Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11431-26.08.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը

1. 2-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների հետ կապված հարաբերությունները:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1. 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. ջերմոցային գազերի արտանետումների ծավալների կառավարումը:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 19-րդ կետում «քանակի արտանետման» բառերից հետո լրացնել «, իսկ ջերմոցային գազերի արտանետումների դեպքում՝ ջերմոցային գազերի արտանետման իրավունք վերապահող վարչական ակտ» բառերով, իսկ «իրավունքի տրամադրում» բառերը հանել.

2.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-րդ կետ.

«19.1) ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտ՝ ջերմոցային գազերի արտանետման աղբյուրների եւ դրանցից արտանետվող ջերմոցային գազերի քանակական բնութագրերի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, որն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են լիազոր մարմին ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ստանալու նպատակով.».

3.  31-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«31) ջերմոցային գազեր՝ հասկացությունն ունի «Կլիմայի մասին» օրենքով սահմանված իմաստը.»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման եւ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաեւ ջերմոցային գազերի արտանետման շեմը, ջերմոցային գազերի արտանետման թույլտվության տրամադրման, թույլտվության հայտի մերժման, թույլտվության, վերաձեւակերպման եւ ուժը կորցրած ճանաչելու կարգի եւ ջերմոցային գազերի արտանետման թույլտվության ձեւի հաստատումը.».

2. 5-րդ կետից հանել «եւ ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգի» բառերը:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում.

1. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման եւ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաեւ ջերմոցային գազերի արտանետման շեմը,  ջերմոցային գազերի արտանետման թույլտվության տրամադրման, թույլտվության հայտի մերժման, թույլտվության վերաձեւակերպման, ուժը կորցրած ճանաչելու կարգի եւ ջերմոցային գազերի արտանետման թույլտվության ձեւի մշակումը.».

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1 կետ.

«3.1) ջերմոցային գազերի արտանետման առավելագույն սահմանաչափի հաստատումը.».

3. 4-րդ կետում «նախագիծ» բառից հետո լրացնել «կամ ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտ» բառերը, իսկ «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերին» բառերով.

4. 5-րդ կետը «նախագծերի» բառից հետո լրացնել «կամ ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտերի» բառերը, իսկ «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերին» բառերով .

5. 8-րդ կետից հանել «եւ ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգի» բառերը.

6. 9-րդ կետում «,» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, իսկ «եւ ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը» բառերը հանել.

7. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1 եւ 9.2 կետեր.

«9.1) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների էլեկտրոնային գրանցամատյանի ձեւի եւ վարման կարգի հաստատումը.

9.2) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների էլեկտրոնային  գրանցամատյանի վարումը.».

8. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1 կետ.

«10.1) ջերմոցային գազերի արտանետումների մոնիթորինգի մեթոդների եւ մոնիթորինգի պլանի օրինակելի ձեւի հաստատումը.»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-9.6 հոդվածներով.

Հոդված 9.1. Ջերմոցային գազերի արտանետման առավելագույն սահմանաչափի որոշման հիմքերը

1. Ջերմոցային գազերի համար արտանետման թույլտվությամբ նախատեսվող արտանետման առավելագույն սահմանաչափի որոշման համար հիմք են.

1) «Կլիմայի մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտով սահմանված՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թիրախները.

2) լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառման կանխադրույթը:

Հոդված 9.2. Ջերմոցային գազերի համար արտանետման թույլտվության տրամադրումը

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը տրամադրում է լիազոր մարմինը՝ դիմողի հայտի հիման վրա՝ հայտը ներկայացնելու պահից մեկամսյա ժամկետում:

2. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտը ներառում է.

1) դիմողի տվյալները՝ իրավաբանական անձի անվանումը եւ կազմակերպաիրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը եւ ազգանունը, գտնվելու վայրը կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն, պետական գրանցման (հաշվառման) համարը.

2) տեղեկություններ օգտագործվող հումքի եւ օժանդակ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունների վերաբերյալ, որոնց մշակումը կամ այլ կերպ օգտագործումը կամ պահումը հանգեցնում է ջերմոցային գազերի արտանետումների.

3) տեղեկություններ ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրների տեսակի, քանակի եւ տեղակայման վայրի վերաբերյալ, ինչպես նաեւ դրանց նկարագրերը կամ տեխնիկական բնութագրերը.

4) տարեկան կտրվածքով ջերմոցային գազերի արտանետումների ակնկալվող ծավալը եւ դրա հաշվարկ-հիմնավորումը՝ ըստ ջերմոցային գազի տեսակի եւ համապատասխան արտանետման աղբյուրի.

5) ջերմոցային գազերի արտանետումների մոնիթորինգի պլանը եւ արտանետումների մոնիթորինգի մեթոդաբանությունը.

6) սույն հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերում նշված տեղեկությունների ոչ տեխնիկական նկարագիրը:

3. Լիազոր մարմինը հայտի ոչ լրակազմ լինելու կամ ոչ ճիշտ տվյալներ պարունակելու մասին դիմողին գրավոր ծանուցում է հայտը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմնի կողմից դիմողին թերությունների մասին գրավոր ծանուցելու պահից հայտի քննարկման ժամկետը համարվում է կասեցված:

4. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով:

5. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ջերմոցային գազերի արտանետման նոր թույլտվություն ստանալու համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայտ է ներկայացնում ջերմոցային գազերի արտանետման թույլտվության ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ:

Հոդված 9.3. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտի մերժումը

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտը մերժվում է, եթե.

1) ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտը չի բավարարում սույն օրենքի 9.2 հոդվածի 2-րդ մասի պահանջներին.

2) հայտի ոչ լրակազմ լինելու կամ ոչ ճիշտ տվյալներ պարունակելու դեպքում, լիազոր մարմնի կողմից գրավոր ծանուցման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմողը թերությունները չի վերացրել:

Հոդված 9.4. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության  վերաձեւակերպումը

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը ենթակա է վերաձեւակերպման տեղակայանքի սեփականատիրոջ կամ շահագործողի փոփոխության դեպքում:

2. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող սուբյեկտը սույն հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերում 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին գրավոր դիմում է ջերմոցային գազերի արտանետման թույլտվության վերաձեւակերպման համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումն ստանալուց հետո լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում վերաձեւակերպում է ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը:

Հոդված 9.5. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը լիազոր  մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ.

2) ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող սուբյեկտի կողմից ներկայացվել է դիմում գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ.

3) սույն օրենքի 9.2 հոդվածի 5-րդ մասի հիմքով տրամադրվել է ջերմոցային գազերի արտանետման նոր թույլտվություն.

4) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1.1 կետի համաձայն ներկայացված միջնորդագիր:»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1. վերնագիրը «նախագծերի» բառից հետո լրացնել «կամ ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտի» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.

«1.1. Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմնին ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում, եթե ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելու դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ վարչական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարել է նույն խախտումը: Լիազոր մարմինը միջնորդագրի հիման վրա որոշում է կայացնում ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասում «նորմատիվները» բառից հետո լրացնել «, իսկ ջերմոցային գազերի դեպքում՝ արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը» բառերը:

Հոդված 9. Օրենքի 5-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ» բառերը:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1. վերնագրից հանել «եւ ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը» բառերը.

2. 1-ին մասը «նյութերի» բառից հետո լրացնել «, բացառությամբ ջերմոցային գազերի,» բառերով.

3. 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի ՝

1. 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) իրականացնել գործունեություն՝ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերին կամ ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված պայմաններին համապատասխան.»:

Հոդված 12.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 18-ամսյա ժամկետում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿԼԻՄԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կլիմայի մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն