Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-1111-25.06.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ մաս.

«9. Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերեւույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ: Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-րդ հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները: Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հոդվածով նախատեսված այլ կարգավորումները:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ դրա ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի բնագավառում գործունեության կարգավորումն իրականացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով: Այս համատեքստում լիցենզավորված անձի նկատմամբ վարույթ հարուցվելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքերում փաստացի չեն նախատեսվում երաշխիքները, որոնք կապահովեն նաման դեպքերում կրիտիկական այս կարեւոր ենթակառուցվածքների բնականոն եւ անխափան գործունեության շարունակականությունը, ինչը միտված է նաեւ սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը:

2. Կարգավորման ենթակա խնդիրը.

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է.

- սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը եւ դրա հետեւանքները.

- սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը.

- սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու առանձնահատկությունները:

3. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերի նպատակն է ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաեւ ոլորտի գործունեություն կրիտիկական կարեւորությունը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Խմբակցության որոշում 

Գրություն