Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36-րդ կետով.
«36) մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանք՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն պլաստիկից պատրաստված արտադրանք, որը նախագծված կամ նախատեսված կամ շուկայահանված չէ իր կյանքի ցիկլի ընթացքում բազմակի օգտագործման համար, ինչպես նաեւ նախատեսված չէ արտադրողին վերադարձման եւ կրկնակի օգտագործման համար այն նույն նպատակով, ինչի համար արտադրվել է:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.1. Առեւտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առեւտրի միջոցով, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում մանրածախ առեւտուր իրականացնելիս արգելվում է՝
1) պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաեւ աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի) առկայությունը կամ օտարումը.
2) մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ օտարումը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: