Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1080-20.05.2025,30.06.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 31.1-ին մասով.

«31.1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ լրացվում է համաձայնեցված հայտարարագիր, եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.4-րդ մասով նախատեսված դեպքերում, միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածը պատասխանատվություն չի սահմանում ողջամիտ ժամկետից ավել ճանապարհատրանսպորտային պատահարից հետո պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար, իսկ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքն՝ իր հերթին, նման պարտականություն չի վերապահում ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդների համար, մինչդեռ դրա հետեւանքով ստեղծվում է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին կանգ առնելուն կամ երթեւեկության ուղղությունը փոխելուն հարկադրող իրադրություն՝ առաջացնելով արհեստական խցանումներ:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետեւանքով առաջացող սաստկալի, հաճախ ժամեր տեւող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական եւ թե՛ առողջապահական հետեւանքներ մեր քաղաքացիների համար:

Օրենքների նախագծերի սույն փաթեթը վերաբերելի է միայն թվով երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս եւ կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ: Առաջարկվելիք օրենսդրական փոփոխությունները կվերաբերեն ապահովագրական պատահարների ընդհանուր թվի շուրջ 85 տոկոսին (համաձայն գործող բջջային հավելվածի՝ «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգ (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգ), տեխնիկական սպասարկումն ապահովող «ԲԻՎԱՔ ՀԱՅԱՍՏԱՆ» ընկերության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ընդունելով ՀՀ կառավարության առաջարկությունները՝ համապատասխան նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում՝ վերջինս լրացնելով հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 4.4-րդ մասով եւ հաշվի առնելով նաեւ ՀՀ կառավարության համապատասխան առաջարկներն այն շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.4. «Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով ընձեռնված հնարավորությունից օգտվելու դեպքերում, միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը:»:

Համապատասխան նախագծով առաջարկվում է նաեւ լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում՝ վերջինս լրացնելով 31.1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կառավարության համապատասխան առաջարկություններն, այն շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«31.1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ լրացվում է համաձայնեցված հայտարարագիր, եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.4-րդ մասով նախատեսված դեպքերում, միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

3. Ակնկալվող արդյունքը.

Ներկայումս գործող կանոնների, օրենսդրության եւ գործնականում ձեւավորված սովորույթի համաձայն, համաձայնեցված հայտարարգրով կարգավորվող պատահարներից հետո վթարի մասնակիցներն, ըստ քայլերի հերթականության, պարտավորվում են ներբեռնել գործող «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգի (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգ) «ASWA» հավելվածն իրենց բջջային հեռախոսներում, սկսել լրացնել այն՝ մուտքագրելով անձնական տվյալներ, վկայագրերի, այլ փաստաթղթերի լուսանկարներ, կոնտակտային տվյալներ, զանգահարել ապահովագրական ընկերություններին, նրանցից ճշտել հեռախոսահամար, որին այլ բջջային հավելվածներից հարկավոր է ուղարկել լուսանկարներ պատահարի վայրից, այնուհետեւ ճշտել դրանք ստացվել են պատշաճ կերպով, թե՝ ոչ եւ այլն: Եվ այս բոլոր գործողությունների կատարման ընթացքում վթարի մասնակիցներն ազատ են տնօրինելու խցանում առաջացնող իրադրությունը, տնօրինելու ճանապարհն ազատելու ժամանակն՝ այն պարագայում, երբ նրանց միջեւ առկա է վթարի մեղավորության եւ գույքային վնասի սահմանաչափի մասին համաձայնություն:

Գործնականում ՀՀ բոլոր վարորդներն արդեն հարմարվել են վթարից հետո անմիջապես ապահովագրական ընկերություն զանգելու պարտականությանը եւ դա կատարում են պատշաճորեն: Բջջային հավելվածը բացակայում է մոտ հիսուն տոկոս վարորդների հեռախոսներում, ինչը ներբեռնելն ինքնին մոտ 10 րոպեով հավելյալ արհեստական խցանում է առաջացնում վթարի վայրում, եթե ոչ ավել: Միաժամանակ մյուս հիսուն տոկոսն, ում հեռախոսներում արդեն-իսկ ներբեռնված է բջջային հավելվածը, պատահարի պահից պարտավոր են անցնել վերոնշյալ մուտքագրումների գործընթացն, ինչը բավականին ժամանակատար է: Տարեց վարորդների համար դա տեւում է հավելյալ րոպեներ եւս: Ե՛վ բջջային հավելվածի, եւ՛ թղթային հայտարարագրի լրացման դեպքում տրամաբանությունն այն է, որ վերջին քայլը, որ պետք է կատարի վթարի մասնակիցը՝ դա պատահարի վայրը թողնելն է եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր տեղափոխելը: Վերոնշյալի հետեւանքով աննշան վթարներից հետո անգամ պատահարի վայրում առաջանում է միջինը 1 ժամ 12 րոպե տեւողությամբ արհեստական խցանում, ինչից կարելի է ձերբազատվել առավել ռացիոնալ մոդել ներդնելու միջոցով:

Քննարկվող պատահարների հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են հիմնականում հետեւյալ 3 իրավական ակտերով՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո» (այսուհետ՝ Բյուրո) հասարակական կազմակերպության Բյուրոյի կաոններով եւ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը եւ փոխանակվող տեղեկատվության ցանկը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ: ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշման Հավելված 1-ով եւ 2-ով սահմանվում է ապահովագրական (ԱՊՊԱ) պատահարի դեպքում ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության իրավասու ստորաբաժանումների տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանցման կարգը:

Գործող կարգի համաձայն միասնական տեղեկատվական համակարգ մուտքի իրավունք ունեն նաեւ ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները: Այսինքն՝ ԱՊՊԱ պատահարի դեպքում հավելվածով պատահարի մասնակիցների կողմից մուտքագրված տեղեկատվությունը հասանելի է միաժամանակ 3 մարմնի՝ ապահովագրական ընկերություններին, ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության իրավասու ստորաբաժանումներին եւ Բյուրոյին, դրանցից յուրաքանչյուրին՝ իր իրավասության շրջանակներին համամասնորեն: Ընդ որում «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգի (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգ) ներբեռնված, պատշաճ լրացված, նույնականացված բջջային հավելվածի (այսուհետ՝ նաեւ բջջային հավելված) հավելվածը ներառված է 3 մարմինների ծրագրերում:

Ուստի, վերոնշյալ երեք կառույցների աշխատանքային փորձից ձեւավորված մասնագիտական կարծիքների կարեւորմամբ եւ առավել մասնագիտացված, կիրառելի օրենսդրական փոփոխություն կատարելու նպատակով ՀՀ ազգային ժողովի վարչական շենքում կազմակերպվել են թվով 3 հանդիպում-քննարկումներ, որոնց օրակարգային հարցերի քննարկման արդյունքում բոլոր մասնակիցները վերահաստատել են բարեփոխումների անհրաժեշտությունը:

Հանդիպումների օրակարգային հարցերի քննարկումների, հետեւողական համատեղ աշխատանքի արդյունքում առանձնացվել եւ կարեւորվել են ներքոշարադրյալ բարեփոխումները, որոնց ուղղությամբ աշխատանքները, մասնակից կառույցների համաձայնությամբ, մեկնարկել են ամիսներ տեւած վերոհիշյալ 3 հանդիպում-քննարկումների ընթացքում եւ շարունակական են լինելու մինչ առաջարկվող օրենսդրական նախագծի օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք, որ Համաձայնեցված հայտարարագրով փոխհատուցման ենթակա գումարի ահմանված շեմն արդեն իսկ, սույն օրենսդրական նախագծի կազմման նպատակով ՀՀ ազգային ժողովում ոլորտային մասնագետների, փորձագետների ու պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպում-քննարկումների, դրանց ընթացքում ներկայացված վիճակագրական տվյալների, կարծիքների ու վերլուծությունների շնորհիվ Բյուրոն բարձրացրել է՝ Երեւան քաղաքում փոխհատուցման ենթակա գումարի չափը սահմանելով մինչեւ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ պատահարը դրա մասնակցի կողմից «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգի (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգի) ներբեռնված, պատշաճ լրացված, նույնականացված բջջային հավելվածի միջոցով գրանցելու դեպքում:

Ըստ այդմ, օրենսդրական նախագծի ընդունմանը զուգահեռ կատարվելիք ոլորտային բարեփոխումներն են՝

1.«Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգի (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգ) ներբեռնված, պատշաճ լրացված, նույնականացված բջջային հավելվածում (այսուհետ նաեւ՝ բջջային հավելված) առկայությունը՝ որպես ապահովագրական պայմանագրի կնքման պայմանի սահմանում (պատասխանատու՝ Բյուրո),

2. «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգի (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգ) ներբեռնված, պատշաճ լրացված բջջային հավելվածում անհատականացաված QR կոդի գեներացում (պատասխանատու՝ Բյուրո),

3. Տարեց վարորդների կամ բջջային հեռախոս չունեցող անձանց համար թղթային տարբերակով ապահովագրական պայմանագիր կնքելու դեպքերում պայմանագրի թղթային տարբերակում QR կոդի պարտադիր առկայության գեներացում (պատասխանատու՝ Բյուրո),

4.Վարորդների կողմից իրենց բջջային հավելվածներում եւ թղթային պայմանագրերում առկա՝ միմյանց ակտիվացված QR կոդերը սկանավորելու հնարավորություն (պատասխանատու՝ Բյուրո),

5. Բոլոր վարորդներին պատշաճ ծանուցում բջջային հավելվածի միջոցով ապահովագրական վթարի գրանցման նոր ընթացակարգի մասին (պատասխանատու՝ Բյուրո):

6. Բջջային հավելվածի միջոցով վթարի վայրի տեսաձայնագրման եւ (կամ) լուսանկարման կատարման եւ ուղարկման հնարավորության առկայություն (պատասխանատու՝ Բյուրո):

7. Բջջային հավելվածով պատահարի գրանցման առաջին քայլին կհետեւի ծանուցում՝ միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար նախատեսված վարչական պատասխանատվության մասին, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը (պատասխանատու՝ Բյուրո):

Հավելենք, որ սույն օրենսդրական նախաձեռնության աշխատանքային քննարկումների մասնակիցները համակարծիք են, որ ներքոշարադրյալ բարեփոխումները տեխնիկապես իրագործելի են ներկա պայմաններում, ավելին՝ այս պահի դրությամբ նշյալ համակարգը բարեփոխման ընթացքում է եւ կարող է գործարկվել օրենքի ընդունումից հետո օրենքով սահմանված ժամկետներում:

Արդյունքում՝ մեղավորության եւ փոխհատուցման գումարի շուրջ փոխադարձ համաձայնություն ունեցող վարորդները առավել պատասխանատու մոտեցում կցուցաբերեն այլ վարորդների ազատ տեղաշարժի անհարկի խոչընդոտման նկատմամբ, առավել կարժեւորեն իրենց եւ երթեւեկության մյուս մասնակիցների ժամանակը, առավել քիչ ժամանակ եւ ջանք կվատնեն ավտոտրանսպորտային պատահարի ինքնուրույն գրանցման համար, ինչպես նաեւ կնվազի միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ ավտոտրանսպորտային պատահարների հետեւանքով առաջացող արհեստական խցանումների քանակը. ինչը կազմում է պատահարների ընդհանուր թվի շուրջ 85 (ութսունհինգ) տոկոսը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր)` հեղինակների վերաբերյալ

Նախագծերի հեղինակներն են՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ՝ Ալեն Սիմոնյանը եւ Էդուարդ Աղաջանյանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին (այսուհետ՝ Նախագծեր) առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր)` պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

Նախագծերի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման եւ կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ