Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 3-րդ կետում «դրոշմապիտակների» բառից հետո լրացնել «կամ նույնականացման միջոցների» բառերը,
2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման ճշտությունը.»:
Հոդված 2. Օրենսգիրքի 381-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ եւ 19-րդ կետեր.
«18) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
19) նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների):»,
2) 3-րդ մասից հետո լրացնել նոր 3.1-ին եւ 3.2-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ՝
«3.1. Բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքերի՝ հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են hսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ այդ նույնականացման միջոցները սկանավորելու եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տպագրելու միջոցով:
3.2. Կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը իրականացվում է էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 3. Օրենսգիրքի 396.1-ին հոդվածի 1-ին մասում «համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով» բառերից հետո լրացնել «(Օրենսգրքում՝ նաեւ նույնականացման միջոցներով)» բառերը:
Հոդված 4. Օրենսգիրքի 416-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 416.1-ին հոդված՝
«Հոդված 416.1. Նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելը կամ փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելը
1. Յուրաքանչյուր նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 300 հազար դրամը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումը երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը:
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:»:
Հոդված 5. Օրենսգիրքի 419-րդ հոդվածի՝
1) 9-րդ մասից հանել «համալիր», «կամ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության» եւ «կամ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության նախագծի» բառերը,
2) 11-րդ մասում «հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության» բառերը փոխարինել «թեմատիկ հարկային ստուգման ակտի» բառերով:»:
Հոդված 6. Օրենսգիրքի 424-րդ հոդվածի՝
1) վերնագրում «դրոշմապիտակներով» բառից հետո լրացնել «կամ նույնականացման միջոցներով» բառերը,
2) 1-ին մասում «գրանցումներին» բառերից հետո լրացնել «կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոններին» բառերը:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: