Armenian ARMSCII Armenian
Կ-11398-20.08.2025-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.1) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական մարմինների պաշտոնական կայքէջերի, էլեկտրոնային հարթակների եւ այլ տեղեկատվական համակարգերի եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը.».

2) 5.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.2) օրենքով սահմանված կարգով համակարգում են տեղեկատվական համակարգերի եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռմիջադեպերին արձագանքելու աշխատանքները.».

3) 5.4-րդ կետի «իրականացնում են» բառերը փոխարինել «իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.7-րդ եւ 5.8-րդ կետերով.

«5.7) իրականացնում են պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների ոլորտներում, ինչպես նաեւ «Կիբեռանվտանգության մասին» օրենքի համաձայն, Կառավարության կողմից սահմանված ցանկով հաստատված եւ լիազորված մարմնին վերապահված տեղեկատվական համակարգերի եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված լիազոր եւ ինքնավար մարմինների լիազորություններն ու գործառույթները, այդ թվում՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված պահանջների (չափորոշիչների) համաձայն.

5.8) պետական մարմինների՝ համացանցում տեղակայված տեղեկատվության (այդ թվում՝ պետական մարմինների պաշտոնական կայքէջերի) պաշտպանության, ինչպես նաեւ համացանցին պետական մարմինների անվտանգ համակցումն ապահովելու համար շահագործում են տեղեկատվական համակարգեր.»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ, 5.7-րդ եւ 5.8-րդ կետերով նախատեսված լիազորություններն ու գործառույթներն իրականացնելու համար լիազորված մարմնի համակարգում ձեւավորվում է Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնը (National Cyber Defense Center)՝ որպես կառուցվածքային ստորաբաժանում:

1.2. Լիազորված մարմնի Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի եւ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմնի միջեւ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ փոխգործակցության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կիբեռանվտանգության մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում:

3.  Մինչեւ սույն օրենքից բխող Կառավարության որոշման ընդունումը լիազորված մարմնի Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի եւ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմնի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմերի միջեւ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ փոխգործակցությունն իրականացվում են միայն օրենքներով սահմանված կարգավորումների շրջանակում: