեն բնական պաշտպանիչ թաղանթ): Նման դեպքերը կրում են զանգվածային բնույթ եւ անհարկի ավելացնում են պլաստիկ թափոնների քանակը:
Մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործուղությունների ծրագրի շրջանակներում մշակվել է «Պոլիմերային միանգամյա օգտագործման ապրանքների առանձին տեսակների ներմուծման եւ արտադրության փուլային արգելքի ներդրման նպատակահարմարության սոցիալ-տնտեսական վերլուծության նախապատրաստում» զեկույցը, որը վերջնական քննարկվել է ԵՏՀ նիստում 2023 թվականի դեկտեմբերի 12-ին: Զեկույցում ներկայացված են որոշակի գնահատականներ՝ ԵԱՏՄ երկրներում պոլիմերային արտադրանքի եւ թափոնների վերաբերյալ: Համաձայն զեկույցի՝ Հայաստանում տարեկան առաջանում է 6000 տոննա պլաստիկ թափոն, որից վերամշակվում է միայն 25 տոկոսը: Զեկույցում ներկայացված է նաեւ 2021 թվականի կտրվածքով մեկանգամյա օգտագործման պոլիմերային փաթեթվածքի եւ սպասքի տարեկան արտադրության եւ սպառման մասին տեղեկատվությունը, համաձայն որի՝
| մեկանգամյա օգտագործման պոլիմերային փաթեթվածք (մլն հատ) |
մեկանգամյա օգտագործման պոլիմերային սպասք (մլն հատ) |
|
| սպառում | 8891 | 37.2 |
| արտադրություն | 5101 | 5.2 |
| այլընտրանքային նյութերից պատրաստված արտադրանք | 285 | 0.8 |
| այլընտրանքային նյութերից պատրաստված արտադրանքով պահանջարկի ծածկման տոկոսը | 3.21 | 2.2 |
Շրջակա միջավայրի նախարարությունը փաթեթավորման համար պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության (ներկրման), արտահանման ծավալների եւ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների եւ ներմուծողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ս/թ հուլիսին դիմել է Պետական եկամուտների կոմիտե եւ վիճակագրական կոմիտե, սակայն ստացված արդյունքները համադրելի չեն եւ հնարավորություն չեն տալիս իրականացնել համապատասխան վերծություններ (կցվում է):
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել եւ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի ապրիլի 17-ին ընդունվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-226-Ն օրենքը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից: Գործող «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով արգելվում է առեւտրի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերի միջոցով, շրջածախ առեւտրի միջոցով, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում մանրածախ առեւտուր իրականացնելիս մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) վաճառքը: Սահմանվել է նաեւ «կշռափաթեթավորում» հասկացությունը, ինչն անհրաժեշտ էր ապրանքատեսակի գնման (վաճառքի), սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների, ամբողջականության ապահովման, ինչպես նաեւ կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առեւտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով անհրաժեշտ փաթեթավորման մասով բացառություն սահմանելու համար՝ հաշվի առնելով ներկա ժամանակահատվածում այդ նպատակով հասանելի՝ շրջակա միջավայրի եւ մարդու կյանքի ու առողջության համար անվտանգ փաթեթվածքի սահմանափակ հասանելիությունը:
Նշված կարգավորումն առաջին օրենսդրական քայլն էր մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման եւ սահմանափակման ուղղությամբ: Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների, սպասքի եւ մեկանգամյա այլ պլաստիկ արտադրանքի կիրառումը էականորեն կրճատելու, առաջացած բնապահպանական խնդիրներ հնարավորինս մեղմելու գործընթացը շարունակական է: Պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ապրանքաշրջանառության եւ հասույթի կտրուկ նվազում թույլ չտալու, ինչպես նաեւ արտադրությունները վերապրոֆիլավորելու եւ արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման արդյունավետ կազմակերպմանը հնարավորինս չխոչընդոտելու համար նպատակահարմար համարվեց առաջին քայլով սահմանափակել թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստություն ունեցող պարկերի ու տոպրակների գործածությունը: Հատվածային մոտեցմամբ (մինչեւ 50 միկրոն) օրենսդրական կարգավորումը նպատակ ուներ արտադրողներին հնարավորություն ընձեռել վերապրոֆիլավորվելու եւ ինտեգրվելու նոր պահանջներին:
Այդ նպատակով, հաշվի առնելով թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող տոպրակների ու պարկերի՝ բազմակի օգտագործման հնարավորությունը, նախատեսվում էր ժամանակավորապես չսահմանափակել դրանց գործածությունը: Անհրաժեշտ էր նաեւ որոշակի ժամանակ՝ երկրում շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ կենսաքայքայվող փաթեթվածքի, ինչպես նաեւ բազմակի օգտագործման պարկերի եւ տոպրակների՝ բավարար քանակությամբ արտադրության կամ ներկրման ծավալների աճի համար:
Ինչպես գործող կարգավորումների նախագծի, այնպես էլ սույն փաթեթը քննարկվել է բազմաշահառու խմբերի հետ: Բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել առանձին թիրախային խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ, մասնավորապես, պոլիէթիլենային տոպրակ արտադրողների, պլաստիկ մեկանգամյա արտադրանք արտադրողների, մանրածախ առեւտրի կենտրոնների, հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Արտադրողների հետ վերջին քննարկումներին մասնակցել են նաեւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:
Միաժամանակ, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների օրնագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռեւս 2023 թվականի տարեսկզբից, որով նախատեսվում էր ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 1-ը: Մինչդեռ, պայմանավորված բազմաթիվ քննարկումների ու լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտությամբ նախագծերի փաթեթում ներառվել է նաեւ տեսչական մարմինների գրասենյակի կողմից մշակված «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ելնելով վերոգրյալից Նախագծերի փաթեթով առաջարկվող ուժի մեջ մտնելու ժամկետները դիտարկվում են իրատեսական:
Միաժամանակ հարկ է նշել, որ գործող կարգավորումը հանգեցրեց որոշակի առաջընթացի՝ սպառողի վարքագծի փոփոխության, երկրորդային հումքից պատրաստված, ինչպես նաեւ բազմակի օգտագործման պարկերի ու տոպրակների արտադրության ու գործածության ավելացման ուղղությամբ: Ներկայումս շուկայում առկա են Նախագծերի փաթեթով արգելվող ապրանքային խմբերի այլընտրանքային տարբերակները:
Ավելացել է նաեւ կենսաքայքայվող փաթեթվածքի համար հումքի ու դրանից ստացված պատրաստի արտադրանքի ներկրման, ինչպես նաեւ ավելի մատչելի կենսաքայքայվող հումքի ստացման ուղղությամբ հետազոտական աշխատանքների նկատմամբ հետաքրքրվածությունը:
Մինչդեռ գործող կարգավորումների ամբողջական ազդեցության գնահատումն իրատեսական չէ հաշվի առնելով, որ ներկայումս տեղական ինքակառավարման մարմինների կողմից որոշակիրորեն օբյեկտիվ պատճառներից ելնելով հնարավոր չէ ապահովել պատշաճ վերահսկողություն (Հայաստանի Հանրապետությունում այսօր բացակայում են «միկրոմետր» կոչվող սարքերի ստուգաճշտման հնարավորությունը):
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի.
- 158-րդ հոդվածի 12-րդ մասի՝ առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում, ինչպես նաեւ շրջիկ առեւտրի կետերում եւ շրջածախ առեւտրի միջոցով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով: Գործող դրույթով չեն կարգավորվում նաեւ նշված ապրանքների անհատույց տրամադրման դեպքերը, քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է «իրացում» հասկացությունը, որը «մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի եւ (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումն է որեւէ ձեւով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի)»: Օրենսդրական համապատասխանության ապահովման, համապատասխան մարմինների կողմից վերահսկողության իրականացման ընթացքում հնարավոր անորոշությունների եւ դրանցից բխող հավանական կոռուպցիոն ռիսկերի կանխման նպատակով անհրաժեշտ է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածներում «իրացում» հասկացության փոխարեն ամրագրել «առկայությունը կամ օտարումը» ձեւակերպումը, «օտարում» հասկացությունն ամրագրված է ՀՀ հարկային օրենսգրքում՝ այն է «մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի եւ (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում կամ ծառայության մատուցում` որեւէ ձեւով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»:
2191-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ (բացառությամբ 2-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ, 32-րդ, 37-45-րդ մասերի) հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմին են հանդիսանում միայն տեղական ինքնակառավարման մարմինները: Սակայն 2022 թվականի ընթացքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վերաբերյալ օրենսդրական կարգավորման վերահսկողության իրականացման գործընթացում՝ մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների կամ դրանց որակավորման անհրաժեշտ մակարդակի բացակայությամբ պայմանավորված խնդիրների չեզոքացման կամ մեղմման, մեկանգամյա պլաստիկի գործածության, դրա հետեւանքով առաջացող աղտոտվածության էական կրճատման նպատակով իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման համար նպատակահարմար է վերոնշյալ կարգավորման մասով վերահսկողության իրավասություն վերապահել նաեւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ լրացում կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 244.7-րդ հոդվածում:
Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման, ինչպես նաեւ շուկայի վերահսկողության մեխանիզմները կանոնակարգող օրենսդրությամբ նախատեսված չեն մի շարք սահմանափակումների մասով (մասնավորապես, մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի, ինչպես նաեւ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների), զբոսաշրջության ոլորտի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացման համար հստակ ընթացակարգեր:
Հայաստանի Հանրապետությունում գործում է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 769 որոշմամբ հաստատված «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը, որով սահմանված են նաեւ փաթեթվածքից (խցանափակման միջոցներից) արտազատվող, սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգության սանիտարահիգիենիկ ցուցանիշները եւ նորմատիվները:
Միջազգային փորձ
Վրաստանում, սկսած 2018 թվականից ներդրվել է պլաստիկ տոպրակների աստիճանական կրճատման արգելքը: Մասնավորապես, 2018 թվականից արգելվել է թաղանթի՝ մինչեւ 15 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներմուծումն ու վաճառքը: 2019 թվականից արգելվել է բոլոր տեսակի (անկախ թաղանթի հաստությունից)՝ պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներմուծումն ու վաճառքը, իսկ 2023 թվական հունվարից՝ նաեւ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը շուկաներում՝ ապրանքները կշռելու համար: Կանոնակարգերը թույլ են տալիս միայն կենսաքայքայվող տոպրակների արտադրությունն ու վաճառքը:
2024 թվականի հունվարի 1-ից Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) փուլային կտրվածքով արգելվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների լայն խմբի (սննդի առաքման փաթեթավորումը, հաստ պլաստիկ տոպրակները եւ պլաստիկ տարաներ) գործածությունը: Օրինագիծը տարածվում է բոլոր վաճառողների եւ սպառողների վրա, որոնք գտնվում են Դուբայում մասնավոր եւ ազատ գոտիներում: Որոշ ապրանքներ ազատված են արգելքից, ներառյալ երկրորդային հումքից պատրաստված տոպրակները եւ բարակ թաղանթով գլանափաթեթները, որոնք օգտագործվում են մթերքների փաթեթավորման համար:
Համաձայն առկա ուսումնասիրությունների՝ ՄԱԿ-ի 90-ից ավել երկրներ ընդունել են կանոնակարգեր՝ արգելելու կամ սահմանափակելու պլաստիկ արտադրանքի օգտագործումը՝ հիմնականում կենտրոնանալով մեկանգամյա օգտագործման պլաստիկի վրա/ պլաստիկ տոպրակներ, սպասք, սննդի տարաներ/:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել նոր հասկացություն՝ «մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանք»՝ հիմք ընդունելով որոշակի պլաստիկ արտադրանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման մասին ԵՄ 2019/904 hրահանգով սահմանված համապատասխան հասկացությունը: Վերոնշյալ գործընթացը ոչ թե ԵՄ օրենսդրության մոտարկում է, այլ վերոնշյալ հասկացության սահմանման համար համապատասխան միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում բացահայտված եւ որոշակի խմբագրական ձեւափոխություններ կրած տեղայնացում: ՀՀ-ն ՀԸԳՀ շրջանակներում պարտավորություն չունի մոտարկելու ԵՄ 2019/904 հրահանգը:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.
- մանրածախ առեւտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարման արգելքը տարածել նաեւ թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների(բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաեւ աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի), մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների վրա,
- վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաեւ դրանց առկայության կամ օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին եւ հնարավորինս նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի թիրախային խմբի ապրանքների գործածությունը,
- մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի 2 թիրախային խմբերի առկայության կամ օտարման արգելքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.
- Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել նոր 12.1-ին մասով՝ առանձնացված պատասխանատվություն ամրագրելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասում նշված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաեւ դրանց օտարման, այլ նաեւ առկայության վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին, իսկ համապատասխան տուգանքի չափը սահմանել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով (նախատեսելով նաեւ նախազգուշացում՝ առաջին անգամ խախտում կատարելու համար), որը կնպաստի գործող տուգանքի չափի եւ հասցվող վնասի տարբերության նվազեցմանը, ինչպես նաեւ կկանխարգելի մեկանգամյա պլաստիկ արտադրանքի՝ թիրախային խմբի ապրանքների օտարման դեպքերը,
- Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ առաջարկվող 12.1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող եւ վարչական տույժեր նշանակող, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին,
- «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.
- ամրագրել «դիտարկում» հասկացությունը,
- օրենքը լրացվում է «Դիտարկումների իրականացումը» 5.1 հոդվածով, որում ամրագրված են դիտարկման ձեւով վերահսկողության իրականացման վերաբերյալ կարգավորումներ՝ պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի ապրանքատեսակների, ինչպես նաեւ ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների համար, ինչպես նաեւ նախագծով ապմրագրվել են որոշ փոփոխություններ՝ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի առաջարկով:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
«Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության եւ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակման արդյունքում.
- նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի լայն թիրախային խմբի գործածության աստիճանական նվազեցման, ու դրա հետեւանքով պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, ինչը կբերի շրջակա միջավայրի եւ դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը,
- հասկացությունների համապատասխանեցման արդյունքում կմեծանա վերահսկողության գործընթացի արդյունավետությունը, նվազագույնի կհասցվեն դրա ընթացքում հնարավոր անորոշություններն ու թյուրըմբռնումներ եւ դրանցից բխող հավանական ռիսկերը,
- մանրածախ առեւտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների՝ անկախ հաստությունից, տրամադրման եւ առկայության արգելքի սահմանման արդյունքում կվերանա վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից համապատասխան չափիչ սարքերի (միկրոմետրների) ձեռքբերման, դրանց հետագա շահագործման կամ սպասարկման, ինչպես նաեւ դրանց հետ կապված ծախսերի կատարման անհրաժեշտությունը,
- տեղական ինքնակառավարման մարմինների եւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի համատեղ վերահսկողությունն էականորեն կնպաստի մեկանգամյա պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի ապրանքների մասով արգելքի պահանջի խախտման դեպքերի բացահայտման ու կանխարգելման գործընթացին,
- մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի, ինչպես նաեւ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների գործածության կրճատմանն ուղղված օրենսդրական սահմանափակումների հետ կապված խախտումների կանխման կամ բացահայտման նպատակով դիտարկումը կիրականացվի առանց նախնական ծանուցման, որը կնպաստի վերոնշյալ խախտումների կանխման կամ բացահայտման արդյունավետության էական բարձրացմանը:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում:
Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների գործածության կրճատմանն ուղղված օրենսդրական սահմանափակումների, զբոսաշրջության ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջների եւ մեկանգամյա պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի ապրանքների մասով արգելքի պահանջի հետ կապված խախտումների կանխման կամ բացահայտման նպատակով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կառաջանա լրացուցիչ ռեսուրսների (10-15 նոր հաստիք, 2-3 տրանսպորտային միջոց եւ տեխնիկական միջոցներ) անհրաժեշտություն: Վերոնշյալ ծախսերը օրենքների ուժի մեջ մտնելուց հետո կպլանավորվեն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տվյալ տարվա ՀՀ բյուջեի կազմման շրջանակներում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Ծրագրի 4.10-րդ՝ «Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի 13-րդ՝ «մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման եւ սահմանափակման ապահովում» առաջնահերթ ուղղությունից:
Միջոցառումն ամրագրված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 12-րդ կետով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված սահմանափակումների պատշաճ կիրարկման անհրաժեշտությամբ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում