Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1162-02.10.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունը, 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը եւ 18-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2.  Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ եւ 11-րդ հոդվածի 1-ին մասերից հանել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը եւ», 11-րդ հոդվածի 5-րդ մասից՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ», իսկ 15-րդ հոդվածի 6-րդ մասից՝ «կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված է «տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» հասկացությունը, որն Օրենքին համապատասխան՝ ներկայումս Ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունն է (այսուհետ՝ ՊՈԱԿ): Միաժամանակ, Օրենքով սահմանված են նաեւ ՊՈԱԿ-ի լիազորությունները:

Հարկ է նշել, որ Օրենքի համաձայն՝ ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթները (մասնավորապես՝ տեխնիկական քննության, ինչպես նաեւ՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը) կարող են իրականացնել նաեւ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ):

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ոլորտի լիազոր մարմին է հանդիսանում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, որի իրավասությունները սահմանված են Օրենքի 17-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ Ներքին գործերի նախարարության իրավասությանն է վերապահված տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը:

Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը իրենից ենթադրում է տեխնիկական անվտանգության բնագավառում պետության կողմից մշակված քաղաքականության եւ դրա իրագործման մեխանիզմների իրականացում՝ ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետեւանքների վերացմանը, նման վթարների հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցմանը: Տեխնիկական անվտանգության ոլորտում փորձաքննություն իրականացնելու նպատակով հավատարմագրման համար հայտ ներկայացրած կազմակերպությունները հավատարմագրվում են «ԻՍՕ/ԻԷԿ 17020-2013 Համապատասխանության գնահատում. Հսկողություն իրականացնող տարբեր տեսակի մարմինների գործունեությանը ներկայացվող պահանջներ» միջազգային ստանդարտով սահմանված կարգով: Ստանդարտը սահմանում է պահանջներ, որոնց պետք է համապատասխանի հավատարմագրվող կազմակերպությունը, անձնակազմը եւ այլն: Պահանջների պահպանման նկատմամբ ամբողջական հսկողությունն իրականացվում է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի («ԱՐՄՆԱԲ») կողմից:

Ընդ որում, գործող օրենսդրական կարգավորումներով տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝

1) Ներքին գործերի նախարարության եւ ՊՈԱԿ-ի գործառույթները հստակ տարանջատված չեն,

2) ՊՈԱԿ-ի եւ հավատարմագրված անձանց գործառույթները կրկնվող են,

3) առկա են մրցակցային անհավասար պայմաններ:

Արդյունքում, գործող կարգավորումներով Ներքին գործերի նախարարությունը, որպես ոլորտի լիազոր մարմին, չի կարողանում արդյունավետ կերպով իրականացնել տվյալ ոլորտում քաղաքականության մշակման եւ իրականացման իր գործառույթները, ինչը խոչընդոտում է առկա ոլորտային խնդիրներին լիարժեք եւ  պատշաճ կերպով տիրապետելուն, համապատասխան ռազմավարության եւ տեխնածին վթարների, այդ թվում՝ արտադրական պատահարների կանխարգելմանն ուղղված իրավական ակտերի՝ խնդիրների համակողմանի վերլուծության հիման վրա մշակմանը:

Ներկայումս, Օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը հավատարմագրման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է եւԲ հավատարմագրված անձանց կողմից, եւԲ ՊՈԱԿ-ի կողմից: Մինչդեռ, այդ գործունեությամբ զբաղվելու համար ՊՈԱԿ-ը չի անցնում հավատարմագրման գործընթաց: Արդյունքում, համանման գործունեությամբ զբաղվող սուբյեկտների միջեւ ստեղծվում են անհավասար պայմաններ: Բացի այդ, հանձնված լինելով տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայությանը՝ ՊՈԱԿ-ը իրականացնում է այնպիսի գործառույթներ (տեխնիկական փորձաքննություն եւ տեխնիկական քննություն), որոնց իրականացումը վերապահված է նաեւ նշված հավատարմագրված անձանց: Արդյունքում, Ներքին գործերի նախարարության եւ ՊՈԱԿ-ի լիազորությունների համադրումը ցույց է տալիս, որ դրանցում ներառված են եւԲ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը բնորոշ, եւԲ այդ քաղաքականության հասցեատերերին վերապահված գործառույթներ: Ավելին, ՊՈԱԿ-ին պատվիրակված են նաեւ այնպիսի գործառույթներ, որպիսիք, ըստ բնորոշման, հատուկ են գիտակրթական գործունեություն ծավալող կառույցներին, մինչեռ այդպիսիք կարող են, ըստ անհրաժեշտության, իրականացվել Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի միջոցով: Իսկ ՊՈԱԿ-ի մնացյալ գործառույթները Ներքին գործերի նախարարության՝ որպես ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմնի, տիրույթում գտնվող իրավասություններ են:

Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել՝ միմյանցից տարանջատելու տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ գիտահետազոտական եւ ուսամնական աշխատանքների կազմակերպումն ու դրանց մասնակցությունը եւ տեխնիկական անվտանգության փորձաքննության ու տեխնիկական քննության իրականացումը՝ միաժամանակ ոլորտում ապահովելով հավասար մրցակցային պայմաններ:

Ընդ որում, նշված խնդիրները քննարկվել են ՀՀ վարչապետի մոտ 2025թ. ապրիլի 30-ին կայացած խորհրդակցության ընթացքում եւ ՀՀ վարչապետի կողմից ՀՀ ներքին գործերի նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության լուծարման ուղղությամբ (Արձանագրություն N Վ/57-2025, 2-րդ կետ, 1.1-ին ենթակետ):

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել՝ լուծարելու ՊՈԱԿ-ը՝ միաժամանակ ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության եւ տեխնիկական քննության իրականացման հետ չկապված գործառույթները՝ ընդհանրապես հանելով Օրենքից՝ հաշվի առնելով, որ այդպիսիք միեւնույնն է՝ ենթակա են իրականացման ոլորտի քաղաքականության պատասխանատու Ներքին գործերի նախարարության կողմից, իսկ գիտահետազոտական եւ կրթական բաղադրիչի մասով՝ կարող են իրացվել  Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի գործունեության շրջանակներում:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է Օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման եւ համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրման ու տեխնիկական քննության իրականացման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված անձանց, իսկ ՊՈԱԿ-ի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության եւ տեխնիկական քննության իրականացման հետ չկապված գործառույթները հանել Օրենքից:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան».  Ապահովենք անհրաժեշտ եւ բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական եւ կիբեր հարձակումների, ինչպես նաեւ բնածին, տեխնածին եւ մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու եւ արագ վերականգնվելու համար: Որպես թիրախային արդյունք ունենալու ենք՝ «2.4 Բնածին, տեխնածին եւ մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ», ենթակետ՝ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների եւ շենք-շինությունների անվտանգության եւ բնակչության դիմակայունության մակարդակ»:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հավատարմագրված անձանց համար կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր: Նախագծի ընդունումը կնպաստի տվյալ ոլորտում տնտեսական գործունեության ազատությանը, ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ՝ ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը: Միաժամանակ, կբարելավվի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում Ներքին գործերի նախարարության կողմից քաղաքականության մշակման եւ իրականացման գործիքակազմը՝ նշված գործառույթի իրականացումը դարձնելով ավելի արդյունավետ:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն