Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում՝ պահեստազորից) եւ այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) եւ սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին հերթական կոչման ներկայացնելու կարգը
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում՝ պահեստազորից) եւ այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) եւ սպայական պաշտոնի նշանակված ծառայողները հերթական կոչման ներկայացվում են կոչումը կրելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
2. Ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերի պահեստազորից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված սպաների՝ տվյալ կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակահատվածը:
3. Զինված ուժերից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, փրկարար ծառայությունից եւ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված, ինչպես նաեւ տվյալ մարմիններում ծառայած եւ ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաեւ զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում, փրկարար ծառայությունում եւ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում տվյալ կոչումով ծառայության ժամանակահատվածը:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են» բառերը փոխարինել «այն անձի, ով ուսման ընթացքում անցել է» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում, ինչպես նաեւ կառուցվածքային այլ ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ եւ ունակություններ պահանջող պաշտոններում նշանակվելու համար ծառայության կարող են ընդունվել 30-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները:».
3) 3-րդ մասի 3-րդ կետում «հանցագործություն» բառը փոխարինել «հանցանք» բառով, իսկ «համար.» բառը՝ «համար, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի.» բառերով.
4) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայության կարող է անցնել նաեւ այն քաղաքացին, որը դատապարտվել է անզգույշ հանցանք կատարելու համար եւ որի դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է:»:
Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «թղթային եղանակով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «հետախուզական ու հակահետախուզական» բառերը փոխարինել «հակահետախուզական ու սահմանապահ զորքերի հետախուզական» բառերով:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչեւ նշանակումն առնվազն մեկ տարի զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ ավագ խմբի որեւէ պաշտոն:»:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի կողմից» բառերով:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 եւ 2.1 մասեր.
«1.1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է թողնվել կադրերի տրամադրության տակ՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում, հաշվի առնելով հանցանքի բնույթը:
2.1. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է ամսական հատուցում՝ նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 108.2-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:».
2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին՝ նրա անձնական եւ գործնական հատկանիշներին, կրթությանը եւ նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին, իսկ դրա բացակայության դեպքում՝ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից: Համապատասխան պաշտոնի բացակայության դեպքում ծառայողն արձակվում է ծառայությունից առանց այլ պաշտոն առաջարկելու:»:
Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետում «մանկավարժական» բառը փոխարինել «կրթական» բառով, իսկ «աշխատանքից» բառից հետո լրացնել «, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների իրականացմանը» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում.».
3) 1-ին մասի 3-րդ կետից հանել «անձամբ» բառը.
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասում «տուժանք» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հիփոթեկային վարկավորման պայմանագրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարը» բառերը:
Հոդված 10. Օրենքի 47-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 5-րդ կետից հանել «, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայությունից կարող է արձակվել, եթե ծառայողին առաջարկվել է իր առողջական վիճակին, ինչպես նաեւ անձնական ու գործնական հատկանիշներին, կրթությանը եւ զբաղեցրած պաշտոնի խմբին համապատասխանող այլ պաշտոն, իսկ ծառայողը հրաժարվել է առաջարկված պաշտոնից: Համապատասխան պաշտոնի բացակայության դեպքում ծառայողն արձակվում է ծառայությունից առանց այլ պաշտոն առաջարկելու:»:
Հոդված 11. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 52. Ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական հանձնաժողովը
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող անձանց եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների առողջական վիճակի հետազոտման եւ ռազմաբժշկական փորձաքննության գործառույթն իրականացնում է լիազոր մարմնի կազմում գործող ռազմաբժշկական հանձնաժողովը, որի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից:»:
Հոդված 12. Օրենքի 53-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Ազգային անվտանգության մարմինների քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վերաբերյալ թղթային եղանակով վարվում են անձնական գործեր, որոնցում արտացոլվում է նրանց աշխատանքային գործունեության ընթացքը: Անձնական գործի ձեւը եւ վարման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:
Հոդված 13.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 11-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 6 ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով, որով կարգավորվել են արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հետախուզության ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությունը դադարում է «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո, իսկ 6-րդ մասով սահմանվել է, որ վերոնշյալ կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո Ծառայությունը շարունակում է իրականացնել հետախուզական գործունեություն բացառապես իր կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում:
Ծառայության կողմից հակահետախուզական, այդ թվում՝ արտաքին հակահետախուզական գործունեությունն առավել արդյունավետ եւ համակարգված իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Ծառայության հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում: Նշված ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաեւ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետական դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը:
Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել նախատեսել նաեւ Ծառայության հակահետախուզական եւ Արտաքին հետախուզության ծառայության միջեւ փոխգործակցության կառուցակարգեր:
Միաժամանակ, «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի համանմանությամբ, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմինների գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ազգային անվտանգության մարմինների համար իրավասություն սահմանել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին եւ (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում: Նման կարգավորման սահմանումն առավել արդյունավետ կդարձնի Ծառայությանը վերապահված գործառույթների իրականացումը:
Միեւնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել հասարակության առավել լայն շերտերին Ծառայության սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայության ներգրավելու հետ կապված մեխանիզմներ:
Բացի այդ, նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենքների մի շարք դրույթներ արդի օրենսդրության իրավակարգավորումներին համապատասխանեցնելու եւ գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ վերանայելու անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով առաջարկվում է՝
1) ամրագրել ազգային անվտանգության մարմինների կողմից արտաքին հակահետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթը,
2) որպես ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմք սահմանել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում պետական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը,
3) հետախուզական եւ հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը սահմանելու իրավասությունը վերապահել ՀՀ վարչապետին,
4) ազգային անվտանգության մարմինների համար ապահովել հասանելիություն (այդ թվում՝ առցանց ձեւաչափով)՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների տեղեկատվական համակարգերին եւ տվյալների շտեմարաններին՝ օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով,
5) ուժը կորցրած ճանաչել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում ամրագրված Ծառայության հետախուզական ստորաբաժանման վերաբերյալ իրավակարգավորումը,
6) ներդնել Ծառայության սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ անզգույշ հանցանք կատարելու համար դատապարտված, սակայն դատվածությունը մարված կամ վերացված անձանց սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայության ընդունելու հետ կապված մեխանիզմներ («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթների համանմանությամբ),
7) Ծառայության՝ որպես ՀՀ վարչապետին ենթակա մարմնի, սպայական անձնակազմի պետական մարմիններ եւ կազմակերպություններ գործուղման կազմակերպչական գործընթացների միակենտրոն կառավարման ապահովման եւ արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսել, որ գործուղման կարգը սահմանվում է ՀՀ վարչապետի կողմից,
8) Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաեւ վերացնել անհարկի կրկնվող կարգավորումները,
9) Ազգային անվտանգության մարմինների աշխատակցիներին հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ հատկացնելու եւ հաշվառելու կարգը սահմանելու իրավասությունը վերապահել Ծառայության տնօրենին,
10) նախատեսել Ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում վերջինիս կադրերի տրամադրության տակ թողնելու հնարավորություն՝ կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի հիսուն տոկոսի չափով ամսական հատուցման վճարմամբ, ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 21-ի N ՍԴՈ-1704 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին,
11) նախատեսել, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայությունից կարող է արձակվել, եթե ծառայողին առաջարկվել է իր առողջական վիճակին, ինչպես նաեւ անձնական ու գործնական հատկանիշներին, կրթությանը եւ զբաղեցրած պաշտոնի խմբին համապատասխանող այլ պաշտոն, իսկ ծառայողը հրաժարվել է առաջարկված պաշտոնից: Համապատասխան պաշտոնի բացակայության դեպքում ծառայողն արձակվում է ծառայությունից առանց այլ պաշտոն առաջարկելու՝ ինչը համահունչ է նաեւ ՀՀ աշխատանքային օրենքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության կարգավորմանը,
12) Ծառայության կազմում գործող ռազմաբժշկական հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգի սահմանման լիազորությունը վերապահել Ծառայության տնօրենին,
13) հստակեցնել Ծառայության աշխատողների անձնական գործերի վարման հետ կապված կարգավորումները,
14) օրենքների մի շարք դրույթներ համապատասխանեցնել արդի օրենսդրության իրավակարգավորումներին եւ վերանայել գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ:
Միաժամանակ, նախագծերն առաջարկվում է համարել անհետաձգելի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 01.01.2026թ. դադարելու է Ծառայության հետախուզության ստորաբաժանման հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը եւ անհրաժեշտ է արտաքին հակահետախուզության ստորաբաժանման ձեւավորմամբ պայմանավորված գործառույթների իրավական եւ կազմակերպչական վերափոխումն իրականացնել նախապես, որպեսզի արտաքին հետախուզական գործառույթների դադարեցմանը զուգահեռ ապահովվի արտաքին հակահետախուզության գործառույթների շարունակական եւ արդյունավետ իրականացումը: Բացի այդ, արտաքին հակահետախուզական գործունեության լիարժեք իրականացումը ենթադրում է գործառույթների եւ մասնագիտական ռեսուրսների համաժամանակյա հարմարվողականություն եւ վերադասավորում, ինչի հետաձգումը կարող է հանգեցնել օպերատիվ միջավայրի անկայունության, թուլացնել հակահետախուզական միջոցառումների արդյունավետությունը եւ խոցելի դարձնել պետության անվտանգային համակարգը:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում Ծառայության հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը կդադարեցվի, Ազգային անվտանգության ծառայության կողմից կիրականացվի արտաքին հակահետախուզական գործունեություն, Ծառայությունն իրավասություն կունենա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին եւ (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում, կնախատեսվեն Ծառայությունը՝ առավելապես սահմանապահ զորքերը եւ հատուկ ստորաբաժանումները համալրելու համար անհրաժեշտ լրացուցիչ իրավակարգավորումներ, ինչպես նաեւ կարդիականցվեն օրենքներում առկա մի շարք դրույթներ:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» պարբերությունից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում