Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ մաս.
«9. Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերեւույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ: Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-րդ հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները: Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հոդվածով նախատեսված այլ կարգավորումները:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ դրա ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների նկատմամբ: