Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1177-29.10.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի  37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Հուշարձանների օտարումը

1. Հուշարձանի հատուցմամբ կամ անհատույց օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին:

2. Հուշարձանների հատուցմամբ կամ անհատույց օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը:

3. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, եկեղեցական եւ վանական համալիրները, տաճարները, մատուռները եւ այլ պաշտամունքային կառույցները (այսուհետ՝ հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցներ) կարող են ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում:

4. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցի  սեփականատերը պարտավոր է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու մտադրության մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս լիազորված մարմնի, իսկ ծանուցմանը կից ներկայացնել գույքի օտարման պայմանագրի նախագիծը եւ սեփականության իրավունքը վկայող փաստաթղթի պատճենը: Լիազորված մարմինը ծանուցումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է սեփականատիրոջը գույքն այլ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու վերաբերյալ Հայատանի Հանրապետության կառավարության համաձայնության կամ մերժման մասին:

5.  Հայատանի Հանրապետության կառավարությունը մերժում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համաձայնության տրամադրումը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են:

6. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների  հատուցմամբ կամ անհատույց օտարման համաձայնության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն հոդվածով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առ ոչինչ է:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հուշարձանների պետական ցուցակները հիմնական փաստաթուղթ եւ իրավական հիմք են օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու եւ պետության կողմից պահպանության վերցնելու համար: Հուշարձանների պետական ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ: Նշված ցուցակներում ներառված են ՀՀ-ում գտնվող հուշարձաններ՝ անկախ սեփականության ձեւից: Նույն օրենքում սահմանվում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այսպիսով, ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները, ըստ էության, ամփոփված են վերոգրյալ ցուցակներում եւ ցանկում: Սակայն, օտարման մասով սահմանափակումներ նախատեսված են միայն պետական սեփականություն հանդիսացող որոշակի հուշարձանների վերաբերյալ:

Ոչ պետական հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների վերաբերյալ նմանատիպ կարգավորումների բացակայության պարագայում հնարավոր չէ լիարժեք ապահովել հասարակության կամ պետության համար մեծ նշանակություն ունեցող հուշարձանների նպատակային օգտագործումը:

Իրավիճակի ռիսկայնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետության եւ հասարակության համար որոշակի արժեք ներկայացնող, հենց այդ արժեքի պահպանության, զարգացման նպատակով ստեղծված եւ հաշվառված հուշարձանը կարող է առանց որեւէ ընթացակարգային սահմանափակման օտարվել ցանկացած սուբյեկտի՝ հանգեցնելով այդ հուշարձանների ոչ հանրօգուտ եւ իր բուն նշանակությունից տարբերվող նպատակներով օգտագործման:

Միաժամանակ՝ համապատասխան կարգավորումներ են նախատեսվել Տեղական ինքնակառավարման մասին եւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքներում՝ որի համաձայն համայնքին պատկանող՝ Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքով սահմանված հուշարձանների, այդ թվում հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների հատուցմամբ կամ անհատույց օտարման դեպքում կիրառվում են Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքով  սահմանված կարգավորումները, ինչպես նաեւ փոփոխություն է նախատեսվել Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքում՝ պայմանավորված այլեւս ուժը կորցրած օրենքին հղում կատարելու հանգամանքով:

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է կարգավորել պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների,  մասնավորապես, պաշտամունքային կառույցների՝ այլ սուբյեկտնտերի օտարման իրավահարաբերությունները:

Հիմք ընդունելով պաշտամունքային կառույցների առանձնահատկությունները, դրանց ինքնատիպությունը՝ նպատակահարմար է, որ հիշյալ կառույցները գտնվեն համապատասխան կրոնական կազմակերպությունների ներքո, իսկ օտարման դեպքում ապահովվի կառավարության հնարավորությունը համաձայնություն տալու կամ մերժելու գույքային իրավունքները հատուցմամբ կամ անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքը:

Որպես կարգավորում՝ նախատեսվել է Հայաստանի Հանրապետության իրավունքը՝ համաձայնություն տալու կամ մերժելու գույքային իրավունքները հատուցմամբ կամ անհատույց փոխանցելու գործարքի վերաբերյալ:

Նման կարգավորման միջոցով մի կողմից երաշխավորվել է անշարժ գույքի սեփականատիրոջ՝ գույքն օտարելու իրավունքի իրականացումը, իսկ մյուս կողմից պետության հնարավորությունը՝ համաձայնություն տալու կամ մերժելու գույքն օտարելու գործարքը՝ հաշվի առնելով այդ գույքերի՝ պետության եւ հասարակության համար մշակութային, հոգեւոր-կրոնական, պատմական կամ այլ արժեքավոր նշանակությունը եւ այլ նպատակներով օգտագործման, տիրապետման դեպքերի հնարավորությունը:

Գրություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ