Հոդված 1. 2001 թվականի հունիսի 26-ի «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՕ-196 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «լ» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «լ) սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված համակարգ, որը ստեղծված է սպորտային գործունեության կառավարման, կազմակերպման, վերլուծության եւ տվյալների պահպանման նպատակով: Այն ապահովում է տվյալների ավտոմատացված հավաքագրումը, մշակումը, պահպանումը:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «ժ.9» կետից հետո լրացնել «ժ.10» եւ «ժ.11» կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ժ.10) սահմանում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.
ժ.11) մշակում, ներդնում եւ վարում է սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրները.»:
Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառամսյա ժամկետում:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ ստեղծելու եւ սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ մշակելու, ներդնելու եւ վարելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում կատարել լրացում եւ սահմանել լիազորող նորմ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ եւ հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու եւ վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
- տարիքային եւ սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը եւ ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
- բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցության ապահովումը.
- նպաստում եւ աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Ցանկացած ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաեւ փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելու համատեքստում կարեւորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքումն ու ամփոփումը:
Մարզադպրոցների հավաստի վարչական տվյալների առկայությունն, այդ թվում՝ մարզադպրոցի կոնտակտային տվյալները, գործող մարզաձեւերը, խմբերի, պարապողների, մարզիչ-մանկավարժների թիվը, մարզադպրոցի սաների ցուցաբերած մարզական արդյունքները եւ այլ տեղեկությունները անհրաժեշտ են սպորտով զբաղվելու ցանկություն ունեցողներին ճիշտ ուղղորդելու սիրած մարզաձեւով զբաղվելու հարցում:
Տեղեկատվական համակարգում կարտացոլվեն նաեւ մարզական զանգվածային միջոցառումներին վերաբերող տվյալներ, այդ թվում՝ միջոցառման անվանումը, համայնքային, մարզային, եզրափակիչ փուլերի մասնակիցների թիվը ըստ մարզերի, տղա/աղջիկ մասնակիցների համամասնությունը, հաղթողները, մրցանակակիրները եւ այլն: Մարզական բարձր նվաճումներին, այդ թվում հաշմանդամային սպորտին վերաբերող վիճակագրական տվյալները կներառեն տարբեր մարզաձեւերում ՀՀ առաջնություններում, միջազգային մրցաշարերում ցուցաբերած մարզական բարձր արդյունքները, նվաճած մեդալների ընդհանուր թիվը եւ այլ տվյալներ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի զանգվածային սպորտին, մեծ նվաճումների սպորտին եւ մանկապատանեկան մարզադպրոցներին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքագրման եւ վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Օրնքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը եւ ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 2-ի մասնավոր նպատակ 2.3-ի 6-րդ գործողության դրույթներից, այն է՝ սպորտի բնագավառում տվյալների բազայի կառավարման համակարգի ստեղծում՝ տվյալների հավաքագրման եւ կառավարման գործընթացի թվայնացում եւ դրա միջոցով վարչական ռեգիստրի վարում:
8. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում առաջացող ծախսերը կհաշվարկվեն եւ կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2027-2029թթ. բյուջետային հայտով՝ բյուջետային գործընթացի շրջանակներում քննարկելու համար:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ 2026 թվականին ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում չի նախատեսվում, քանի որ Օրենքի ընդունումից հետո քառամսյա ժամկետում մշակվելու եւ ընդունվելու է ենթաօրենսդրական իրավական ակտ, այնուհետեւ իրականացվելու է տեղեկատվական համակարգում արտացոլվելու համար անհրաժեշտ տվյալների նկարագրերի մշակման եւ համապատասխան կազմակերպությանը հանձնելու գործընթաց:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում