Armenian ARMSCII Armenian
Պ-1080-20.05.2025,30.06.2025-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին մասով.

«31.1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ լրացվում է համաձայնեցված հայտարարագիր, եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4.4-րդ մասով նախատեսված դեպքերում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: