Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «կառավարման» բառից հետո լրացնել «համակարգի» բառով:
Հոդված 2. Oրենքի 4-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Oրենքի 5-րդ հոդվածում «նորմատիվ» բառը փոխարինել «իրավական» բառով՝ համապատասխան փոփոխություն կատարելով նաեւ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում:
Հոդված 4. Oրենքի 7-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում «քաղաքացիներն» ու «քաղաքացիները» բառերը փոխարինել համապատասխանաբար «անձինք» բառով, իսկ 6-րդ մասում «քաղաքացու» բառը՝ «անձի» բառով:
Հոդված 5. Oրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Oրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1» կետով.
«գ1) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը.».
2) 4-րդ մասում «մարմնի ակտերով» բառերը փոխարինել «մարմնի իրավական ակտերով» բառերով՝ համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ Օրենքի ամբողջ տեքստում.
3) 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մաս.
«Հետախուզական եւ հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ:»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «(ծառայությունների, բաժինների, բաժանմունքների)» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում,» բառերը:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 4-րդ կետը «ներթափանցում» բառից առաջ լրացնել «իրենց իրավասության սահմաններում» բառերով.
2) 5.6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.7-րդ կետ.
«5.7) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց եղանակով ստանում են հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին եւ տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ առցանց ձեւաչափով: Տեղեկատվական համակարգերի եւ տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը.».
3) 10-րդ կետից հանել «զննում, նրանց» բառերը.
4) 11-րդ կետից հանել «սահմանված կարգով», «այն» եւ «, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը վերապահված են լիազորված մարմնի իրավասությանը» բառերը.
5) 12-րդ կետից հանել «, օրենքով սահմանված կարգով,» բառերը.
6) 18-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «ու տեղական ինքնակառավարման» բառերով.
7) 21-րդ կետում «նախապատրաստության» բառը փոխարինել «պատրաստության» բառով.
8) 24-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-ին կետ.
«24.1) պետական սահմանի պահպանության նպատակով իրականացնում են հետախուզական գործունեություն, որի իրականացման կարգը, ինչպես նաեւ հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների եւ միջոցների օգտագործման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ լիազորված մարմնի իրավական ակտերով.».
9) 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«25) տեղեկություններ են հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով.».
10) 28-րդ կետում «եւ թմրանյութերի» բառերը փոխարինել «, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերով, իսկ «բռնությամբ փոխելու» բառերը՝ «բռնի տապալելու» բառերով.
11) 31-րդ կետը «իրականացմանը,» բառից հետո լրացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, իսկ «պետական մարմիններում» բառերից հետո՝ «, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում,» բառերով.
12) 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«32) արտաքին հակահետախուզական գործունեության շրջանակներում, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հետ, իրականացնում են միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովմանը.».
13) 42-րդ կետը «մարմինների կողմից» բառերից հետո լրացնել «իրենց իրավասությունների սահմաններում» բառերով.
14) 48-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «իրավական» բառով.
15) 49-րդ կետը «պայքարի» բառից հետո լրացնել «եւ գործընկեր հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության» բառերով.
16) 53-րդ կետը «ապահովում են» բառերից առաջ լրացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապը» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների թղթակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին եւ հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումները» բառերով.
17) 54-րդ կետը «դիվանագիտական» բառից հետո լրացնել «ծառայության» բառով.
18) 56-րդ կետից «նորմատիվ» բառը հանել.
19) 59-րդ կետում «ներկայացուցչություններում» բառը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, իսկ «միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը՝ «միջոցառումները,» բառով.
20) 62-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 62.1-ին կետ.
«62.1) կիրառում են հատուկ տեխնիկական միջոցներ՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով.»:
Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Հաշվեցուցակային զենքի ու հատուկ միջոցների հատկացման եւ հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով:
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասը «սպաները» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով պետական մարմիններ եւ կազմակերպություններ գործուղված սպաները)» բառերով, իսկ «(ներառյալ՝ պետական կառավարման հանրապետական եւ մարզային մարմինները, կազմակերպությունները գործուղված սպաները)» բառերը հանել.
2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «բերման ենթարկելը,» եւ «անձի,» բառերը:
Հոդված 14.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետով, 9-րդ հոդվածի 2-րդ եւ 20-րդ կետերով ու 10-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 6 ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ակտը՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով, որով կարգավորվել են արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հետախուզության ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությունը դադարում է «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո, իսկ 6-րդ մասով սահմանվել է, որ վերոնշյալ կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո Ծառայությունը շարունակում է իրականացնել հետախուզական գործունեություն բացառապես իր կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում:
Ծառայության կողմից հակահետախուզական, այդ թվում՝ արտաքին հակահետախուզական գործունեությունն առավել արդյունավետ եւ համակարգված իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Ծառայության հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում: Նշված ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաեւ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետական դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը:
Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել նախատեսել նաեւ Ծառայության հակահետախուզական եւ Արտաքին հետախուզության ծառայության միջեւ փոխգործակցության կառուցակարգեր:
Միաժամանակ, «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի համանմանությամբ, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմինների գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ազգային անվտանգության մարմինների համար իրավասություն սահմանել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին եւ (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում: Նման կարգավորման սահմանումն առավել արդյունավետ կդարձնի Ծառայությանը վերապահված գործառույթների իրականացումը:
Միեւնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել հասարակության առավել լայն շերտերին Ծառայության սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայության ներգրավելու հետ կապված մեխանիզմներ:
Բացի այդ, նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենքների մի շարք դրույթներ արդի օրենսդրության իրավակարգավորումներին համապատասխանեցնելու եւ գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ վերանայելու անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով առաջարկվում է՝
1) ամրագրել ազգային անվտանգության մարմինների կողմից արտաքին հակահետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթը,
2) որպես ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմք սահմանել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում պետական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը,
3) հետախուզական եւ հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը սահմանելու իրավասությունը վերապահել ՀՀ վարչապետին,
4) ազգային անվտանգության մարմինների համար ապահովել հասանելիություն (այդ թվում՝ առցանց ձեւաչափով)՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների տեղեկատվական համակարգերին եւ տվյալների շտեմարաններին՝ օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով,
5) ուժը կորցրած ճանաչել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում ամրագրված Ծառայության հետախուզական ստորաբաժանման վերաբերյալ իրավակարգավորումը,
6) ներդնել Ծառայության սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ անզգույշ հանցանք կատարելու համար դատապարտված, սակայն դատվածությունը մարված կամ վերացված անձանց սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայության ընդունելու հետ կապված մեխանիզմներ («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթների համանմանությամբ),
7) Ծառայության՝ որպես ՀՀ վարչապետին ենթակա մարմնի, սպայական անձնակազմի պետական մարմիններ եւ կազմակերպություններ գործուղման կազմակերպչական գործընթացների միակենտրոն կառավարման ապահովման եւ արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսել, որ գործուղման կարգը սահմանվում է ՀՀ վարչապետի կողմից,
8) Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաեւ վերացնել անհարկի կրկնվող կարգավորումները,
9) Ազգային անվտանգության մարմինների աշխատակցիներին հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ հատկացնելու եւ հաշվառելու կարգը սահմանելու իրավասությունը վերապահել Ծառայության տնօրենին,
10) նախատեսել Ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում վերջինիս կադրերի տրամադրության տակ թողնելու հնարավորություն՝ կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի հիսուն տոկոսի չափով ամսական հատուցման վճարմամբ, ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 21-ի N ՍԴՈ-1704 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին,
11) նախատեսել, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայությունից կարող է արձակվել, եթե ծառայողին առաջարկվել է իր առողջական վիճակին, ինչպես նաեւ անձնական ու գործնական հատկանիշներին, կրթությանը եւ զբաղեցրած պաշտոնի խմբին համապատասխանող այլ պաշտոն, իսկ ծառայողը հրաժարվել է առաջարկված պաշտոնից: Համապատասխան պաշտոնի բացակայության դեպքում ծառայողն արձակվում է ծառայությունից առանց այլ պաշտոն առաջարկելու՝ ինչը համահունչ է նաեւ ՀՀ աշխատանքային օրենքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության կարգավորմանը,
12) Ծառայության կազմում գործող ռազմաբժշկական հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգի սահմանման լիազորությունը վերապահել Ծառայության տնօրենին,
13) հստակեցնել Ծառայության աշխատողների անձնական գործերի վարման հետ կապված կարգավորումները,
14) օրենքների մի շարք դրույթներ համապատասխանեցնել արդի օրենսդրության իրավակարգավորումներին եւ վերանայել գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ:
Միաժամանակ, նախագծերն առաջարկվում է համարել անհետաձգելի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 01.01.2026թ. դադարելու է Ծառայության հետախուզության ստորաբաժանման հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը եւ անհրաժեշտ է արտաքին հակահետախուզության ստորաբաժանման ձեւավորմամբ պայմանավորված գործառույթների իրավական եւ կազմակերպչական վերափոխումն իրականացնել նախապես, որպեսզի արտաքին հետախուզական գործառույթների դադարեցմանը զուգահեռ ապահովվի արտաքին հակահետախուզության գործառույթների շարունակական եւ արդյունավետ իրականացումը: Բացի այդ, արտաքին հակահետախուզական գործունեության լիարժեք իրականացումը ենթադրում է գործառույթների եւ մասնագիտական ռեսուրսների համաժամանակյա հարմարվողականություն եւ վերադասավորում, ինչի հետաձգումը կարող է հանգեցնել օպերատիվ միջավայրի անկայունության, թուլացնել հակահետախուզական միջոցառումների արդյունավետությունը եւ խոցելի դարձնել պետության անվտանգային համակարգը:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում Ծառայության հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը կդադարեցվի, Ազգային անվտանգության ծառայության կողմից կիրականացվի արտաքին հակահետախուզական գործունեություն, Ծառայությունն իրավասություն կունենա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին եւ (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում, կնախատեսվեն Ծառայությունը՝ առավելապես սահմանապահ զորքերը եւ հատուկ ստորաբաժանումները համալրելու համար անհրաժեշտ լրացուցիչ իրավակարգավորումներ, ինչպես նաեւ կարդիականցվեն օրենքներում առկա մի շարք դրույթներ:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» պարբերությունից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում