ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների եւ ֆիզիկական անձանց միջեւ հարաբերությունները:
Հոդված 2. Կլիմայի մասին օրենսդրությունը
1. Կլիմայի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից եւ այլ իրավական ակտերից:
Հոդված 3. Օրենքի նպատակներն ու խնդիրները
1. Սույն օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել՝
1) ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման եւ իրականացման համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների եւ հանձնառությունների.
2) կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման եւ իրականացման համար, ներառյալ կլիմայի փոփոխության հետեւանքներից բնակչության, տնտեսության եւ ենթակառուցվածքների պաշտպանությունը եւ դրանց դիմակայունության ամրապնդումը:
2. Սույն օրենքի խնդիրներն են՝
1) ձեւավորել կլիմայական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունքների գնահատման, այդ գործընթացների համակարգման եւ հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգը, ամրագրել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները.
2) նպաստել կլիմայական քաղաքականության իրականացման համար կայուն ֆինանսական հոսքերի ձեւավորմանը՝ գործող եւ նորարարական մեխանիզմների շարունակական կիրառման միջոցով.
3) հիմքեր ապահովել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (այսուհետ' կոնվենցիա) ներքո ընդունված Փարիզյան համաձայնագրով (այսուհետ' համաձայնագիր) նախատեսված թափանցիկության ընդլայնված շրջանակին համապատասխան չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգի կայացման եւ շարունակական զարգացման համար.
4) նպաստել շրջակա միջավայրի, բնակչության, մարզերի, համայնքների, տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների կարողությունների զարգացմանը՝ հարմարվելու կլիմայի փոփոխության ազդեցությանը եւ բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) կլիմա՝ եղանակի միջին վիճակ կամ համապատասխան փոփոխականների (այդ թվում՝ դիտարկվող ջերմաստիճան, տեղումներ, քամի) միջին արժեքի եւ փոփոխականության վիճակագրական նկարագրություն երկարաժամկետ կտրվածքով.
2) կլիմայի փոփոխություն՝ կլիմայի բնական տատանումներին զուգահեռ, համեմատելի ժամանակահատվածում մարդու ուղղակի կամ անուղղակի գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխություններ, որը հանգեցնում է մթնոլորտի բաղադրության փոփոխության.
3) ջերմոցային գազեր՝ մթնոլորտի՝ բնական եւ արհեստական (մարդածին) ծագում ունեցող գազանման բաղադրիչներ (ածխածնի երկօքսիդ (CO2), մեթան (CH4), ազոտի ենթօքսիդ (N2O), հիդրոֆտորածխածիններ (HFC-ներ), պերֆտորածխածիններ (PFC-ներ), ծծմբի հեքսաֆտորիդ (SF6) եւ ազոտի տրիֆտորիդ (NF3)), որոնք կլանում եւ վերարտացոլում են ինֆրակարմիր ճառագայթումը.
4) ջերմոցային գազերի արտանետման աղբյուր՝ ցանկացած գործընթաց, գործունեություն կամ մեխանիզմ, որը մթնոլորտ է արտանետում ջերմոցային գազ, աերոզոլ կամ ջերմոցային գազի պրեկուրսորներ.
5) պրեկուրսոր՝ քիմիական միացություն, ինչը մասնակցելով քիմիական ռեակցիաների, առաջացնում է ջերմոցային գազերից որեւէ մեկը.
6) կլանիչ՝ ցանկացած գործընթաց, գործունեություն կամ մեխանիզմ, որը մթնոլորտից հեռացնում է ջերմոցային գազը, աերոզոլը կամ ջերմոցային գազի պրեկուրսորները.
7) խոցելիություն՝ շրջակա միջավայրի, այդ թվում՝ ենթակառուցվածքների հակվածությունը ենթարկվելու կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցության՝ պայմանավորված դրանց ազդակրությամբ, զգայունությամբ կամ դիմակայելու կամ հարմարվելու կարողության պակասով.
8) կորուստ եւ վնաս՝ կլիմայի փոփոխության անբարենպաստ հետեւանքներից առաջացող կորուստները եւ վնասները, ներառյալ՝ ծայրահեղ եղանակային երեւույթների եւ դանդաղ ընթացող երեւույթների, ինչպիսիք են ծովի մակարդակի բարձրացումը, ջերմաստիճանի բարձրացումը, աղակալումը, հողերի եւ անտառների դեգրադացիան, կենսաբազմազանության կորուստը եւ անապատացումը.
9) կլիմայական ռիսկ՝ կլիմայի փոփոխության, ներառյալ ծայրահեղ եղանակային երեւույթների եւ դանդաղ ընթացող երեւույթների հետեւանքով շրջակա միջավայրի, այդ թվում՝ ենթակառուցվածքների վրա անբարենպաստ ազդեցության, ներառյալ դրանց հետ կապված սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական հետեւանքների ներուժը.
10) կլիմայական քաղաքականություն՝ կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության քաղաքականությունները.
11) մեղմում՝ տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների ամբողջություն՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը կամ կլանիչների ընդլայնմանը կամ զարգացմանը.
12) հարմարվողականություն՝ կլիմայի փաստացի եւ կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու կարողություն՝ վնասները նվազեցնելու, անբարենպաստ հետեւանքները մեղմելու եւ հնարավորություններից օգտվելու համար.
13) մեղմման ոլորտներ՝ կոնվենցիայով սահմանված ոլորտներ, այն են՝ էներգետիկա (ներառյալ էներգիայի արտադրություն եւ սպառում), արդյունաբերական պրոցեսներ եւ արտադրանքի օգտագործում (հանքային արդյունաբերություն), գյուղատնտեսություն (աղիքային խմորում, ուղղակի եւ անուղղակի արտանետումներ կառավարվող հողերից), թափոններ (կոշտ կենցաղային թափոնների կառավարում, կեղտաջրեր), անտառային տնտեսություն (անտառապատում, անտառավերականգնում, անտառների պահպանություն եւ պաշտպանություն) եւ այլ հողօգտագործում.
14) հարմարվողականության ոլորտներ՝ բնական էկոհամակարգեր (ջրային եւ ցամաքային, ներառյալ անտառային էկոհամակարգեր, կենսաբազմազանություն եւ հողածածկույթ), մարդու առողջություն, ջրային ռեսուրսներ, գյուղատնտեսություն, եւ անտառային տնտեսություն, էներգետիկա, բնակավայրեր եւ ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն.
15) չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգ՝ ջերմոցային գազերի արտանետումների եւ կլանումների, կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների եւ միջոցառումների, կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության ու հարմարվողականության, ինչպես նաեւ կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման վերաբերյալ տվյալների հավաքագրման, գնահատման, փաստաթղթավորման եւ հաշվետվողականության, ինչպես նաեւ այդ տվյալների հետ կապված գործառույթներ իրականացնող պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ինստիտուցիոնալ, իրավական եւ ընթացակարգային հարաբերությունների ամբողջություն.
16) կլիմայական ծրագիր՝ միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ցանկացած ծրագիր, որն ուղղված է կամ նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, կլանիչների ընդլայնմանը կամ զարգացմանը կամ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության ամրապնդմանը.
17) կլիմայական ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աղբյուրներից ստացված ֆինանսավորում, որի նպատակն է աջակցել կլիմայի փոփոխության մեղմմանը, հարմարվողականությանը, կորստի եւ վնասի հասցեագրմանն ուղղված գործողություններին.
18) բյուջեի կլիմայական նշագրում` կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության, կորստի եւ վնասի հասցեագրման ծրագրերի ուղղությամբ պետական ու համայնքային բյուջեներից կատարված ու կատարվելիք ծախսերի հատկորոշում եւ դասակարգում.
19) ածխածին՝ սույն օրենքի իմաստով միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանության համապատասխան հաշվարկված ջերմոցային գազերի քանակություն` արտահայտված ածխաթթու գազի համարժեքով.
20) ածխածնի շուկա՝ ջերմոցային գազերի արտանետումների քվոտաների առուվաճառքի համակարգ.
21) կլիմայական տեղեկատվություն՝ կլիմայական քաղաքականության խնդիրներին եւ բաղադրիչներին վերաբերող տեղեկություններ, այդ թվում՝ իրավական ակտեր, հիմնադրույթային փաստաթղթեր, ուսումնասիրություններ, հաշվարկներ ու տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձեւից եւ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, էլեկտրոնային շտեմարաններ, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, քարտեզներ).
22) խորհուրդ՝ սույն օրենքի 4-րդ գլխով կարգավորվող խորհրդակցական մարմին.
23) թափանցիկության ընդլայնված շրջանակ՝ համաձայնագրով ստեղծված գլոբալ համակարգ, որը ներառում է հաշվետվողականության, միջազգային գնահատման, վերանայման, խորհրդակցությունների եւ վերլուծությունների ընթացակարգեր.
24) ազգային մակարդակով սահմանված հանձնառություններ՝ համաձայնագրի Հոդված 4-ի կետ 9-ով նախատեսված փաստաթուղթ.
25) լիազոր մարմին` «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ներառյալ` հարմարվողականության բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին:
ԳԼՈՒԽ 2
ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Հոդված 5. Կլիմայական քաղաքականության սկզբունքները
1. Կլիմայական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
1) կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության խնդիրների լուծման հարցում պետական կառավարման մարմինների համընդգրկվածությունը եւ դրանց գործողությունների համակարգվածությունը.
2) կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության նպատակադրումների հեռանկարայնությունը եւ միջանկյալ թիրախների դիտարկումը երկարաժամկետ նպատակներին հասնելու տեսանկյունից.
3) կլիմայական քաղաքականության բաղադրիչների փոխկապակցվածությունը թիրախների սահմանման, գործողությունների ու միջոցառումների պլանավորման տեսանկյունից.
4) կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողություններում էկոհամակարգերի ամբողջականությունը պահպանելու առաջնահերթությունը.
5) նոր կարգավորումների անբարենպաստ ազդեցության կանխավարկածով առաջնորդվելը եւ կանխարգելիչ գործողությունների նախատեսումը, եթե կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության տեսանկյունից դրանց անվտանգ լինելու վերաբերյալ գիտական ապացույցները բավարար չեն.
6) կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին հանրային մասնակցությունը.
7) կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության միջոցառումների պլանավորման ու իրականացման գործընթացում գիտատեխնիկական նվաճումների, նորագույն տեխնոլոգիաների եւ թվայնացման հնարավորությունների առավելագույն դիտարկումը.
8) կլիմայական տեղեկատվության հրապարակայնությունն ու մատչելիությունը.
9) գենդերային զգայունությունը, գենդերային արձագանքումը եւ սոցիալական ներառականությունը:
Հոդված 6. Կլիմայական քաղաքականության նպատակները եւ խնդիրները
1. Կլիմայական քաղաքականության նպատակներն են՝
1) ջերմոցային գազերի արտանետումների շարունակական կրճատումը եւ կլանիչների զարգացումը.
2) կլիմայի փոփոխության նկատմամբ բնակչության, շրջակա միջավայրի, տնտեսության, բնակավայրերի եւ ենթակառուցվածքների խոցելիության հետեւողական նվազեցումը:
2. Կլիմայական քաղաքականության խնդիրներն են.
1) ապահովել հնարավորինս սահուն եւ համակարգված անցում զուտ զրոյական արտանետումներով (կլիմայաչեզոք) տնտեսության.
2) ապահովել կլիմայական քաղաքականության ներկառուցումը ոլորտային իրավական ակտերում.
3) ապահովել կլիմայական քաղաքականության ներկառուցումը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացում.
4) զարգացնել չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգը.
5) ընդլայնել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության եւ հարմարվողականության կարողությունները.
6) երաշխավորել կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի համայնքներին աջակցությունը.
7) նպաստել ածխածնի շուկայի հասանելիությանն ու մատչելիությանը.
8) նպաստել կլիմայական գործոններով պայմանավորված աղետների ռիսկերի նվազեցմանը, դիմակայունության ամրապնդմանը, կորստի եւ վնասի հասցեագրմանը.
9) նպաստել կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմների ու գործիքակազմերի ներդրմանը.
10) խրախուսել կլիմայի փոփոխության, դրա մեղմման եւ հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկումը.
11) խրախուսել կլիմայական գիտությունների ոլորտում կրթությունը, նորարարությունների, հետազոտությունների, տեխնոլոգիաների փոխանցումը եւ գիտելիքի տարածումը.
12) ապահովել հավաստի կլիմայական տեղեկատվության մատչելիությունը եւ հրապարակայնությունը.
13) բարձրացնել կլիմայական քաղաքականության գենդերային զգայունությունը եւ գենդերային արձագանքումը.
14) ընդլայնել երիտասարդության, կանանց եւ խոցելի խմբերի մասնակցությունը կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության պլանավորման եւ կլիմայական բաղադրիչ ունեցող որոշումների կայացման գործընթացում:
Հոդված 7. Կլիմայական քաղաքականության բաղադրիչները
1. Կլիմայական քաղաքականության բաղադրիչներն են՝
1) ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները.
2) ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը.
3) կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը.
4) կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողություններ կամ մոտեցումներ ներառող ոլորտային, տարածքային զարգացման ռազմավարություններն ու համայնքի հնգամյա զարգացման ծրագրերը:
Հոդված 8. Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները
1. Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններով ամրագրվում են երկրի՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թիրախները՝ համաձայնագրով սահմանված պահանջներով եւ պարբերականությամբ, ինչպես նաեւ թիրախներին հասնելու գործողությունները եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման մեխանիզմները: Ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թիրախներ կարող են սահմանվել նաեւ մեղմման առանձին ոլորտների համար:
2. Յուրաքանչյուր հաջորդ շրջափուլում ազգային մակարդակով սահմանված հանձնառություններում ամրագրված թիրախները պետք է արտահայտեն ավելի բարձր հավակնություններ:
3. Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններում խորհրդի առաջարկությամբ կարող են կատարվել փոփոխություններ՝ հիմք ընդունելով՝
1) ժողովրդագրական կամ սոցիալ-տնտեսական էական փոփոխությունները.
2) կլիմայի փոփոխության վրա ազդեցություն ունեցող նոր գործոնի ի հայտ գալը կամ մեղմմանն ուղղված գիտատեխնիկական նորարարական լուծումների հասանելիությունը.
3) աղետի, համաճարակի, համավարակի, պատերազմի կամ այլ անհաղթահարելի ուժի հետեւանքով ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների անիրագործելիությունը:
4. Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները եւ դրա իրականացման ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 9. Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը
1. Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը սահմանում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երկարաժամկետ սցենար կամ սցենարներ՝ ջերմոցային գազերի զուտ զրոյական արտանետումներով տնտեսության անցման նպատակով:
2. Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը ներառում է՝
1) երկարաժամկետ նպատակադրումներ եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման քանակական թիրախներ՝ ըստ սցենարների, առանձին ոլորտների եւ ամբողջ տնտեսության համար, որոնք ներառում են միջանկյալ թիրախներ.
2) սահմանված նպատակադրումների եւ թիրախների ապահովմանն ուղղված քաղաքականության ուղղություններ եւ գործողություններ՝ դրանց իրականացման համար պահանջվող ռեսուրսների գնահատմամբ.
3) մշտադիտարկման, գնահատման եւ հաշվետվողականության մեխանիզմ:
3. Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը
1. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը սահմանում է կլիմայի փոփոխության հարմարվողականության սկզբունքները, կարիքները եւ գործողությունները, որոնք պետք է ներկառուցվեն կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի ոլորտների եւ տարածքների զարգացման ռազմավարություններում, եւ նպաստեն բնակչության, շրջակա միջավայրի, տնտեսության, բնակավայրերի ու ենթակառուցվածքների ու դիմակայունության ամրապնդմանը:
2. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը ներառում է՝
1) սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունն ու գնահատումը, ինչը պետք է վեր հանի հիմնական խոցելի ոլորտներն ու ռիսկերը, հարմարվողականության կարիքները եւ խոչընդոտները.
2) կլիմայի փոփոխության ազդեցություններն առանձին ոլորտների վրա եւ համապատասխան խոցելի ոլորտներում հարմարվողականության մոտեցումները.
3) միջոցառումների ծրագիրը, իրականացման ժամկետները եւ պահանջվող ծախսային գնահատումը, ներառյալ՝ ֆինանսական միջոցների ներգրավման մեխանիզմները.
4) մշտադիտարկման, գնահատման եւ հաշվետվողականության մեխանիզմ:
3. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը եւ միջոցառումների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 3
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում
1. Կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝
1) ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների եւ դրա իրականացման ծրագրի հաստատումը.
2) կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի եւ միջոցառումների ցանկի հաստատումը.
3) ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության հաստատումը.
4) ազգային, ոլորտային, տարածքային զարգացման ռազմավարություններում եւ համայնքային զարգացման ծրագրերում կլիմայական քաղաքականության ներկառուցման կարգի հաստատումը.
5) ոլորտային ռազմավարություններում կլիմայական քաղաքականության ներկառուցման համակարգումը.
6) կլիմայական ռիսկերի կառավարումը՝ կանխարգելումը, մեղմումը, հետեւանքների վերացման, կորստի եւ վնասի հասցեագրման միջոցառումների պլանավորումը եւ իրականացման համակարգումը.
7) երկրի կլիմայական քաղաքականության նպատակադրումների, իրականացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան հաշվետվությունը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 10-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացումը.
8) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման եւ կադաստրի վարման կարգի հաստատումը.
9) ջերմոցային գազերի արտանետումների մեղմման քաղաքականությունների եւ միջոցառումների մշտադիտարկման կարգի հաստատումը.
10) կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության, կորստի եւ վնասի հասցեագրման գործողությունների մշտադիտարկման կարգի հաստատումը.
11) Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայի իրականացման համար ստացված կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման ծրագրերի մշտադիտարկման կարգի հաստատումը.
12) կլիմայական քաղաքականության նպատակադրումների, իրականացման ընթացքի ու արդյունքների հանրայնացման աշխատանքների համակարգումը:
Հոդված 12. Լիազոր մարմնի լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում
1. Կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում լիազոր մարմնի լիազորություններն են՝
1) ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների եւ դրա իրականացման ծրագրի մշակումը եւ սահմանված կարգով խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացումը.
2) կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի եւ միջոցառումների ցանկի մշակումը եւ սահմանված կարգով խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացումը.
3) ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակումը եւ սահմանված կարգով խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացումը.
4) ազգային, ոլորտային, տարածքային զարգացման ռազմավարություններում եւ համայնքային զարգացման ծրագրերում կլիմայական քաղաքականության ներկառուցման կարգի մշակումը եւ սահմանված կարգով խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացումը.
5) կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության միջոցառումների իրականացմանը նպաստող ոլորտային եւ տարածքային ծրագրերի, հանձնառությունների, գործողությունների պլանների, ֆինանսավորման ծրագրերի եւ ճանապարհային քարտեզների մշակմանը մասնակցությունը.
6) իր իրավասությունների շրջանակներում կլիմայական ռիսկերի կանխարգելման, մեղմման, հետեւանքների վերացման, կորստի եւ վնասի հասցեագրման միջոցառումների պլանավորման մասնակցությունը.
7) երկրի կլիմայական քաղաքականության նպատակադրումների, իրականացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան հաշվետվության նախապատրաստումը եւ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը խորհրդի քննարկմանը եւ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացումը.
8) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման եւ կադաստրի վարման կարգի մշակումը եւ սահմանված կարգով խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացումը.
9) ջերմոցային գազերի արտանետումների մեղմման քաղաքականությունների եւ միջոցառումների մշտադիտարկման կարգի մշակումը եւ սահմանված կարգով խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացումը.
10) կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության, կորստի եւ վնասի հասցեագրման գործողությունների մշտադիտարկման կարգի մշակումն ու սահմանված կարգով խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացումը.
11) Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայի եւ համաձայնագրի իրականացման համար ստացված կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման ծրագրերի մշտադիտարկման կարգի մշակումը եւ սահմանված կարգով խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացումը.
12) կլիմայական քաղաքականության նպատակադրումների, իրականացման ընթացքի ու արդյունքների հանրայնացման աշխատանքներին մասնակցությունը.
13) կոնվենցիայի եւ համաձայնագրի ներքո ազգային զեկույցների եւ հաշվետվությունների նախագծերի նախապատրաստումը, սահմանված կարգով խորհրդի քննարկմանը եւ կոնվենցիայի քարտուղարություն դրանց ներկայացումը.
14) կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման նպատակով ֆինանսավորում կամ այլ տեսակի աջակցություն տրամադրող միջազգային կազմակերպությունների, ֆոնդերի եւ այլ կառույցների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալը.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության վերաբերյալ ռազմավարական եւ ծրագրային փաստաթղթերի ու նորմատիվ իրավական ակտերի նախագծերում կլիմայական քաղաքականության ներկառուցման վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելը, ինչպես նաեւ այդ իրավական ակտերի նախագծերը խորհրդի քննարկմանը ներկայացումը.
16) հանրային կլիմայական ծախսերի եւ ինստիտուցիոնալ զեկույցի մշակումն ու խորհրդի քննարկմանը ներկայացումը.
17) չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգի ընթացիկ ղեկավարումը, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
18) որակի վավերացում (վալիդացում) եւ որակի ստուգում (վերիֆիկացում) իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հավատարմագրման կարգի սահմանումը.
19) չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառվող տվյալները եւ հաշվետվությունները ստուգող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ռեեստրի վարումը եւ հրապարակումը.
20) ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից արտանետված ջերմոցային գազերի գույքագրումը.
21) չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգի տվյալների հավաքագրման, մշակման, ամփոփման, պաշտպանության, արխիվացման ապահովումը.
22) կլիմայական քաղաքականության շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակումը եւ սահմանված կարգով խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը.
Հոդված 13. Պետական կառավարման համակարգի այլ մարմինների լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում
1. Կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում պետական կառավարման համակարգի այլ մարմինների լիազորություններն են՝
1) կլիմայական քաղաքականության ներկառուցումը ոլորտային ռազմավարություններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
2) կլիմայական քաղաքականության բաղադրիչների ու ոլորտային ռազմավարությունների իրականացումը՝ իրենց լիազորությունների շրջանակներում.
3) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետով նախատեսված հաշվետվության նախապատրաստմանը մասնակցությունը:
Հոդված 14. Մարզպետի լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում
1. Մարզպետն իր լիազորությունների շրջանակներում՝
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության կլիմայական քաղաքականության իրականացումը մարզի տարածքում.
2) մարզի զարգացման ռազմավարություններում ներկառուցում է կլիմայական քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 15. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում
1. Կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն են՝
1) համայնքի հնգամյա զարգացման ծրագրում կլիմայական քաղաքականությունից բխող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողությունների եւ մոտեցումների ներկաառուցումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:.
2) համայնքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ ունեցող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին մասնակցությունը եւ գրավոր դիրքորոշում ներկայացնելը.
3) սահմանված կարգով խորհրդի աշխատանքներին մասնակցությունը:
Հոդված 16. Լիազորված տեսչական մարմնի լիազորությունները կլիմայի մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ոլորտում
1. Կլիմայի մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով :
ԳԼՈՒԽ 4
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 17. Խորհրդի կազմավորումը եւ նպատակը
1. Խորհուրդը կազմավորվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն:
2. Խորհրդի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկրի կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ու հանձնառությունների կատարման գործընթացներում:
Հոդված 18. Խորհրդի իրավասությունները
1. Խորհրդի իրավասություններն են՝
1) կոնվենցիայից, համաձայնագրից եւ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման ընթացքի եւ արդյունքների գնահատումը եւ ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ ներկայացնելը, այդ թվում՝ կլիմայական քաղաքականության բաղադրիչների վերանայման վերաբերյալ.
2) կոնվենցիայի եւ համաձայնագրի ներքո ազգային զեկույցների եւ հաշվետվությունների նախագծերի քննարկումը.
3) կլիմայական քաղաքականության իրականացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան հաշվետվության քննարկումը եւ դրա վերաբերյալ եզրակացություններ ու առաջարկություններ ներկայացնելը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության վերաբերյալ ռազմավարական եւ ծրագրային փաստաթղթերի, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություն տալը՝ լիազոր մարմնի առաջարկությամբ.
5) առաջիկա տարվա քաղաքականության գերակայությունների, պետական մարմիններին հատկացվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների քննարկումը եւ դրանց վերաբերյալ եզրակացություն ներկայացնելը.
6) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին այլ աղբյուրներից ստացվելիք վարկային եւ դրամաշնորհային, այդ թվում՝ տեխնիկական աջակցության, միջոցների, ինչպես նաեւ այլ փոխառությունների հաշվին իրականացվելիք կլիմայի փոփոխության մեղմմանը եւ հարմարվողականությանն առնչվող ծրագրային նախաձեռնությունների քննարկումը եւ եզրակացություններ ներկայացնելը.
7) կլիմայական քաղաքականության մասով Հայաստանի Հանրապետության համար նոր միջազգային պարտավորություններ առաջացնող կամ հանձնառություններ ենթադրող միջազգային պայմանագրերի նախագծերի եւ նախաձեռնությունների քննարկումը եւ եզրակացություն ներկայացնելը.
Հոդված 19. Խորհրդի ձեւավորման եւ գործունեության նկատմամբ պահանջները
1. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակված փոխվարչապետն է:
2. Խորհուրդը բաղկացած է պետական մարմինների (ներառյալ՝ խորհրդի նախագահը), հասարակական միավորումների (բացառությամբ գիտական կազմակերպություն հանդիսացող հասարակական միավորումների) եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:
3. Խորհրդի ներքո գործում են աշխատանքային խմբեր:
4. Աշխատանքային խմբերը բաղկացած են պետական մարմինների ներկայացուցիչներից եւ անկախ փորձագետներից՝ առավելագույնը պետական մարմինների ներկայացուցիչներին հավասար թվով:
5. Խորհրդի անդամ հասարակական միավորումների (բացառությամբ գիտական կազմակերպություն հանդիսացող հասարակական միավորումների) եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ աշխատանքային խմբերի անդամ փորձագետների ընտրությունն իրականացվում է մրցութային հիմունքներով:
6. Խորհրդի որոշումներն ընդունվում են քվեարկության արդյունքներով՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:
7. Խորհրդի քարտուղարության գործառույթների իրականացումն ապահովում է լիազոր մարմինը:
8. Խորհրդի եւ աշխատանքային խմբերի կազմերը, դրանց ձեւավորման եւ գործունեության կարգերը հաստատվում են վարչապետի որոշմամբ:
9. Խորհրդի եւ աշխատանքային խմբերի անհատական կազմերը հաստատվում են խորհրդի նախագահ փոխվարչապետի որոշումներով:
ԳԼՈՒԽ 5
ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 20. Կլիմայական ֆինանսավորման միջոցները եւ մեխանիզմները
1. Կլիմայական ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներից, միջազգային կազմակերպություններից, մասնավոր եւ այլընտրանքային ազգային կամ միջազգային աղբյուրներից ստացվող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:
2. Կլիմայական քաղաքականության իրականացման ֆինանսավորման մեխանիզմները ներառում են՝
1) բյուջետային ծրագրերը, վարկերը, փոխառությունները, երաշխիքները.
2) հանրային ներդրումային ծրագրերը, սուբվենցիաները.
3) պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում իրականացվող կլիմայական ծրագրերը.
4) միջազգային գործընկերների կողմից տրամադրված վարկերը եւ դրամաշնորհները.
5) միջազգային նպատակային ներդրումային հիմնադրամների կողմից տրամադրված դրամաշնորհները.
6) պարտատոմսերի թողարկումը եւ տեղաբաշխումը, վարկերի ներգրավումը եւ տրամադրումը.
7) մասնավոր ներդրումները, նվիրատվությունները.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման այլ մեխանիզմներ:
Հոդված 21. Կլիմայական քաղաքականության ներկառուցումը հանրային ֆինանսների կառավարման համակարգում
1. Հանրային կլիմայական ֆինանսավորումը պետական բյուջեում հատկորոշվում է հանրային կլիմայական ծախսերի նշագրման գործընթացը բյուջետային գործընթացում ներկառուցելու միջոցով՝ հանրային ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:
2. Համայնքները բյուջեի կլիմայական նշագրում իրականացնում են կամավորության սկզբունքով:
3. Բյուջետային գործընթացն սկսելուց հետո եւ բյուջետային ֆինանսավորման հայտերը մինչեւ հանրային ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմին ներկայացնելը, առաջիկա տարվա քաղաքականության գերակայությունները եւ պետական մարմիններին հատկացվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները քննարկվում են խորհրդի նիստում՝ հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարվա արդյունքներով լիազոր մարմնի կողմից պատրաստված հանրային կլիմայական ծախսերի եւ ինստիտուցիոնալ զեկույցը: Խորհրդի կողմից տրամադրված եզրակացությունը եւ դրա վերաբերյալ պարզաբանումները կցվում են պետական բյուջեի նախագծի փաթեթին:
4. Օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին այլ աղբյուրներից ստացվելիք վարկային եւ դրամաշնորհային, այդ թվում՝ տեխնիկական աջակցության, միջոցների, ինչպես նաեւ այլ փոխառությունների հաշվին իրականացվելիք ծրագրային նախաձեռնությունները ներկայացվում են խորհրդի քննարկմանը: Խորհրդի եզրակացությունը ներառվում է փաթեթում եւ հաշվի է առնվում նախաձեռնությունների քննարկման եւ հաստատման, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, դրանց իրականացման գործընթացներում:
5. Օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին այլ աղբյուրներից ստացվելիք վարկային եւ դրամաշնորհային, այդ թվում՝ տեխնիկական աջակցության, միջոցների, ինչպես նաեւ այլ փոխառությունների հաշվին իրականացվելիք ծրագրային նախաձեռնությունների ընթացքի, եւ գրանցված արդյունքների վերաբերյալ, հաշվետվությունները, ներառյալ՝ ֆինանսական բացվածքը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ներկայացվում են Լիազոր մարմնին, այդ թվում՝ ծրագրերն իրականացնող գործընկեր կազմակերպությունների կողմից:
ԳԼՈՒԽ 6
ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
Հոդված 22. Կլիմայական քաղաքականության իրականացման կարգավորիչ գործիքները
1. Կլիմայական քաղաքականության իրականացման կարգավորիչ գործիքակազմը ներառում է՝
1) ջերմոցային գազերի արտանետումների թույլտվությունը.
2) ածխածնի գնագոյացման գործիքները.
3) ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ջերմոցային գազերի հաշվառումն ու հրապարակումը:
Հոդված 23. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը
1. Ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պետք է ստանան ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն, եթե նրանց կողմից ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսվող ծավալը գերազանցում է կառավարության կողմից սահմանված ջերմոցային գազերի արտանետման շեմը:
2. Ջերմոցային գազերի արտանետման շեմը սահմանվում եւ ջերմոցային գազերի արտանետման թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությամբ:
Հոդված 24. Ածխածնի գնագոյացման գործիքները
1. Ածխածնի գնագոյացման գործիքները կլիմայական քաղաքականության իրականացման համար կիրառվող տնտեսական մեխանիզմներ են, որոնց միջոցով ջերմոցային գազերի արտանետումների համար սահմանվում է գին՝ որպես ածխածնի հարկ նախատեսելու կամ ջերմոցային գազերի արտանետումների ծավալի վրա սահմանափակման կիրառմամբ արտանետումների առեւտրի համակարգ ձեւավորելու միջոցով:
2. Ածխածնի գնագոյացման գործիքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ներդրվել ամբողջական, մասնակի կամ համակցված տարբերակներով, գործողության մեջ մտնելու փուլային կամ հետաձգված ժամկետների սահմանմամբ՝ հաշվի առնելով կլիմայական քաղաքականության առաջնահերթությունները, կլիմայական հանձնառությունները եւ սահմանված թիրախների հասանելիությունը:
Հոդված 25. Ածխածնի հաշվառումն ու հրապարակումը
1. Ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում իրականացնում են ջերմոցային գազերի հաշվառում եւ ամենամյա հաշվետվությունների հրապարակում:
2. Ջերմոցային գազերի հաշվառումն ու հրապարակումն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան:
ԳԼՈՒԽ 7
ՉԱՓՈՒՄՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ
Հոդված 26. Չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգը
1. Թափանցիկության ընդլայնված շրջանակին ինտեգրվելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգի գործարկումն ու զարգացումը:
2. Չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգի տվյալները հիմք են ծառայում կոնվենցիայի քարտուղարություն ներկայացվող հաշվետվությունների՝ ազգային հաղորդագրության, թափանցիկության երկամյա զեկույցի, ջերմոցային գազերի արտանետումների կադաստրի հաշվետվության մշակման համար, ինչպես նաեւ կարող են օգտագործվել որոշումների ընդունման, պլանավորման, ներդրումների ներգրավման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով:
Հոդված 27. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը եւ կադաստրի վարումը
1. Ջերմոցային գազերի արտանետումների կադաստրը երկամյա պարբերականությամբ թարմացվող տվյալների շտեմարան է, ինչը ներառում է տարեկան կտրվածքով արտանետված ջերմոցային գազերի ծավալն ըստ ոլորտների եւ ջերմոցային գազերի տեսակների, ջերմոցային գազերի արտանետման աղբյուրների, ինչպես նաեւ մթնոլորտային օդից ջերմոցային գազերի կլանման ցուցանիշները, բացառությամբ պաշտպանության ոլորտի արտանետումների:
2. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումն իրականացվում է ազգային եւ տեղակայանքների մակարդակով:
3. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման եւ կադաստրի վարման նպատակով լիազոր մարմնին տվյալներ են տրամադրում՝
1) պետական կառավարման համակարգի մարմինները.
2) տեղական ինքնակառավարման մարմինները.
3) ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտները ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տվյալները ներկայացնում են լիազոր մարմին ամենամյա պարբերականությամբ:
5. Լիազոր մարմինն ապահովում է տվյալների հավաքագրումը, մշակումը, համակարգումը, որակի վավերացումը (վալիդացումը) եւ որակի ստուգումը (վերիֆիկացումը) հավատարմագրված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից, տվյալների պահպանությունը, արխիվացումը, օգտագործումը եւ տարածումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման եւ կադաստրի վարման կարգին համապատասխան:
Հոդված 28. Կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների եւ միջոցառումների մշտադիտարկումը
1. Կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների եւ միջոցառումների վերաբերյալ տվյալների շտեմարանում երկամյա պարբերականությամբ տարեկան կտրվածքով ներառվում են տվյալներ քաղաքականությունների, պլանների, ծրագրերի, միջոցառումների եւ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը կամ կլանիչների զարգացմանն ըստ մեղմման ոլորտների, այդ թվում՝ Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններում սահմանված թիրախների ներքո:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալների շտեմարանում ներառելու նպատակով իրենց կողմից իրականացվող քաղաքականությունների եւ միջոցառումների վերաբերյալ լիազոր մարմնին տվյալներ են տրամադրում՝
1) պետական կառավարման համակարգի մարմինները.
2) տարածքային կառավարման մարմինները.
3) տեղական ինքնակառավարման մարմինները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված սուբյեկտները կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների եւ միջոցառումների վերաբերյալ տվյալները ներկայացնում են լիազոր մարմին ամենամյա պարբերականությամբ:
4. Ջերմոցային գազերի արտանետումների մեղմման քաղաքականությունների եւ միջոցառումների մշտադիտարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 29. Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության մշտադիտարկումը
1. Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության գործողությունների տվյալների շտեմարանում երկամյա պարբերականությամբ տարեկան կտրվածքով ներառվում են տվյալներ կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում երկրի սահմանած նպատակադրումների ուղղությամբ առաջընթացի, իրականացվող քաղաքականությունների, պլանների, ծրագրերի, միջոցառումների եւ գործողությունների, դրանց ընթացիկ ու վերջնական արդյունքների մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալների շտեմարանում ներառելու նպատակով իրենց կողմից իրականացվող քաղաքականությունների, պլանների, ծրագրերի, միջոցառումների եւ գործողությունների, դրանց ընթացիկ ու վերջնական արդյունքների վերաբերյալ լիազոր մարմնին տվյալներ են տրամադրում՝
1) պետական կառավարման համակարգի մարմինները.
2) տարածքային կառավարման մարմինները.
3) տեղական ինքնակառավարման մարմինները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված սուբյեկտները կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների եւ միջոցառումների վերաբերյալ տվյալները ներկայացնում են լիազոր մարմին ամենամյա պարբերականությամբ:
4. Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության գործողությունների մշտադիտարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 30. Կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման մշտադիտարկումը
1. Կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման վերաբերյալ տվյալների շտեմարանը երկամյա կտրվածքով ներառում է ստացված եւ անհրաժեշտ ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման վերաբերյալ տվյալներ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալների շտեմարանում ներառելու նպատակով իրենց կողմից ստացված եւ անհրաժեշտ կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման եւ կարողությունների զարգացման վերաբերյալ լիազոր մարմնին տվյալներ են տրամադրում՝
1) պետական կառավարման համակարգի մարմինները.
2) տարածքային կառավարման մարմինները.
3) տեղական ինքնակառավարման մարմինները.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
5) Ֆինանսական կազմակերպությունները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված սուբյեկտները կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման վերաբերյալ տվյալները ներկայացնում են լիազոր մարմին երկամյա պարբերականությամբ:
4. Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայի իրականացման համար ստացված կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման մշտադիտարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 31. Որակի վավերացում (վալիդացում) եւ որակի ստուգում (վերիֆիկացում)
1. Որակի վավերացման (վալիդացման) եւ որակի ստուգման (վերիֆիկացման) միջոցով ապահովվում է չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառվող տվյալների լիարժեքությունը, ամբողջականությունը, արժանահավատությունը եւ համադրելիությունը:
2. Չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառվող տվյալների եւ հաշվետվությունների որակի վավերացումը (վալիդացումը) եւ որակի ստուգումը (վերիֆիկացումը) իրականացնում են հավատարմագրված ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:
3. Որակի վավերացում (վալիդացում) եւ որակի ստուգում (վերիֆիկացում) իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հավատարմագրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
ԳԼՈՒԽ 8
ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 32. Միջազգային համագործակցության սկզբունքները
1. Կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայության բարձրացման, կլիմայական հավակնությունների սահմանման, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կլիմայական նպատակների ձեւակերպման եւ դրանց իրականացմանն ուղղված կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է գլոբալ կլիմայական հանձնառություններին ու նպատակներին եւ հետամուտ է դրանց իրականացմանը:
2. Տարածաշրջանային համագործակցության շրջանակներում հանձնառություններ ու պարտավորություններ ստանձնելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է կլիմայական գլոբալ օրակարգի սպասարկման հնարավորությունները չսահմանափակելու նախապայմանով:
3. Կլիմայական քաղաքականության բաղադրիչների ձեւավորման եւ իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ լիազոր մարմինը համագործակցում են գլոբալ կլիմայական գործընթացները սպասարկող միջազգային կառույցների, գիտական կենտրոնների, խորհրդատվական եւ մասնագիտացված միավորների հետ՝ առավելագույնս օգտագործելով դրանց կողմից ստեղծված գիտական, տեխնոլոգիական, տեղեկատվական արդյունքներն ու համագործակցության հարթակները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է դիտարկել կլիմայի փոփոխության գլոբալ գործընթացներն սպասարկող միջազգային հարթակները, պարբերական եւ պաշտոնական միջոցառումները եւ այդ գործընթացները նախաձեռնելու կամ հյուրընկալելու հնարավորությունը՝ մասնագիտական, դիվանագիտական, տնտեսական, ենթակառուցվածքային բաղադրիչների ապահովման պարագայում:
Հոդված 33. Միջազգային համագործակցության խնդիրները
1. Կլիմայական քաղաքականության իրականացման շրջանակներում միջազգային համագործակցության խնդիրներն են՝
1) պետական կլիմայական քաղաքականության ներդաշնակեցման ապահովումը գլոբալ կլիմայական օրակարգերին.
2) կլիմայական քաղաքականության իրականացման լավագույն տեխնոլոգիաների եւ գործելակերպերի բացահայտումը եւ կիրառումը.
3) կլիմայի փոփոխությանը դիմակայման նպատակով կուտակված գիտական, տեղեկատվական, փորձագիտական ներուժի առավելագույնս օգտագործումը.
4) օտարերկրյա եւ միջազգային, հանրային եւ մասնավոր ֆինանսական ռեսուրսներին եւ մեխանիզմներին հասանելիության ապահովումը.
5) միջազգային համագործակցության շրջանակներում կլիմայական խնդիրները միջպետական առեւտրատնտեսական, աշխարհաքաղաքական, մշակութային, էկոլոգիական հիմնախնդիրների լուծման հետ արդյունավետ համադրումը:
Հոդված 34. Մասնակցությունը միջազգային ածխածնային շուկաներին
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարությունը կլիմայական քաղաքականության իրականացման նպատակով կարող է մասնակցել միջազգային ածխածնային շուկաներին՝ համաձայնագրով նախատեսված հետեւյալ ձեւաչափերով՝
1) համագործակցություն, ներառյալ՝ միջազգային մակարդակով փոխանցվող մեղմման արդյունքների օգտագործման միջոցով, որն ուղղված է ազգային մակարդակում սահմանված հանձնառությունների կամ մեղմման միջազգային նպատակների իրականացմանը.
2) պայմանների ապահովում կոնվենցիայի իրավասության ներքո կենտրոնացված վարկավորման մեխանիզմի կիրառման համար.
3) համագործակցություն այլ ձեւաչափերով, ինչը կնպաստի մեղմման եւ հարմարվողականության նպատակների իրագործմանը, բայց չի ենթադրի կլիմայական ծրագրերի իրականացման արդյունքների փոխանցում համագործակցող կողմերի միջեւ:
ԳԼՈՒԽ 9
ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ: ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 35. Կլիմայական տեղեկատվության հրապարակայնությունը եւ մատչելիությունը
1. Կլիմայական տեղեկատվության հրապարակայնության եւ մատչելիության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
Հոդված 36. Հրապարակման ենթակա կլիմայական տեղեկատվությունը
1. Կլիմայական տեղեկատվություն տնօրինողների կողմից իրենց պաշտոնական կայքերում հրապարակման ենթակա են սույն օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված իրենց լիազորությունների, իրավունքների ու պարտականությունների իրականացմանն առնչվող, կլիմայական քաղաքականության խնդիրներին եւ բաղադրիչներին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնի համարվող տեղեկությունների:
Հոդված 37. Կլիմայական քաղաքականության իրականացման արդյունքների հանրայնացումը
1. Կլիմայական քաղաքականության նպատակադրումների, կլիմայական ծրագրերի իրականացման ընթացքի ու արդյունքների հանրայնացումն իրականացվում է տարեկան առնվազն մեկ անգամ հանրային հեռարձակողի եթերով՝ լրատվական հաղորդման, հարցազրույցի, մամլո ասուլիսի, հոլովակների կամ դրանց համադրության հեռարձակման միջոցով:
2. Հոդված 38. Կլիմայական գիտությունների ոլորտում կրթությունը եւ գիտությունը
1. Կլիմայական գիտությունների ոլորտում կրթության, վերապատրաստման, հետազոտությունների, նորարարությունների, տեխնոլոգիաների փոխանցման եւ գիտելիքների տարածման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրությամբ:
ԳԼՈՒԽ 10
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ
Հոդված 39. Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար
1. Սույն օրենքի պահանջները խախտելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձինք եւ (կամ) նրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 11
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 40. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 36-ամսյա ժամկետում:
4. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 24-ամսյա ժամկետում:
5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 15-ամսյա ժամկետում:
6. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին եւ 8-րդ մասերով սահմանված Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:
7. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:
8. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում
9. Սույն օրենքի 7-րդ գլխի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 21-ամսյա ժամկետում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԼԻՄԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կլիմայի մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում