Armenian ARMSCII Armenian
Կ-11282-22.07.2025-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մարզպետը կրթության բնագավառում՝

1) աջակցում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարմանը.

2) մասնակցում է  պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման եւ հանրակրթության մեջ ներգրավման աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի եւ շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.

3) ապահովում է մարզում գործող կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.

5) իրականացնում է  պետական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).

6) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների կատարման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).

7) ըստ անհրաժեշտության հավաքում, ամփոփում եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաեւ հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները.

8) իրականացնում է ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ եւ ներկայացնում լիազոր մարմին:»:

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով շարադրվող՝ Օրենքի 13-րդ հոդվածի  1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2026 թվականի  սեպտեմբերի 1-ը, իսկ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում նախատեսված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: