Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,
Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը,
Վերահաստատելով իր հավատարմությունը իրավունքի գերակայության եւ սահմանադրական կարգի սկզբունքներին,
Հիմնվելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա,
Հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ձեւավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ,
Մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը եւ բռնության ցանկացած ձեւ քաղաքական պայքարում եւ հանրային կյանքի կազմակերպման մեջ,
Հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝
1. Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի եւ օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին:
2. Ահաբեկչության եւ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների:
3. Ահաբեկչությունը եւ բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները եւ հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին եւ արտաքին սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ ժողովրդի համար:
4. Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը եւ երկրում ռազմական հեղաշրջման կամ որեւէ այլ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը: Ահաբեկչության արդարացման յուրաքանչյուր դրսեւորում ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքի դեմ:
5. Անընդունելի ենք համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման եւ ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու փորձերը: Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգեւոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ Եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգեւոր կարիքների սպասարկմանը:
6. Խիստ մտահոգիչ եւ դատապարտելի են Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների ու նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որեւէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու եւ երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը:
7. ՀՀ Ազգային ժողովը որպես Հայաստանի ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին՝
Դատապարտել ահաբեկչությունը եւ բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը,
Աջակցել ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ,
Նպաստել ազգային համերաշխությանը եւ պետական ինստիտուտների ամրապնդմանը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՌՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՏԻՐԱՆԱԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից բացահայտվեց ահաբեկչության փորձ՝ միտված Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալմանը եւ ՀՀ օրինական իշխանությունների բռնի հեռացմանը: Ըստ իրավապահ մարմինների կատարած բացահայտումների, ահաբեկչական խմբավորումը իր առջեւ նպատակ էր դրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծել քաոս, տապալել հասարակական կարգը եւ բռնության գործադրման ճանապարհով երկրում հաստատել ապօրինի իշխանություն:
Ահաբեկչական խմբավորման անդամները եւ ղեկավարները ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների եւ նրանց ղեկավարների հետ սերտորեն կապված անձինք են, ովքեր վերջին շրջանում Հայաստանում կազմակերպել են բողոքի ցույցեր, հանդես եկել իշխանափոխության կոչերով՝ երբեմն հնչեցնելով բացահայտ բռնության եւ ատելության կոչեր ընդդեմ ՀՀ ընտրված իշխանությունների:
Այս ահաբեկչական գործողությունների նպատակն էր տապալելու Հայաստանի Հանրապետությունում հաստատված ժողովրդավարական կառավարման համակարգը՝ լրջագույն սպառնալիքներ ստեղծելով թե' ներքին, թե' արտաքին մակարդակներում:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդնիր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Ահաբեկչությունը նախապատրաստած շարժման մասնակիցները նախապատրաստել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի եւ օրինական իշխանությունների դեմ
ահաբեկչության փորձ: Անընդունելի է հատկապես սահմանադրական կարգի տապալման մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ներգրավելու փորձերը:
Կարեւորում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատով ընտրված լեգիտիմ մարմին, ընդունի հայտարարություն բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԲՌՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՏԻՐԱՆԱԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝
Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը,
Վերահաստատելով իր հավատարմությունը իրավունքի գերակայության եւ սահմանադրական կարգի սկզբունքներին,
Հիմնվելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա,
Հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անխախտ դրույթին՝ համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ձեւավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ,
Մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը եւ բռնության ցանկացած ձեւ քաղաքական պայքարում եւ հանրային կյանքի կազմակերպման մեջ,
Հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝
1. Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի եւ օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտեցին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 2025 թվականի հունիսին:
2. Ահաբեկչության եւ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների:
3. Ահաբեկչությունը եւ բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտները եւ հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին եւ արտաքին սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար:
4. Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը եւ երկրում ռազմական հեղաշրջման կամ որեւէ այլ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը: Ահաբեկչության արդարացման յուրաքանչյուր դրսեւորում ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքի դեմ:
5. Անընդունելի ենք համարում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման եւ Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու փորձերը: Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգեւոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ Եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգեւոր կարիքների սպասարկմանը:
6. Խիստ մտահոգիչ եւ դատապարտելի են Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների ու նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որեւէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու եւ երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը:
7. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին՝
դատապարտել ահաբեկչությունը եւ բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը,
աջակցել Հայաստանի Հանրապետության օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ,
նպաստել ազգային համերաշխությանը եւ պետական ինստիտուտների ամրապնդմանը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
2025 թվական, հուլիսի 3
Երեւան
Հ - 3