Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական եւ միտում ունեն առավել գրավիչ դարձնել եւ ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարման անհրաժեշտություն չի առաջանում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում 2026թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. հուլիսին:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 1-ին կետի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինծառայության ժամկետների կրճատման՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
Օրենքի նախագծի ընդունումը 2025-2026 թվականների եւ հետագա տարիների համար ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծախսերի ավելացման չի հանգեցնելու, իսկ 2027 թվականի 2-րդ կիսամյակից սկսած առաջացնելու է պետական բյուջեից ծախսերի նվազեցման:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում