Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-1163-06.10.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Անկախ սույն հոդվածով սահմանված կարգավորումներից՝ Օրենսգրքի՝ համապատասխան հարկին կամ վճարին վերաբերող բաժիններով կարող են սահմանվել հարկային հաշվարկի եւ դրա կազմմանը վերաբերող առանձնահատկություններ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերում «եւ 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով,

2)  6-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ֆիզիկական անձանց կողմից մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար դիմելու եւ մինչեւ նշյալ վերջնաժամկետը նույնականացման քարտ չստանալու դեպքում, եկամտային հարկի տարեկան հաշվարկն (հայտարարագիրն) ուշ ներկայացնելու կամ եկամտային հարկը ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, հարկային հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման եւ եկամտային հարկի վճարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը  Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար դիմելու եւ մինչեւ նշյալ վերջնաժամկետը նույնականացման քարտ չստանալու դեպքում, եկամտային հարկը ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, եկամտային հարկի վճարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:»,

3) 7-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում հարկային հաշվարկը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին  ներկայացնելու՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասում «կողմից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 156.1-ին հոդվածով սահմանված կարգով» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 7-րդ բաժնում «նվազեցվող եկամուտ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «նվազեցվող (չհարկվող) եկամուտ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 5. Օրենսգրքի 156-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի 2-րդ կետում «մարտի 2-ից» բառերից հետո լրացնել «(մարտի 2-ը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրվանից)» բառերը, իսկ «(հայտարարագրեր)» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերը.

2) 4.1-ին մասում՝

ա. առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող եւ տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող ֆիզիկական անձինք (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից (մարտի 2-ը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրվանից) մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ  Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):»,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Կառավարությունը կարող է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներ կամ շեմեր:»:

Հոդված 6. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 156.1-ին հոդված.

«Հոդված 156.1 Եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացումը եւ ներկայացված համարվելը

1. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:

2.  Հարկային մարմնի նախալրացրած՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմինը ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնելու համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում:

3.  Տվյալ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք կարող են Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում փոփոխել հարկային մարմնի նախալրացրած՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) եւ Օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնել հարկային մարմին: Սույն մասով սահմանված դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է ֆիզիկական անձի կողմից հաշվարկը (հայտարարագիրը) ստորագրելու օրվան նախորդող օրվա դրությամբ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:

4.  Տվյալ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի կողմից Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացնելու դեպքում հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը համարվում է Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված: Սույն մասով սահմանված դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու վերջնաժամկետի դրությամբ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:»:

Հոդված 7. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալբովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ընդ որում, սոցիալական ծախսը սույն մասի համաձայն փոխհատուցվում է, եթե եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը):»:

Հոդված 8. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասում «ներկայացրած՝» բառը փոխարինել «կողմից, ինչպես նաեւ Օրենսգրքի 156.1-ին հոդվածով սահմանված կարգով ներկայացված՝» բառերով:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2.  Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի կիրառումը տարածվում է 2024 թվականի եւ հետագա հաշվետու տարիների վրա:

3.  2024 թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմինը ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 2026 թվականի մարտի
2-ից: Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) փոփոխել եւ Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչեւ 2025  թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչեւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ:

4.  Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: