Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն) 75-րդ հոդվածում`
1) առաջին եւ երկրորդ մասերում «հանցանքը կատարելու» բառերը փոխարինել «հանցանքն ավարտված համարելու» բառերով.
2) երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տեւող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելու, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելու պահից».
3) առաջին եւ չորրորդ մասերում «հանցանք կատարելու» բառերը փոխարինել «հանցանքն ավարտված համարելու» բառերով.
4) երրորդ մասում «հանցանքի կատարման» բառերը փոխարինել «հանցանքի ավարտված համարելու» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման կանոնները վերանայելու անհրաժեշտությամբ:
Իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես տեւող եւ շարունակվող հանցագործությունների դեպքերում տեղ են գտել գործող օրենքի անկատարությամբ պայմանավորված վաղեմության ժամկետների հաշվարկման ոչ միատեսակ մոտեցումներ, ինչը, բնականաբար, պահանջում է խնդրի հստակ օրենսդրական կարգավորում:
Վաղեմության ժամկետների հաշվարկման առաջարկվող նոր ընդհանուր կանոնը, ըստ որի վաղեմության ժամկետը հաշվվում է հանցանքն ավարտված համարելու, այլ ոչ թե դրա կատարման օրվանից, բովանդակում է առավել ճիշտ եւ միատեսակ մոտեցում հանցագործությունների, այդ թվում` նյութական հանցակազմ ունեցող հանցագործությունների կապակցությամբ վաղեմության ժամկետների հաշվարկման հարցում:
Միաժամանակ, տեւող եւ շարունակվող հանցագործությունների առնչությամբ վաղեմության ժամկետների հաշվարկման հատուկ օրենսդրական կանոններ սահմանելու անհրաժեշտությունից ելնելով առաջարկվում է քրեական օրենսգրքում ամրագրել, որ տեւող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելու, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելու պահից:
Քրեական հետապնդման վաղեմության ժամկետների կիրառման հետ կապված եվրոպական պետությունների քրեական օրենսդրությունների վերլուծությունը նույնպես վկայում է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը առավել ընդունելի է եւ հիմնավոր: